«Ինձ ամբողջ կյանքում անհավանականորեն ձգել են մարդիկ՝ ներքին ցավով». լուսանկարիչ Իրինա Բոլգովան՝ մարդու ներաշխարհի, լուսանկարչության և Հայաստանի մասին

12:13   13 սեպտեմբերի, 2026

Լուսանկարը կարող է պարզապես գեղեցիկ լինել։ Բայց իսկապես ուժեղ է դառնում այն ժամանակ, երբ կադրի հետևում մարդ է մնում՝ իր հայացքով, բնավորությամբ, ներքին պատմությամբ և այն զգացողություններով, որոնք երբեմն հնարավոր չէ բառերով արտահայտել։

Լուսանկարիչ Իրինա Բոլգովայի համար լուսանկարչությունը ոչ միայն մասնագիտություն է, այլև մարդու հետ անկեղծ երկխոսության ձև։ Նա չի փորձում պարզապես ստեղծել գեղեցիկ կերպար։ Նրա համար կարևոր է տեսնել մարդուն՝ արտաքինից այն կողմ, բացահայտել նրա անհատականությունը և որսալ ամենակարևորը՝ անկեղծ հայացքը։

Իրինային հատկապես ձգում են մարդիկ, որոնց մեջ կա ներքին ցավ՝ այն ցավը, որը աչքերով չես տեսնի։ Նրա համար այդ հանդիպումները երբեմն վերածվում են այնպիսի պահի, երբ հաջողվում է «ճեղքել պատը», գտնել ու դիպչել մարդու սրտին։

богол.jpg (92 KB)

Հայաստանը ևս Իրինայի համար դարձել է բացահայտումների տարածք։ Նա Երևանին նայում է սիրահարված աչքերով և ամեն օր փորձում է տեսնել այն, ինչ մենք՝ այստեղ ապրողներս, հաճախ այլևս չենք նկատում։

Այս զրույցում Իրինա Բոլգովան պատմում է լուսանկարչության իր ընկալման, մարդկանց, ներքին ցավի, անկեղծ հայացքի, Երևանի և այն մասին, թե ինչու է պետք ոչ միայն սիրել սեփական քաղաքն ու երկիրը, այլև նորից սիրահարվել դրանց։

Ձեր պատմություններում հաճախ զգացվում է ոչ միայն կերպար ստեղծելու, այլև ինչ-որ պատմություն պատմելու ցանկությունը։ Ի՞նչ եք փնտրում կադրում՝ գեղեցկությո՞ւն, զգացմո՞ւնք, մարդու պատմությո՞ւն, թե՞ այն պահը, որն այլևս հնարավոր չէ կրկնել։

Լուսանկարչությունն ինձ համար ինտիմ տարածք է։ Դա անկեղծ երկխոսություն է լուսանկարչի և նրա հերոսի միջև։ Այնտեղ մուտքը միայն մեկի համար է։

Ես ի սկզբանե հասկացել էի, որ ուզում եմ և պետք է մարդկանց լուսանկարեմ՝ դիմանկարներ անեմ։ Ինչպես արդեն մեկ անգամ չէ, որ ասել եմ, այդպես եմ արտահայտում իմ սերը մարդկության հանդեպ։

Ինձ համար լուսանկարչությունը յուրատեսակ մանիֆեստ է։ Դա սիրո խոստովանություն է և սիրելու կոչ։

Լուսանկարը պետք է զգացմունքներ առաջացնի, հուզի, դրդի զգալ, ստեղծել և պատմություն պատմել։ Եվ այս ամենի ամենագեղեցիկ կողմն այն է, որ այդ պատմությունը երբեք չի ավարտվում։

богол1.jpg (35 KB)

Ինձ համար կարևոր է, որ լեզուն, որով ես խոսում եմ, լինի պարզ և հասկանալի։ Այդ պատճառով իմ լուսանկարներում չկան բարդ, ցուցադրական գեղարվեստական հնարքներ ու գլուխկոտրուկներ։ Այդ ամենը շեղում է գլխավորից և ուշադրությունը բովանդակությունից տեղափոխում ձևի վրա։

Բայց կենտրոնում միշտ պետք է մնա հերոսը և նրա աշխարհը։

Ձեր աշխատանքում ի՞նչն է ավելի կարևոր՝ լույսը, գույնը, մարդու կերպա՞րը, թե՞ այն զգացողությունը, որը փոխանցում է լուսանկարը։

Կենտրոնում միշտ մնում է մարդը։

Լույսը, գույնը, նկարահանման անկյունը, վայրը լրացուցիչ միջոցներ են, առանց որոնց հնարավոր չէ հասնել անհրաժեշտ ազդեցությանը։ Այս ամենը միասին «աշխատում է» հերոսի համար՝ այն բանի համար, թե ինչպիսին եմ նրան ցույց տալիս և ինչ կողմից եմ ցանկանում ցույց տալ։

богол2.jpg (59 KB)

Երբ լուսանկարչի աչքերով եք նայում Հայաստանին, ի՞նչն է ամենից շատ գրավում Ձեր ուշադրությունը։

Ես միշտ սիրահարված աչքերով եմ նայում Հայաստանին։

Սա իմ քաղաքն է՝ մինչև ոսկորներս։ Ուր էլ գնամ, աչքերս միշտ փնտրում են և ամեն անգամ նոր ու հետաքրքիր բան են գտնում։ Այդ բացահայտումները բառացիորեն տեղի են ունենում ամեն օր։

Եվ ես շատ եմ հույս ունենում, որ այդպես միշտ կլինի։

Հայաստանում կա՞ որևէ բնապատկեր, փողոց, քաղաք կամ վայր, որը ցանկանում եք կրկին ու կրկին լուսանկարել և որից մինչ օրս չեք հոգնել։

Կան վայրեր, որոնք մեզ հուզականորեն կապում են անցյալի ու հիշողությունների հետ։ Սա յուրատեսակ նոստալգիա է։

Այդ վայրերը նաև պայմանավորում են մեր գոյությունը․ մենք այստեղ ենք եղել, այստեղ ենք ապրել՝ սիրահարվել, հանդիպել, ծանոթացել, շփվել, ստեղծագործել, բաժանվել։

Երևանում ինձ համար այդպիսի վայրեր են «Փարիզյան» սրճարանը, Կոմիտասի «Սպորտային դպրոց» կանգառը, Մոլոկանների այգին, «Մոսկվա» կինոթատրոնը։

богол3.jpg (89 KB)

Բայց դրանք լուսանկարչության հետ կապ չունեն։ Դրանք ինձ հետ կապ ունեն։ Սա անձնական է։

Եթե խոսենք հենց լուսանկարչության մասին, ապա ինձ համար այդպիսիք են Սարյան և Բաղրամյան փողոցները, համեստ ու աննկատ բակերն ու նրբանցքները, որոնք աչքի չեն ընկնում ո՛չ գեղեցկությամբ, ո՛չ հարուստ ճարտարապետությամբ, բայց դրանցում կա իսկական, համեստ բակային կյանքի ոգին։

Առանց այդպիսի փողոցների ես Երևանը չեմ պատկերացնում։

Եվ, իհարկե, Սևանն իր շրջակայքով։ Սևանը կարող եմ անվերջ լուսանկարել։

Երբ աշխատում եք մարդու հետ, փորձում եք նրան ցույց տալ այնպիսին, ինչպիսին նա կա՞, թե՞ ստեղծում եք այն կերպարը, որը ինքներդ եք տեսնում նրա մեջ։

Յուրաքանչյուր արվեստագետ ինքնարտահայտվում է իր ստեղծագործության միջոցով։ Բայց միևնույն ժամանակ ստեղծագործությունն օգնում է նրան հաղթահարել ներքին ապրումները, իր վիճակը, դուրս գալ ներսից և չթաքնվել։ Արտահայտվել այն միջոցներով, որոնք իրեն հարմար են՝ այն միջոցներով, որոնք հենց իրեն են համապատասխանում։

богол6.jpg (142 KB)

Այդ պատճառով մենք բոլորս այդքան տարբեր ենք և միմյանցից չնմանվող՝ այն ամենում, ինչ անում ենք։

Ես ինձ գտնում եմ իմ հերոսների մեջ և վաղուց արդեն ինձ համար որոշել եմ, թե ով և ինչն է ինձ հետաքրքրում լուսանկարել, երբ խոսքը ստեղծագործության մասին է։ Առանց այդ «հպման» այստեղ հնարավոր չէ։

Ինձ ամբողջ կյանքում անհավանականորեն ձգել են և շարունակում են ձգել մարդիկ՝ ներքին ցավով, այն ցավով, որը աչքերով չես տեսնի։

Ինձ հետաքրքիր չէ պարզապես գեղեցիկ դիմանկար ստեղծելը։ Ինձ համար կարևոր է արտացոլել նրա անհատականությունը և որսալ ամենակարևորը՝ անկեղծ հայացքը։

Երբ դա տեղի է ունենում, ես մանկական հրճվանք եմ ապրում այն զգացումից, որ ամեն ինչ ստացվել է։

Ստացվել է ճեղքել պատը, գտնել ու դիպչել նրա սրտին։

Դուք Հայաստան եք եկել մեկ այլ երկրից։ Ի՞նչ եք այստեղ նկատում, որոնք մենք գուցե չենք տեսնում։

Լավ հարց է։

Ես հաճախ ստանում եմ նման մեկնաբանություններ․ «Սա ի՞նչ տեղ է», «Որտե՞ղ է սա», «Սա Հայաստանում է՞»։

Եվ այդպիսի վայրեր շատ հաճախ լինում են ամենասովորական տեղերում՝ վայրեր, որոնք մեզ շատ ծանոթ են, փողոցներ, որոնցով հարյուր անգամ անցել ենք։

богол7.jpg (98 KB)

Կարծում եմ՝ սա «մաշված հայացքի» էֆեկտն է, երբ ամեն ինչ, ինչ սովորական է դարձել, դառնում է առօրյա և աննկատ։

Բայց ես Հայաստանին այլ կերպ եմ նայում։ Ամեն օր, երբ դուրս եմ գալիս տնից, նրան նայում եմ այնպես, կարծես առաջին անգամ եմ տեսնում։

Վերջերս ես և իմ ընկերուհին ստեղծագործական նախագիծ էինք նկարահանում՝ «Մենք՝ Կոնդ»։

Սա պատմություն է Երևանի ամենահին թաղամասերից մեկի մասին, ուր տեղացիները գրեթե չեն մտնում։ Հիմնականում այնտեղ զբոսաշրջիկների համար էքսկուրսիաներ են անցկացվում, որոնց աչքում այդ թաղամասը ոչ թե լքված վայր է, այլ պատմություն, մշակույթ և յուրահատուկ կոլորիտ ունեցող տարածք՝ այստեղ պահպանված հայկական կենցաղով։

Ես ուզում էի ոչ միայն պատմել այդ վայրի պատմությունը, այլև կենդանացնել այն։ Ցույց տալ, թե որքանով է այն արտացոլում մեզ, ցույց տալ, որ բոլորս նույն ցեղից ենք։

Իսկ որոշ ժամանակ անց նկատեցի, որ լուսանկարիչներն ու տարբեր լրատվամիջոցներ սկսեցին հրապարակել Կոնդում արված լուսանկարները։

богол8.jpg (117 KB)

Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մշակույթը հնարավոր է տարածել լայն շրջանակներում նաև սեփական ստեղծագործության միջոցով։ Հնարավոր է մարդկանց դրդել ընդլայնելու սեփական հորիզոնները և նկատելու այն, ինչ առաջին հայացքից թվում է աննկատ և ոչ այնքան գրավիչ։

Երևանում, Հայաստանում, պատմություններ կան ամեն անկյունում, յուրաքանչյուր քարի մեջ, յուրաքանչյուր սանտիմետրում։

Պետք է պարզապես սկսել սիրել սեփական քաղաքն ու հողը ԱՆՊԱՅՄԱՆ։

Ոչ միայն սիրել, այլև նորից սիրահարվել։

Եվ ուրիշներին էլ սիրահարված դարձնել նրան։

Երբ լուսանկարում եք հայերին, ի՞նչն է Ձեզ ամենից շատ հետաքրքրում նրանց կերպարի, բնավորության կամ արտաքինի մեջ։

Ես մարդկանց չեմ բաժանում ազգային պատկանելության սկզբունքով։

Հայերի մեջ, ինչպես և բոլոր մարդկանց մեջ, ինձ միշտ հետաքրքրելու է մարդը և նրա աշխարհը։

богол9.jpg (92 KB)

Ձեր լուսանկարների շարքում կա՞ այնպիսի աշխատանք, որի պատմությունը Ձեզ համար ավելի կարևոր է, քան հենց լուսանկարի տեսողական կողմը։

Ձմռանը մասնակցեցի մրցույթի, որը կազմակերպել էր իմ սիրելի լուսանկարչական լաբորատորիան՝ Karmir-ը։

Մրցույթի թեման էր՝ «Ինչպիսի՞ն է ժամանակակից Հայաստանը»։

Թերևս այդ լուսանկարներում կադրի «մաքրությունն» ինձ ամենաքիչն էր անհանգստացնում։ Ավելի կարևոր էր փոխանցել գեղագիտությունը, բովանդակությունն ու այն զգացմունքները, որոնք առաջացրել էին այդ լուսանկարները։

Հուսով եմ՝ ինձ դա հաջողվել է։

богол10.jpg (79 KB)

Ո՞ւմ հետ էր Ձեզ համար հատկապես հաճելի աշխատել։

Չէի ցանկանա որևէ մեկին առանձնացնել։

Բոլոր նրանք, ում լուսանկարել եմ և որոնց հետ աշխատել եմ, իմ ստեղծագործական և մասնագիտական կյանքի մասն են։

Կան մարդիկ, որոնց մեկից ավելի անգամ եմ լուսանկարել։ Նրանց հետ ժամանակի ընթացքում ձևավորվել է առանձնահատուկ կապ, մտերմություն։

Սա այն դեպքն է, երբ ստեղծագործությունն աստիճանաբար տեղափոխվում է կյանք։

Ձեր էջում մենք կանանց տեսնում ենք ամենատարբեր կերպարներով՝ ուժեղ, նուրբ, համարձակ, խորհրդավոր։ Ի՞նչ եք փնտրում կնոջ մեջ, երբ լուսանկարում եք նրան։

Հայացքը։



© NEWS.am STYLE