50 հազար դոլար՝ ապագա կնոջ համար. տղամարդը պրոֆեսիոնալ խնամախոս է վարձել ու յոթ ամիս անց ամուսնության առաջարկություն արել

21:21   14 սեպտեմբերի, 2026

Հնարավո՞ր է արդյոք սեր գնել 50 հազար դոլարով: 45-ամյա Ռիչարդը որոշել է դա ստուգել սեփական փորձով: Ամուսնալուծությունից հետո նա հոգնել էր հավելվածների միջոցով անվերջանալի ժամադրություններից և իր անձնական կյանքը վստահել էր պրոֆեսիոնալ խնամախոսին: Արդյունքը տպավորիչ էր. ապագա կնոջ հետ ծանոթությունից յոթ ամիս անց տղամարդը նրան ամուսնության առաջարկություն է արել:

Հենց պրոֆեսիոնալ խնամախոս Սամիիրա Սալիվանն էր, որ մի անգամ Ռիչարդի հետ զրույցը սկսեց հետևյալ խոսքերով. «Ես գտել եմ այն մարդուն, ում հետ դուք ի վերջո միասին եք լինելու»: Նա իրավացի էր: Այդ անձը Թիֆանին էր, որը հետագայում դարձավ Ռիչարդի կինն ու նրա երեխայի մայրը:

Արդյունքում Ռիչարդն իր վճարած մոտ 50 հազար դոլարով ոչ այնքան երաշխավորված սեր ստացավ, որքան՝ որակյալ ծանոթություններ, ժամանակի խնայողություն և խնամքով ընտրված պոտենցիալ զուգընկերուհիներ: Men’s Journal-ին տված հարցազրույցում նա պատմել է, թե ինչու է որոշել իր անձնական կյանքը բառացիորեն «աութսորսի» հանձնել այլ մասնագետների ու թե ինչու այսօր նորից նույն կերպ կվարվեր:

Իր առաջին կնոջ հետ Ռիչարդը ծանոթացել էր գրեթե 20 տարի առաջ՝ այն ժամանակ, երբ Tinder-ը նոր-նոր էր սկսում հանրային ճանաչում ձեռք բերել: Ուստի 43 տարեկանում ամուսնալուծվելուց հետո նա ստիպված էր առաջին անգամ սեր փնտրել մի աշխարհում, որտեղ ծանոթությունները գրեթե անքակտելիորեն կապված են հավելվածների հետ:

Նա փորձեց այդ ձևաչափը: «Ես գրանցվեցի հավելվածներում և մի քանի ամիս պարզապես ժամադրությունների էի գնում»,- հիշում է տղամարդը: Բայց շուտով նրան հոգնեցրին պատահական հանդիպումներն ու այն օգտատերերը, ովքեր իրենց ուրիշի տեղ էին դնում: «Ես վերջապես պատրաստ էի ավելի լուրջ բանի»,- ասում է նա:

Ռիչարդն ուներ սեփական բիզնես, առաջին ամուսնությունից ծնված երեխա, որի նկատմամբ համատեղ խնամակալություն էր սահմանված: Ուստի նա առավել ևս չէր ցանկանում ժամանակ վատնել անիմաստ ժամադրությունների վրա:

Սկզբում տղամարդը դիմեց ավելի մատչելի ծառայություններ մատուցող միջնորդի: Վերջինս նրան ծանոթացրեց մի քանի կանանց հետ. բոլորն էլ հետաքրքիր էին, գրավիչ և, թվում էր, համապատասխանում էին իրեն: Բայց նրանցից ոչ մեկը չդարձավ «այն միակը»: Շուտով գործակալության հնարավոր թեկնածուների ցանկը սպառվեց. մի խնդիր, որը, ինչպես նշում է պարբերականը, բնորոշ է ծանոթությունների փոքր գործակալություններին:

Այնուամենայնիվ, այս փորձը Ռիչարդին համոզեց, որ պրոֆեսիոնալ խնամախոսն իսկապես կարող է իրեն համապատասխանող տարբերակ լինել: «Այդ ծանոթությունների որակն ուղղակի անհավանական էր»,- խոստովանում է նա:

Հաջորդ ընտրությունը Սամիիրա Սալիվանն էր՝ իր մոտ 50 հազար դոլար արժողությամբ ծառայություններով:

Իսկ ի՞նչ է ստանում այն հաճախորդը, որը սեր գտնելու համար հնգանիշ գումար է վճարում: Նախ և առաջ՝ շատ ավելի մանրակրկիտ ընտրություն, քան կարող են առաջարկել ծանոթությունների հավելվածների ֆիլտրերը:

Սալիվանի աշխատանքը սկսվում է 45 րոպեանոց խորհրդատվությունից: Նա պարզում է, թե հաճախորդն ում է ցանկանում տեսնել իր կողքին, ինչպիսի կանայք են նրան գրավում և ինչու, չնայած այդ նախասիրություններին, նրան մինչև հիմա չի հաջողվել համապատասխան զուգընկերուհի գտնել:

Խնամախոսը հարցուփորձ է անում ամեն ինչի մասին՝ ընտանեկան ծագման, ապրելակերպի, քաղաքական հայացքների ու կրոնի, նախկին հարաբերությունների և երեխաներ ունենալու ցանկության մասին:

Զրույցից հետո հաճախորդն ուղարկում է այն մարդկանց լուսանկարները, որոնց համարում է ֆիզիկապես գրավիչ: Սալիվանը վերլուծում է դրանք և փորձում օրինաչափություններ գտնել, թե կոնկրետ ինչպիսի արտաքին գծեր են գրավում տղամարդուն:

Պայմանագիրը կնքելուց հետո աշխատանքին միանում է մի ամբողջ թիմ՝ քոփիրայթերներ, ոճաբաններ, լուսանկարիչներ և հարաբերությունների մասնագետներ: Նրանք օգնում են կազմել ծանոթությունների հարցաթերթիկ, ոճի վերաբերյալ խորհուրդներ են տալիս, կազմակերպում ֆոտոշարքեր և խորհրդատվություն տրամադրում հարաբերությունների հարցերով: Հաճախորդներն անցնում են նաև անհատականության առանձնահատկությունների և կապվածության տեսակի թեստեր, որպեսզի մասնագետներն ավելի լավ հասկանան, թե մարդն ինչպես է ռոմանտիկ հարաբերություններ կառուցում և շփվում զուգընկերների հետ:

Այնուհետև սկսվում է բուն զույգի որոնումը: Սալիվանը հաճախորդին առաջարկում է պոտենցիալ զուգընկերուհիների հարցաթերթիկներ այն բազայից, որտեղ կա արդեն ավելի քան 20 հազար կին: Ի տարբերություն ծանոթությունների հավելվածների՝ նրանք բոլորը նախապես ստուգում ու հարցազրույց են անցել, որի ընթացքում մասնագետները պարզել են նրանց հարաբերությունների պատմությունը, նախասիրություններն ու վարքագծի առանձնահատկությունները, որոնք կարող են ազդել համատեղելիության վրա:

Խնամախոսը հաճախորդի հետ միասին ուսումնասիրում է թեկնածուներին: Եթե կինը հետաքրքրված է տղամարդով, և համակրանքը փոխադարձ է, նրանք անձնական հանդիպում են կազմակերպում:

Ռիչարդի դեպքում ամեն ինչ տեղի ունեցավ շատ ավելի արագ, քան կարելի էր ակնկալել:

Նրա՝ մոտ 50 հազար դոլար արժողությամբ փաթեթը ներառում էր մեկ տարվա անսահմանափակ քանակությամբ ծանոթություններ, սակայն գործնականում այդ ամենը նրան պետք չեկավ:

«Նախքան Ռիչարդին գոնե մեկ ժամադրության ուղարկելը, ես արդեն գտել էի նրան, ում հետ նա կամուսնանար»,- պատմում է Սալիվանը:

Սակայն նա անմիջապես չծանոթացրեց նրանց. «Ես ուզում էի, որ նա մի փոքր վարժվի ժամադրությունների գնալուն»,- բացատրում է խնամախոսը: Ի վերջո, ապագա կնոջ վրա առաջին տպավորությունը կարելի է թողնել միայն մեկ անգամ:

Սկզբում Սալիվանը Ռիչարդին ծանոթացրեց երկու այլ կանանց հետ: Երկուսն էլ հիանալի զրուցակիցներ դուրս եկան, իսկ առաջին ժամադրություններն անցան անհամեմատ ավելի լավ, քան հավելվածներից գտած կանանց հետ հանդիպումները:

Իսկ հետո հայտնվեց Թիֆանին: Սալիվանը նրանց համար սեղան էր ամրագրել ռեստորանում: «Մենք չէինք կարողանում կտրվել զրույցից: Խոսեցինք հինգ ժամ և արդյունքում մնացինք մինչև ռեստորանի փակվելը»,- հիշում է Ռիչարդը:

Երեք օր անց նրանք գնացին երկրորդ ժամադրության, և դրանից հետո իրադարձությունները սկսեցին սրընթաց զարգանալ:

Հարաբերությունները սկսելուց երեք ամիս անց Ռիչարդն ու Թիֆանին մեկնեցին իրենց առաջին համատեղ ճամփորդությանը: Չորս ամիս անց տղամարդն իր նախկին կնոջ հետ արդեն քննարկում էր Թիֆանիին իրենց երեխայի հետ ծանոթացնելու հարցը: Իսկ յոթ ամիս անց նրանք նշանվեցին:

Այսօր նրանց հարաբերությունների սկզբից անցել է երկու տարի: Ռիչարդն ու Թիֆանին ամուսնացած են, համատեղ ղեկավարում են մի մարզասրահ և մեծացնում են իրենց ընդհանուր երեխային:

Արդյո՞ք արժեին խնամախոսի 50 հազար դոլար արժողությամբ ծառայությունները:

Ինքը՝ Ռիչարդը, պատասխանում է միանշանակ՝ այո:

«Կասկած չկա, որ 50 հազար դոլարը հսկայական գումար է ծանոթությունների համար»,- խոստովանում է նա: Բայց մատին ամուսնական մատանիով, գրկում երեխա ու դեմքին ժպիտ՝ տղամարդն այդ գումարը համարում է արդարացված ծախս:

Ընդ որում, Սալիվանն ընդգծում է, որ երբեք հաճախորդներին սեր չի երաշխավորում:

«Ես երբեք ոչինչ չեմ երաշխավորում: Դա էթիկապես սխալ կլիներ»,- ասում է նա:

Նրա խոսքով՝ ինքը կարող է երաշխավորել միայն որակյալ ծանոթություններ ունենալու հնարավորությունը:

 



© NEWS.am STYLE