Իրավիճակներ, որոնցից «չոր» դուրս գալը գրեթե անհնար է․ Արա Ղազարյանը, Հակոբն ու Արմենը՝ Լոս Անջելեսում նկարահանված առաջին հայկական սիթքոմի մասին

11:30   15 սեպտեմբերի, 2026

Սեպտեմբերի 5-ից PanArmenian TV-ի եթերում և YouTube-ում մեկնարկել է «Սուպերմարկետ» սիթքոմը։ Նախագիծը խոստանում է, որ իրենց «Սուպերմարկետում» ամեն ինչ կա՝ բացի ձանձրույթից։ Կերպարներ, որոնց հաստատ հանդիպել ենք, պատմություններ, որոնք գուցե հենց մեզ հետ են պատահել, և իրավիճակներ, որոնցից «չոր» դուրս գալը գրեթե անհնար է։

Նոր սիթքոմի գլխավոր դերակատարներից են Հակոբն ու Արմենը, ովքեր հայտնի են իրենց համատեղ երգերով։ Նրանք կրկին միասին են, սակայն այս անգամ՝ սիթքոմի ձևաչափում։ Մինչ դերասանների կերպարներին ու նախագծի ստեղծման պատմությանը ծանոթանալը, NEWS.am STYLE-ը զրուցել է նաև սիթքոմի պրոդյուսեր Արա Ղազարյանի հետ։

Ինչպես ծնվեց «Սուպերմարկետը»

Պրոդյուսեր Արա Ղազարյանի և նրա գործընկեր, պրոդյուսեր Դավիթ Ադամյանի համար «Սուպերմարկետը» նոր փորձ էր։ Նրանք մինչ այդ Լոս Անջելեսում նկարահանել էին բազմաթիվ սերիալներ և ֆիլմեր, սակայն սիթքոմի ժանրում աշխատելու փորձ չունեին։

«Քանի որ վերջին շրջանում սիթքոմի ժանրը շատ մասսայական է, որոշեցինք գնալ էքսպերիմենտի և նկարահանել սիթքոմ, որը դարձավ Լոս Անջելեսում նկարահանված առաջին սիթքոմը»,- պատմում է Արա Ղազարյանը։

Նախագծի համար ստեղծագործական թիմը որոշել է ոչ թե իրական սուպերմարկետում նկարահանումներ իրականացնել, այլ հատուկ կառուցել համապատասխան տաղավար։ Արդյունքում ստեղծվել է խանութ, որն առաջին հայացքից լիովին իրական սուպերմարկետի տպավորություն է թողնում։

«Հատուկ սիթքոմի համար նախագծեցինք և կառուցեցինք տաղավար՝ խանութ, սուպերմարկետ, որը պարզապես հիշեցնում է սուպերմարկետ։ Երբ ներս ես մտնում, տպավորություն է, որ իրական խանութում ես։ Բայց այդ ամենը մենք ստացել ենք տաղավարում»,- ասում է պրոդյուսերը։

Տաղավարն այնքան իրական է ստացվել, որ նույնիսկ ստեղծագործական թիմի ընկերներն են կատակել՝ առաջարկելով այնտեղ իրական խանութ բացել։

IMG_4826.jpeg (495 KB)

Երեք սցենարից մինչև վերջնական տարբերակ

Պրոդյուսերների համար նախագծի ամենակարևոր բաղադրիչներից մեկը հենց սցենարն է եղել։ Վերջնական տարբերակին հասնելու համար նրանք համագործակցել են մի քանի սցենարիստների հետ և պատվիրել են երեք տարբեր սցենար։

«Առաջին երկուսը պարզապես չհավանելու պատճառով վճարել ենք, բայց նկարահանումը չենք իրականացրել։ Վերջապես գտանք սցենարիստների, որոնց գրած սցենարը շատ հավանեցինք։ Ի դեպ, նրանք Երևանում են աշխատում, և նրանց հետ համագործակցեցինք»,- ասում է Արա Ղազարյանը։

Նրա խոսքով՝ հենց սցենարն է այն հիմնական պատճառներից մեկը, որի շնորհիվ «Սուպերմարկետը» կարող է հետաքրքրել հանդիսատեսին։

«Ես վստահ եմ, որ այն հետաքրքիր կլինի Հայաստանում ապրող հայ հանդիսատեսի համար։ Սցենարում շատ նուրբ հումոր կա, նաև՝ իրավիճակային հումոր։ Դերասանները Հայաստանից են, Հայաստանում հայտնի, սիրված և ճանաչված դեմքեր են։ Կարծում եմ՝ սիթքոմը հետաքրքիր կլինի նաև այլ երկրներում ապրող հայերի համար, քանի որ այն ցուցադրվում է նաև YouTube-ում՝ PanArmenian-ի հարթակում, և աշխարհի տարբեր ծայրերում ապրող մեր հայրենակիցները կարող են դիտել այն»,- նշում է պրոդյուսերը։

«Առաջին քննադատն եմ իմ բոլոր աշխատանքների»

Արա Ղազարյանը խոստովանում է՝ սովորաբար իր իսկ աշխատանքների նկատմամբ բավական խիստ քննադատ է և հազվադեպ է անմիջապես գոհանում արդյունքից։ «Սուպերմարկետի» դեպքում, սակայն, առաջին փակ ցուցադրությունից հետո նրա տպավորությունները դրական էին։

«Ես ինքս չեմ սիրում, երբ հիմնականում այդպես չեմ սիրահարվում իմ արած աշխատանքներին և առաջին քննադատն եմ իմ բոլոր աշխատանքների։ Միշտ քննադատի աչքով եմ նայում։ Հատուկ մինչև առաջին ցուցադրումը տանը մենակ չէի նայել։ Սպասեցի մինչև փակ ցուցադրությունը, որը նախատեսված էր դերասանների և հովանավորների համար, որովհետև ուզում էի նաև տեսնել ու զգալ մարդկանց արձագանքները»,- պատմում է նա։

Պրոդյուսերի խոսքով՝ ցուցադրությունից հետո տուն է վերադարձել բարձր տրամադրությամբ՝ հասկանալով, որ նախագիծը հաջողված է։

«Հասկացա, որ նախագիծը հաջողված է և տարբերվում է մնացած բոլոր սիթքոմներից։ Շատ նուրբ հումորով է, իրավիճակային կոմեդիաներով հարուստ։ Մի խոսքով՝ ստացված նախագիծ է, որից ես ինձ լավ եմ զգում և հաստատ չեմ ամաչի ասել, որ ես այս նախագծի հետ կապ ունեմ»,- ասում է Արա Ղազարյանը։

Հակոբն ու Արմենը՝ «Սուպերմարկետում»

«Սուպերմարկետում» նկարահանվելու առաջարկը Հակոբն ու Արմենը ստացել են Մհեր Բաղդասարյանի միջոցով։ Տարիների ընթացքում նրանք տարբեր հեռուստասերիալներում, հումորային սիթքոմներում և այլ ձևաչափերում նկարահանվելու բազմաթիվ առաջարկներ են ստացել, սակայն հաճախ հրաժարվել են, քանի որ իրենց համար կարևոր մի շարք նախապայմաններ չեն եղել։

«Սուպերմարկետի» դեպքում իրավիճակն այլ էր։ Նախագծում ներգրավված մարդկանց պրոֆեսիոնալիզմը, ձևաչափը, ստեղծագործական մոտեցումն ու այն մակարդակը, որի շուրջ պետք է կառուցվեր սիթքոմը, միանգամից հետաքրքրել են նրանց։

Մհեր Բաղդասարյանը նրանց պատմել է, որ Արա Ղազարյանն ու Դավիթ Ադամյանը Լոս Անջելեսում նոր նախագիծ են պատրաստվում նկարահանել։ Առաջարկի մանրամասներին ծանոթանալուց հետո դերասաններն ավելի են ոգևորվել՝ հասկանալով, որ խոսքը բարձր մակարդակի հեռուստատեսային արտադրության մասին է՝ եվրոպական և ամերիկյան չափանիշներին համապատասխան։

Նախագծում ընդգրկված են պրոֆեսիոնալ նկարահանող և օպերատորական թիմ, ռեժիսոր, սցենարական խումբ, դերասանական կազմ և պրոդյուսերներ։ Հակոբի խոսքով՝ հենց այդ ամբողջական մոտեցումն էլ ստիպեց իրենց ընդունել առաջարկն ու մեծ ներդրում ունենալ նախագծում։

IMG_4824-1.jpeg (426 KB)

«Մեզ հաճախ ասոցացնում են դրականության և ուրախության հետ, ու մեզ համար սա իսկապես մեր տեղն էր։ Հասկացանք, որ պետք է լինենք այս նախագծում, որովհետև այն շատ առումներով մեր մասին է»,- նշում է նա։

Մինչ նկարահանումների մեկնարկը դերասաններն անցել են բավական երկար նախապատրաստական փուլ։ Սցենարի ուսումնասիրություն, կերպարների ձևավորում և քննարկումներ, բազմաթիվ հանդիպումներ ռեժիսորի ու ստեղծագործական թիմի հետ․ այս ամենը կարևոր դեր է ունեցել վերջնական արդյունքի ձևավորման գործում։

«Եղել են նաև տարբեր քննարկումներ ու անհամաձայնություններ, բայց այդ ամբողջ աշխատանքի արդյունքում էլ ստեղծվել է այն, ինչ այսօր ունենք։ Իմ կարծիքով՝ մենք ունենք հրաշալի, գեղեցիկ և շատ դրական նախագիծ, որի մաս լինելը մեզ համար իսկապես պատվաբեր է»,- ասում է Հակոբը։

«Սուպերմարկետը» պատմում է սուպերմարկետի ներսում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ աշխատակիցների, մենեջերների, անվտանգության աշխատակիցների և տնօրենի հարաբերությունների, նրանց առօրյայի, հումորային ու երբեմն էլ անսպասելի իրավիճակների մասին։

Սիթքոմում կարևոր դեր ունի նաև խաղային գիծը․ տնօրենը ժամանակ առ ժամանակ թիմին առաջադրանքներ է տալիս, որոնց կատարման արդյունքում աշխատակիցները միավորներ են հավաքում։ Վերջում հաղթողը ստանում է 50 հազար ԱՄՆ դոլար մրցանակ, ինչի համար պայքարում են բոլորը։

Հակոբը մարմնավորում է Լեոյին՝ Նյու Յորքի շատ հարուստ ընտանիքից երիտասարդի, որի ծնողները միլիարդատերեր են։ Սակայն Լեոն չի ցանկանում ապրել միայն իր ընտանիքի հաջողության ստվերում։ Նա փորձում է գտնել սեփական ճանապարհը, հասկանալ՝ ով է ինքը և ինչ է ուզում իր կյանքից։

Այդ որոնումների ճանապարհին նա Նյու Յորքից տեղափոխվում է Լոս Անջելես և սկսում աշխատել մի վայրում, որի միջավայրին ընդհանրապես ծանոթ չէ։ Մարդը, որը գրեթե երբեք չի զբաղվել առօրյա կենցաղային հարցերով, հայտնվում է սուպերմարկետում և ստիպված է հարմարվել իրեն անծանոթ իրականությանը։

Լեոն միաժամանակ ներգրավվում է սուպերմարկետում կազմակերպվող խաղի մեջ, սիրահարվում է, ձեռք է բերում նոր ընկերներ և հայտնվում բազմաթիվ փորձությունների առաջ։ Նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես բնորոշում է Հակոբը, միաժամանակ և՛ ծիծաղելի են, և՛ ինտրիգային։

Արմենը մարմնավորում է Մարկին՝ Հայաստանից Միացյալ Նահանգներ տեղափոխված երիտասարդի, որը մեծ նպատակներով և երազանքով գալիս է նոր կյանք կառուցելու։ Սակայն ամերիկյան իրականությունը նրան կանգնեցնում է տարբեր խնդիրների առաջ։

Մարկի կերպարը, ըստ Արմենի, հետաքրքիր է նաև նրանով, որ ներկայացնում է այն բազմաթիվ հայերին, որոնք տեղափոխվել են Միացյալ Նահանգներ և իրենց ճանապարհին բախվել նմանատիպ իրավիճակների։

IMG_4825-1.jpeg (416 KB)

«Վստահ եմ՝ այն հայերը, ովքեր ապրում են Միացյալ Նահանգներում կամ անցել են այդ ճանապարհը, շատ լավ կհասկանան Մարկին և այն ամենը, ինչ տեղի է ունենում նրա հետ»,- ասում է դերասանը։

Նկարահանումները տեղի են ունեցել Լոս Անջելեսում, սակայն դերասանները որևէ օտարություն չեն զգացել։ Թիմի մեծ մասը հայերից էր բաղկացած, ինչի շնորհիվ աշխատանքային միջավայրը նրանց համար շատ հարազատ էր։

Արմենի խոսքով՝ սա իր առաջին նման փորձերից է, այդ պատճառով դժվարանում է համեմատել Լոս Անջելեսում և Հայաստանում սիթքոմ նկարահանելու ընթացքը։ Փոխարենը նա ընդգծում է, որ ամբողջ նկարահանման շրջանն անցել է շատ հայկական ու ջերմ մթնոլորտում։

Հակոբն առանձնացնում է նաև պրոֆեսիոնալ մակարդակը։ Նա նշում է, որ հենց այդպիսի աշխատանքային ռիթմի և մակարդակի էր կարոտել։

«Շատ էի կարոտել նկարահանման ռիթմը, նկարահանող խմբի հետ ժամեր ու տասնյակ ժամեր անցկացնելու այդ ընթացքը։ Անհնար է, որ մարդ իր կյանքում երբևէ լինի այդ միջավայրում ու հետո չկարոտի այն»,- ասում է նա։

Նրա խոսքով՝ չնայած երկար աշխատանքային ժամերին և մեծ զբաղվածությանը՝ նկարահանման յուրաքանչյուր օրը մեծ հաճույք էր, քանի որ դա այն աշխատանքն է, որն իրենք սիրում են։

Դերասանները վստահ են, որ «Սուպերմարկետը» հետաքրքիր կլինի ոչ միայն Լոս Անջելեսում կամ Հայաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերի համար։ Նախագիծը, նրանց համոզմամբ, չի սահմանափակվում աշխարհագրական որևէ տարածքով․ այն ստեղծված է հայ հանդիսատեսի համար՝ անկախ նրա բնակության վայրից։

Հակոբի խոսքով՝ սիթքոմը հատկապես կարող է գրավել այն մարդկանց, ովքեր ցանկանում են մի պահ կտրվել առօրյա հոգսերից, ծանր իրադարձություններից ու զբաղվածությունից, թեթևանալ, ծիծաղել և պարզապես լավ ժամանակ անցկացնել։

Արմենն էլ կարծում է, որ նախագիծն առանձնանում է իր թեմատիկայով։ Նրա խոսքով՝ հայկական կենցաղային սիթքոմների կողքին «Սուպերմարկետը» նոր միջավայր է ներկայացնում՝ աշխատակիցների փոխհարաբերությունները, նրանց շփումները տնօրենի և հաճախորդների հետ, ինչպես նաև այն բազմաթիվ իրավիճակները, որոնք կարող են տեղի ունենալ սուպերմարկետի ներսում։

Սիթքոմն արդեն հասցրել է մեծ արձագանք ստանալ։ Հակոբի խոսքով՝ արձագանքը սպասվածից նույնիսկ տասն անգամ ավելի մեծ է եղել․ սոցիալական ցանցերում ստացվող նամակների, մեկնաբանությունների և ծանոթների արձագանքների քանակը շարունակ աճում է։

«Սուպերմարկետն» իր ամբողջ թափով ու ուժով մտել է մեր կյանք, և դա մեզ համար շատ հաճելի է։ Մենք ամեն նոր սերիայի սպասում ենք այնպես, ինչպես ցանկացած հեռուստադիտող՝ գուցե նույնիսկ ավելի ոգևորված։ Մենք ինքներս էլ մեր նախագծի ֆանատներն ենք»,- ասում է Հակոբը։

Արմենն էլ նշում է, որ սոցիալական հարթակներում արձագանքն իսկապես մեծ է։ Մարդիկ գրում են, մեկնաբանում, արձագանքում տեսանյութերին և քննարկում սիթքոմը։ Նրա խոսքով՝ մինչ այս պահը ստացած արձագանքները հիմնականում դրական են եղել։

Իսկ ամենակարևորն այն է, որ դերասաններն իրենք էլ անհամբերությամբ սպասում են հաջորդ սերիաներին՝ իմանալու, թե ինչ նոր փորձությունների են հանդիպելու իրենց կերպարները և ինչ է դեռ տեղի ունենալու «Սուպերմարկետում»։



© NEWS.am STYLE