Գինով և ոստրեներով մարաթոն. Ֆրանսիայի ամենախենթ վազքարշավը

22:22   14 սեպտեմբերի, 2026

Ի՞նչն է լավագույնս համադրվում Բորդոյի հագեցած կարմիր գինու հետ: Պարզվում է՝ մարաթոնը։

Marathon des Châteaux du Médoc-ն անցկացվում է ֆրանսիական Մեդոկի խաղողի այգիներում և ավելի շատ գաստրոնոմիական փառատոն է հիշեցնում, քան սպորտային մրցույթ: Ինչպես գրում է NYT-ն, վազքուղու ողջ երկայնքով մասնակիցներին սպասվում է գինու մոտ 20 համտես, կրուասաններ, կանելեներ, ոստրեներ և սթեյքեր:

Ամեն տարի վազքարշավին մասնակցում է մոտ 8500 մարդ, իսկ տասնյակ հազարավորները մնում են սպասման ցուցակում: Ընդ որում, արագությունն այստեղ բոլորովին էլ գլխավորը չէ:

марф1.jpg (153 KB)

«Մեդոկում «արագ» բառն ընդհանրապես տեղին չէ»,- ասում է 68-ամյա Դոմինիկ Լորանը, որն արդեն 16 անգամ մասնակցել է մարաթոնին:

Մասնակիցների մեծ մասը եզրագիծը հատում է վեցժամյա սահմանափակմանն արդեն շատ մոտ ժամանակում: «Այն ամենն, ինչ ավելի արագ է, պարզապես ժամանակի կորուստ է»,- կատակում է Լորանը:

Գինեգործական շատոներից մեկում մասնակիցները կարող են գինի փորձել, ընդ որում՝ որոշ շշեր արժեն մոտ 100 դոլար: Կազմակերպիչներն ընդգծում են՝ գինին այստեղ նախատեսված է համտեսելու, այլ ոչ թե միանգամից խմելու համար:

марф2.jpg (65 KB)

Այնուամենայնիվ, ալկոհոլի, շոգի և 42 կիլոմետր վազքի համադրությունը բավականին ռիսկային է: Ճանապարհին հերթապահում են բժիշկները, գործում են մերսման կետեր, իսկ կամավորները ջուր են բաժանում մոտավորապես յուրաքանչյուր 400 մետրը մեկ: Այս տարի շոգի պատճառով վերջնաժամկետը նույնիսկ կարող էին երկարաձգել մինչև ավելի քան յոթ ժամ:

Եզրագծին մոտենալուն զուգահեռ գաստրոնոմիական ծրագիրն ավելի ու ավելի տպավորիչ է դառնում: Մասնակիցներին առաջարկում են թարմ ոստրեներ, իսկ մոտավորապես 24-րդ մղոնի վրա՝ տաք սթեյքի կտորներ՝ աղով: Վազորդներից մեկը խոստովանում է, որ միսն այնքան փափուկ էր, որ ինքը հետ է գնացել հավելյալ բաժնի հետևից:

Մեկ այլ մասնակից ողջ տարածությունը վազել է ABBA-ի հագուստով, իսկ 80-ամյա Միշել Բախը վնասվածքից հետո որոշել է 42,2 կիլոմետրն անցնել անիվների վրա տեղադրված հսկայական ստվարաթղթե տորթի մեջ, որը քաշում էին նրա չորս ընկերները:

марф4.jpg (75 KB)

«Այստեղ գլխավորն ուրախությունն է, ոչ թե արդյունքը: Սա ընդհանուր երջանկություն է, և հաշվի առնելով այն աշխարհը, որում մենք ապրում ենք, մեզ դա շատ է պետք»,- ասում է Բախը, որը մարաթոնին մասնակցել է ավելի քան 30 անգամ:

Եզրագծի մոտ մթնոլորտն արդեն բացահայտ տոնական է դառնում. որոշ վազորդներ լաց են լինում ու գրկախառնվում, մյուսները հոգնածությունից վայր են ընկնում, իսկ ոմանք մրցանակային փաթեթից հանում են գինու շիշն ու սկսում խմել հենց շշից:

марф5.jpg (76 KB)

Ճիշտ է, 42 կիլոմետրից, շոգից, ալկոհոլից, ոստրեներից ու սթեյքերից հետո մասնակիցները, կարծես թե, վերջնականապես հասկանում են, որ մարաթոնն ավարտված է:

Եվ գալիս է տոնական գարեջրի ժամանակը:



© NEWS.am STYLE