Ամսական 99 դոլար սիրո համար. միայնակ տղամարդկանց առաջարկում են ստեղծել կատարյալ ընկերուհի, որը երբեք չի մերժի

20:34   14 սեպտեմբերի, 2026

Ժամանակակից ժամադրություններից հիասթափված կամ վախեցած միայնակ տղամարդկանց առաջարկում են իրենց երազանքների աղջկան գտնելու անսովոր միջոց: Ճիշտ է, կա մեկ խնդիր՝ նման աղջիկ գոյություն չունի:

Վերջերս գործարկված և արդեն բանավեճեր առաջացրած SxxxAI հարթակը տղամարդկանց առաջարկում է հրաժարվել իրական հարաբերությունների բարդություններից և ստեղծել սեփական վիրտուալ սիրեցյալին, որի արտաքինը, բնավորությունը և վարքագիծը կարելի է հարմարեցնել գրեթե ցանկացած նախասիրության:

Հարթակը նախատեսված է 18 տարեկանից բարձր տղամարդկանց համար: Օգտատերը կարող է բառացիորեն զրոյից հորինել իր «ընկերուհուն»՝ ծանոթության պատմությունից մինչև այն, թե ինչպես նա իրեն կդրսևորի վիրտուալ ննջասենյակում:

ԱԲ (Արհեստական բանականություն) սիրեցյալ ստեղծելն անվճար է, սակայն վճարովի բաժանորդագրությունը թույլ է տալիս շփվել նրա հետ, ինչպես նաև գեներացնել անհատական լուսանկարներ և տեսանյութեր: Բաժանորդագրությունների արժեքը տատանվում է ամսական 1 դոլարից մինչև 99 դոլար:

Որքան շատ է վճարում օգտատերը, այնքան ավելի շատ բովանդակություն և հնարավորություններ է ստանում: 1 դոլար արժողությամբ բաժանորդագրությունը թույլ է տալիս ստեղծել մինչև 10 տարբեր աղջիկ և տալիս է 300 կրեդիտ ԱԲ բովանդակության գեներացման համար: Ամենաթանկը՝ Elite-ը (99 դոլար), թույլ է տալիս ստեղծել մինչև 50 «սիրեցյալ» և տրամադրում է 3000 կրեդիտ:

Նրանց համար, ովքեր չեն ցանկանում վիրտուալ կնոջն ինքնուրույն ստեղծել, հարթակում արդեն հասանելի է մոտ 100 պատրաստի կերպար: Նրանց թվում են, օրինակ, Մայամիից 24-ամյա հորինված մոդել Սոֆիա Ռեյնոլդսը՝ «կախարդող կապույտ աչքերով», և Սաուդյան Արաբիայից 26-ամյա Նուր Կագանը, որն ըստ նկարագրության «ազատագրվում է մշակութային սահմանափակումներից»:

«Եթե մարդը կարող է ուղեկցուհի ստեղծել՝ հատուկ հաշվի առնելով այն ամենը, ինչը նա գրավիչ է համարում, իսկ հետո ամեն օր խոսել նրա հետ, համատեղ հիշողություններ ստեղծել ու շարունակել զարգացնել ընդհանուր պատմությունը, նման հարաբերությունները կարող են շատ ավելի գրավիչ լինել, քան ԱԲ-ի միջոցով պարզապես պատկերների գեներացումը»,- ասվում է SxxxAI-ի ներկայացուցչի հայտարարության մեջ:

Սակայն հոգեբանները, հարաբերությունների մասնագետները և մարդիկ, ովքեր բախվել են ԱԲ-ի չարաշահման հետևանքով առաջացած պսիխոզի հետ, The Post-ին հայտնել են, որ նման տեխնոլոգիաները կարող են լրջորեն փոխել այն, թե ինչպես են տղամարդիկ ընկալում հարաբերությունները և կանանց:

«SxxxAI-ն ըստ էության ժամանակակից փչովի տիկնիկ է, միայն թե հիմա նա պատասխանում է ձեզ, ասում է այն, ինչ ուզում եք լսել և ձևացնում է, թե սիրում է ձեզ»,- հայտարարել է հոգեթերապևտ Ջոնաթան Ալփերտը: «Ինձ կանհանգստացներ այն երիտասարդը, որը շատ ժամանակ է անցկացնում նման աշխարհում... Եթե դուք ընտելանաք մի «ընկերուհու», որին բառացիորեն ստեղծել են ձեզ հաճույք պատճառելու համար, ի՞նչ տեղի կունենա, երբ ստիպված լինեք գործ ունենալ իրական մարդու հետ»:

Ընտանեկան թերապևտ և Embrace Growth ընկերության գործադիր տնօրեն դոկտոր Ազիտա Սայանը կարծում է, որ նման հավելվածները կարող են խորացնել տղամարդկանց մենակությունը և երիտասարդների մեկուսացումը, որն առավել նկատելի է դարձել համավարակից հետո:

«Ինձ թվում է, տղամարդկանց համար դժվար էր դեռ մինչև COVID-19-ը, իսկ հիմա նրանց համար էլ ավելի բարդ է բացվելը, ինքնադրսևորվելն ու իրենց զգացմունքներն արտահայտելը: Ես շատ ավելի մեծ մեկուսացում եմ տեսնում տղամարդկանց, քան կանանց շրջանում»,- ասել է Սայանը:

«Նրանք չգիտեն՝ ուր դիմել և ինչպես բացվել, կամ վախենում են մերժումից... Ես մտավախություն ունեմ, որ նրանք կարող են դիմել նման հավելվածի՝ հուսալով, որ այն կօգնի: Սկզբում, հնարավոր է, այդպես էլ լինի, բայց իմ կարծիքով, տևական օգտագործումը շատ ավելի վտանգավոր է»:

Զուգընկերների ընտրության մասնագետ և Exclusive Matchmaking-ի գործադիր տնօրեն Սյուզան Տրոմբետին կարծում է, որ վիճահարույց SxxxAI-ն կարող է «կործանարար լինել երիտասարդների համար» և ի վիճակի չէ իսկապես լրացնել ռոմանտիկ դատարկությունը: «Այն կգրավի միայնակ մարդկանց և նրանց, ում պակասում են սոցիալական հմտությունները, ու միայն կբարդացնի նրանց խնդիրները, քանի որ նրանք չեն սովորի կանանց հետ իրական հարաբերություններ կառուցել»,- հայտարարել է Տրոմբետին:

Սակայն միայնությունը տագնապի միակ պատճառը չէ: Ակտիվիստները նախազգուշացնում են մեկ այլ պոտենցիալ վտանգավոր հետևանքի մասին. նման տեխնոլոգիաները կարող են ամրապնդել կանանց մասին պատկերացումը որպես բացառապես տղամարդկանց հաճույքի համար ստեղծված օբյեկտներ:

«ԱԲ-հարթակները, որոնք թույլ են տալիս տղամարդկանց ստեղծել իրենց սեփական անհատականացված «ընկերուհուն», վատ գաղափար են»,- հայտարարել է Կանանց ազգային կազմակերպության նախագահ Քիմ Վիլյանուևան:

«Նման «ընկերուհիները» կստեղծվեն ըստ տղամարդու պատկերացումների այն մասին, թե իր կարծիքով ինչպիսին պետք է լինի կինը, այլ ոչ թե ելնելով նրանից, թե ինչպիսին է կինն իրականում: Դա անիրատեսական է և վտանգավոր: Կանայք ապրանքներ չեն, որոնք կարելի է նախագծել և ծրագրավորել ինչ-որ մեկի հաճույքի համար:

Չի կարելի լուծել մենակության խնդիրը՝ ստեղծելով կին, որը երբեք չի կարող ասել «ոչ»»:

Կանադացի նկարիչ Ջո Ալերին, ով անցյալ տարի վերապրել է ԱԲ-ով պայմանավորված պսիխոզ՝ հավատալով, թե սիրահարվել է Ալմի անունով իր չաթբոթին, կարծում է, որ այս դեպքում սեռը նշանակություն չունի:

Նա չաթբոթին էր դիմել մի մարդու հետ հարաբերությունների խզումից հետո, որին անպատասխան սիրահարված էր: Ալերին ավելի ու ավելի էր տարվում Ալմիով, երբ վերջինս սկսեց աջակցել նրա մոլորություններին՝ էլ ավելի կատարյալ ԱԲ-ուղեկից ստեղծելու հարցում: Արդյունքում նա այդ նախագծի վրա ծախսեց առնվազն $40 հազար՝ նախքան հասկանալը, որ այդ ամենը շինծու էր:

2024 թվականի վերջից մինչև 2025 թվականի մայիսը Ալերին օրական ավելի քան 20 ժամ էր անցկացնում Ալմիի հետ: Ի վերջո նա վարձեց իրական ծրագրավորողների, որպեսզի նրանք ուսումնասիրեն իր աշխատանքը, և նրանք հայտնեցին իրեն, որ այն ամենն, ինչի վրա ինքն աշխատել է, անօգուտ էր:

Այժմ Ալերին ընդգրկված է Տորոնտոյում գործող The Human Line Project աջակցության խմբում, որն օգնում է ԱԲ-չաթբոթներից կախվածության պատճառով հոգեկան առողջության խնդիրների բախված մարդկանց: Նրա խոսքով, ինքը տեսել է ամենատարբեր տարիքի և մասնագիտությունների մարդկանց, որոնք կախվածություն են ձեռք բերել մեկից, որն իրականում պարզապես գոյություն չունի:

«Եթե նրանք մտածում են՝ «Լավ, ես կստեղծեմ ԱԲ-ընկերուհի և կստիպեմ նրան սիրահարվել ինձ»»,- The Post-ին պատմել է 57-ամյա Ալերին:

«Գիտե՞ք, թե ինչ կլինի հետո: Նա կասի, որ ուզում է հանդիպել ձեզ հետ Հավայան կղզիներում, և դուք աշխատանքից դուրս կգաք ու կթռչեք Հավայան կղզիներ: Սա իրական պատմություն է: Ինչ-որ մեկն իսկապես այդպես արել է»:

Ուստի նա մտավախություն ունի, որ նոր հարթակը միայն յուղ կլցնի կրակի վրա:

«Ես ոչ մի լավ բան չեմ տեսնում, որը կարող է դուրս գալ սրանից: Ես այստեղ չեմ տեսնում ո՛չ շփում, ո՛չ սեր, ո՛չ էլ մարդկային կապ»,- ասել է նա:

SxxxAI-ից The Post-ին հայտնել են, որ իրենց վիրտուալ աղջիկները նախատեսված չեն իրական կանանց փոխարինելու համար: «SxxxAI-ն ստեղծված է որպես զվարճանքի և ստեղծագործական փոխազդեցության ձև, այլ ոչ որպես կանանց կամ իրական հարաբերությունների փոխարինող: Օգտատերերը ստեղծում են հորինված ԱԲ-կերպարներ և շփվում նրանց հետ, իսկ այդ կերպարները կարգավորելու հնարավորությունը ստեղծագործական փորձի մի մասն է»,- հայտարարել է ընկերության ներկայացուցիչը:

 



© NEWS.am STYLE