13:18 16 սեպտեմբերի, 2026NBC News-ի փոխանցմամբ՝ Ամերիկայի նորաձևության դիզայներների խորհրդի (CFDA) նախագահ և գործադիր տնօրեն Սթիվեն Քոլբը հայտարարել է, որ կամավոր արձակուրդ է վերցնում, այն բանից հետո, երբ տեսանյութում հայտնվել է այն պահը, թե ինչպես է նա բռնում կենդանիների իրավունքների պաշտպանին և փակում բերանը Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ցուցադրության ժամանակ։
Տեսանյութում Քոլբը բռնում է PETA-ի ներկայացուցչին, որը բողոքում էր COS-ի կողմից ցուցադրության ժամանակ բրդի օգտագործման դեմ։ Նա կնոջը քաշել է ցուցադրության վայրից, ձեռքով ծածկել նրա բերանը և գետնին գցել՝ ոտքով պահելով նրան։
Ավելի ուշ Քոլբը ներողություն է խնդրել իր գործողությունների համար և ստանձնել դրանց համար ամբողջ պատասխանատվությունը։ «Այն, ինչ տեղի է ունեցել, բոլորովին ինձ նման չէ, ո՛չ որպես անձնավորություն, ո՛չ որպես առաջնորդ։ Տեսանյութերը դիտելով՝ հասկանում եմ, թե ինչու դրանք նման արձագանք առաջացրին։ Անկեղծ ասած՝ ես ինձ չեմ ճանաչում այդ մարդու մեջ։ Հետևաբար, ես կամավոր արձակուրդ եմ վերցնում և մասնագիտական օգնություն եմ փնտրում, որպեսզի սա այլևս երբեք չկրկնվի», - ասել է նա։
PETA-ն պնդում էր, որ Կոլբը «հարձակվել է» իր երկու ակտիվիստների վրա։
Ըստ կազմակերպության՝ Կոլբը «ագրեսիվ կերպով բռնել է ցուցարարներից մեկին, նրան գետնին գցել, ոտքով սեղմել և ձեռքերով ծածկել նրա բերանն ու քիթը», մինչդեռ նա գոռում էր. «Ոչխարներին ծեծում և տանջում են իրենց բրդի համար»։
PETA-ն նաև պնդում է, որ Կոլբը հրել և բռնել է բողոքի ակցիան նկարահանող երկրորդ ակտիվիստին, ապա ձեռքով ծածկել է նրա դեմքը։ Այս միջադեպը չի արտացոլվել Կոլբի հրապարակված տեսանյութում։
«Կոլբը ագրեսիվորեն արձագանքել է խաղաղ ցուցարարներին՝ փաստացի հաստատելով PETA-ի պնդումները նորաձևության արդյունաբերության դեմ, որին մենք մեղադրում ենք անիմաստ դաժանության մեջ», - ասել է PETA-ի լրատվամիջոցների հետ կապերի ավագ տնօրեն Մոյրա Քոլլին։
Նա ասել է, որ կազմակերպությունը մտադիր է հանդիպել Քոլբին և ցույց տալ նրան PETA-ի 17 հետաքննություններ բրդի արտադրության վերաբերյալ: Կազմակերպությունը պնդում է, որ տեսանյութերում երևում է, թե ինչպես են ոչխարներին ծեծում, ոտքով հարվածում և կտրատում:
Քոլբն ասել է, որ ընդունել է PETA-ի հանդիպման հրավերը և մտադիր է անձամբ ներողություն խնդրել երկու ցուցարարներից:
«Մեկ այլ անձի ֆիզիկապես զսպելու որևէ արդարացում չկա: Այս իրավիճակում պետք է պատասխանատվություն կրեր անվտանգությունը, և ես պետք է մի կողմ քաշվեի: Այս միջադեպում ոչինչ չի արդարացնում իմ գործողությունները», - ասել է նա:
Երկուշաբթի օրը միջադեպը մասին մեկնաբանել է նաև շվեդական H&M Group ընկերությունը, որը COS ապրանքանիշի սեփականատերն է:
«COS ցուցահանդեսում տեղի է ունեցել տհաճ դեպք, և մեր գլխավոր առաջնահերթությունը միշտ եղել է հյուրերի, մոդելների և միջոցառման անձնակազմի անվտանգությունը», - ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Պատասխանելով PETA-ի մեղադրանքներին բրդի ծագման վերաբերյալ՝ H&M Group-ը հայտարարել է, որ ապրանքանիշը կենդանական մանրաթելեր է ձեռք բերում միայն հավաստագրված ֆերմաներից և, որտեղ հնարավոր է, օգտագործում է վերամշակված նյութեր՝ կախված դրանց որակից և առկայությունից: