Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը Գլենդելում․ գույնի, կտավի և նորաձևության երկխոսություն

17:01   21 սեպտեմբերի, 2026

Օրեր առաջ Գլենդել քաղաքում տեղի ունեցավ «Տերյան մշակութային կենտրոն»ՀԿ հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանի «Կինը» խորագրով անհատական ցուցահանդեսը։

Երկու օր շարունակ ցուցասրահը լցված էր նկարչուհու վառ գունապնակով, ծաղիկներով, ջերմ մթնոլորտով և այցելուների մեծ հոսքով։ Լոս Անջելեսի արվեստասեր հանրությունը մեծ հետաքրքրությամբ ընդունեց Լիլիթ Մելիքյանի ստեղծագործական աշխարհը՝ նրա գունային համարձակ լուծումները, ինքնատիպ ձեռագիրը և կտորի հետ աշխատելու յուրահատուկ եղանակը։

2b48557e-0eec-462a-8414-aa78d7844edf.jpeg (376 KB)

Ցուցահանդեսում ներկայացված էին բատիկայի տեխնիկայով ստեղծված նկարներ, ինչպես նաև «Կինը» հավաքածուն, որի միջոցով արվեստագետը ցուցադրեց, թե ինչպես է գեղանկարչությունը վերածվում տեքստիլի, իսկ կտավի պատկերները՝ հագուստի։ Նույն ստեղծագործությունները միաժամանակ ապրում էին տարբեր ձևաչափերում՝ որպես պատերին ցուցադրված նկարներ և մանեկեններին ներկայացված հագուստներ։ Այս համադրությունը այցելուներին հնարավորություն տվեց տեսնելու նկարչության, տեքստիլ արվեստի և նորաձևության կենդանի փոխակերպումը։

4a8413d8-1112-4c0f-8a2a-a9269d4c0403.jpeg (393 KB)

Ցուցադրության առանձնահատուկ մասերից էր նաև Լիլիթ Մելիքյանի հեղինակած մանկական ստեղծագործական գիրք-ալբոմը։ Գրքում ներկայացված է յուրաքանչյուր նկարի և կերպարի պատմությունը, իսկ ընթերցողը հնարավորություն է ստանում գունավորելու պատկերներն ու կարծես ստեղծագործելու նկարչուհու հետ միասին։

9c4605cc-318c-4fe7-afd6-b333bc75f974.jpeg (375 KB)

Ցուցահանդեսը հյուրընկալած պատկերասրահը երկու օր շարունակ ընդունեց բազմաթիվ այցելուների, որոնք եկել էին բացահայտելու կտորի հետ աշխատանքի նոր և անսովոր մոտեցում։ Ներկայացված աշխատանքներում ազգային մշակույթի հիշողությունը միահյուսված էր ժամանակակից արվեստի, նորաձևության և հեղինակի վառ անհատականության հետ։

9880ee8f-7865-4f54-ad94-81eb058ffcb4.jpeg (433 KB)

Առաջիկա ամիսներին նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանը Միացյալ Նահանգների տարբեր քաղաքներում կներկայացնի հայկական ազգային տարազները, իր նորաձևության հավաքածուները, հեղինակային նկարներն ու գրքերը, ինչպես նաև այն ստեղծագործական նախագծերը, որոնք իրականացնում է «Տերյան մշակութային կենտրոն»ՀԿ հետ։ 



© NEWS.am STYLE