23:01 17 սեպտեմբերի, 2026Նա աշխատում է օրական նվազագույնը 12 ժամ, շաբաթը յոթ օր, փոխարենը հետո ստանում է ամբողջ մի շաբաթ հանգիստ։ Նրա տարեկան աշխատավարձը կարող է հասնել 200 հազար դոլարի, ինչը ժամավճարով հաշվարկելիս համադրելի է խոշոր ներդրումային հիմնադրամի աշխատակցի եկամտի հետ, գրում է The Economist-ը։
Մոտ տասը տարի առաջ նման բարձր վարձատրվող աշխատատեղերը հազվադեպ հանդիպող երևույթ էին։ «Առաջ մենք անընդհատ լսում էինք. «Ես այդքան չեմ վճարի»»,— պատմում է British American Household Staffing (BAHS) գործակալության հիմնադիր Անիտա Ռոջերսը։ Նրա ընկերությունն ունևոր ընտանիքների համար ընտրում է դայակներ, դաստիարակներ, սպասապետներ և խոհարարներ։ Հիմա, նրա խոսքով, ամեն ինչ փոխվել է. հարուստ ծնողները պատրաստ են վճարել լավագույն մասնագետների համար։
Նրանք փնտրում են դայակների, ովքեր սովորել են հեղինակավոր ակադեմիաներում, տիրապետում են մի քանի լեզուների, ունեն էլիտար համալսարանների դիպլոմներ, պատրաստ են անընդհատ ճամփորդել և աշխատել շատ երկար ժամեր։
Նման մասնագետների շուկան իսկական բում է ապրում։ Ռոջերսը BAHS-ը հիմնադրել է 2012 թվականին, իսկ այսօր, նրա խոսքով, գործակալությունը սպասարկում է մոտ 7000 հաճախորդի։ Մրցակիցների թվում են Adventure Nannies-ը և Morgan & Mallet-ը։
Առաջին հայացքից գերհարուստների մոտ աշխատանքը քիչ է տարբերվում սովորականից՝ կերակրել երեխաներին, ուտելիք պատրաստել, զբոսնել և նրանց տանել պարապմունքների։ Սակայն միջավայրն ու պահանջները կարող են բոլորովին այլ լինել։
Հաճախ դայակը լինում է ընտանիքի տասնյակ աշխատակիցներից ընդամենը մեկը։ Ճամփորդությունները նույնպես դառնում են աշխատանքի մաս. «Նրանց պետք են դայակներ, ովքեր զբոսանավերում և մասնավոր ինքնաթիռներում աշխատելու փորձ ունեն։ Դա արդեն ինքնըստինքյան հասկանալի է»,— ասում է Ռոջերսը։
Որոշ պահանջներ ընդհանրապես անհեթեթ են թվում։ Դայակներից մեկը հիշում է, որ իրեն ստիպում էին ամեն օր արդուկել երեխայի ներքնաշորերը։ Մյուսը բախվել է գործատուի զայրույթին միայն այն պատճառով, որ աստիճան չի բերել մոտ հինգ մետր բարձրությամբ առաստաղ ունեցող խաղասենյակի էլեկտրական լամպը փոխելու համար։
Էլ ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերում rota nanny համակարգը (հերթափոխային դայակներ), երբ երկու դայակ աշխատում են հերթափոխով. մեկը գտնվում է ընտանիքի հետ, մինչ մյուսը հանգստանում է։ Սա թույլ է տալիս երեխաների համար մշտական խնամք ապահովել ամբողջ տարվա ընթացքում։ Նման շքեղության արժեքը կարող է հասնել հարյուր հազարավոր դոլարների։
Ընտանիքների համար այս համակարգը հարմար է նաև նրանով, որ ստիպված չեն լինում ամեն ուղևորության համար նոր դայակ փնտրել։ Երեխաները մշտապես գտնվում են իրենց քաջ ծանոթ երկու մասնագետների հսկողության տակ։
Դայակների համար ևս այս աշխատանքային գրաֆիկը գրավիչ է. մեկ շաբաթ աշխատելուց հետո նրանք ստանում են յոթ օր ազատ ժամանակ։ Բայց համակարգն ունի նաև հակառակ կողմը։
Լորեն Լոմասկալոն արդեն տասը տարի է, ինչ դայակ է աշխատում ունևոր հաճախորդների մոտ։ «Եթե մանկուց ինձ հարցնեիք, թե ով եմ ուզում դառնալ, կասեի՝ տնային տնտեսուհի և մայրիկ»,— խոստովանում է նա։
Հիմա կինը մտավախություն ունի, որ իր մասնագիտությունը տեղ չի թողնի սեփական ընտանիքի համար։ «Եթե հավերժ մնամ այս ոլորտում, չեմ կարողանա երեխաներ ունենալ։ Իսկ եթե հեռանամ, ապա ինչպե՞ս եմ ապրուստս վաստակելու»։
Այդուհանդերձ, ոմանց համար ամենահարուստ ընտանիքների մոտ աշխատելը իսկական շքեղ հեքիաթ է թվում։ Հունիսին Hulu-ն թողարկեց «Million Dollar Nannies» («Միլիոն դոլարանոց դայակներ») ռեալիթի շոուն, որի գործողությունները ծավալվում են Իբիցայում։ Վեց կին և երկու տղամարդ պայքարում են հարուստ ընտանիքներում աշխատանք ստանալու համար, ընդ որում՝ մասնակիցներից մեկը նախկինում եղել է Քորթնի Քարդաշյանի դայակը։
Դատելով շոուից՝ այստեղ քմահաճույքներն ու կապրիզները երբեմն անում են մեծահասակները, այլ ոչ թե երեխաները։
Սակայն ծրագրի գլխավոր միտքն անսպասելի է. երազանքն այն չէ, որ ինքդ դառնաս հարուստ, այլ այն, որ աշխատես հարուստների համար։