Թոմ Քրուզը ծափեր է կորզել՝ վեց րոպեանոց ելույթ ունենալով այն մասին, թե ինչու արհեստական բանականությունը չի փոխարինի կինոյին  

14:39   22 սեպտեմբերի, 2026

Deadline-ը հաղորդում է, որ Լոնդոնում կայացած BAFTA մրցանակաբաշխության ժամանակ Թոմ Քրուզը ինքնաբուխ ծափահարությունների է արժանացել՝ արհեստական բանականության արագ զարգացման պայմաններում արվեստի ուժի և մարդկային ջանքերի մասին ավելի քան վեց րոպե տևողությամբ հուզիչ ելույթ ունենալուց հետո։

BAFTA: Life in Pictures միջոցառման ժամանակ, որտեղ դերասանը լոսել է իր կինոկարիերայի մասին, Քրուզին հարցրել են, թե ինչպես կարող է արհեստական բանականությունը վերափոխել այն ոլորտը, որին նա նվիրել է իր կյանքը։

Ի պատասխան՝ «Top Gun» և «Mission: Impossible» ֆիլմերի աստղը երկար մենախոսություն է կարդել կինոյում մարդկային վարպետության և մեծ էկրանին ֆիլմեր դիտելու հատուկ ուժի մասին։

«Ոչինչ ավելի կարևոր չէ, քան մարդիկ», - սկսել է Քրուզը՝ բացատրելով, թե ինչու է ինքը այդքան ուժեղ կողմնակից կինոթատրոնների պահպանման և ավանդական ֆիլմերի տարածման։ Դերասանի խոսքով՝ կինոթատրոնները, ամենից առաջ, միավորում են մարդկանց՝ ստեղծելով համատեղ փորձառություն դիտողների համար։ «Ես ոչինչ չունեմ հոսքային հեռարձակման կամ նմանատիպ բաների դեմ», - շարունակել է նա՝ ընդգծելով, որ կինոթատրոնում ֆիլմ դիտելը պարզապես «տարբեր արվեստի ձև է»։

Քրուզը նաև մեջբերել է ընթացիկ ամառային կինոսեզոնի արդյունքները: Մայիսի 1-ից մինչև Աշխատանքի օրը ԱՄՆ կինովարձույթը հասել է 4.76 միլիարդ դոլարի՝ սահմանելով ամառային սեզոնի բոլոր ժամանակների ռեկորդ:

Քրուզի համար այս թվերը ևս մեկ ապացույց էին այն բանի, որ հանդիսատեսը դեռ ցանկանում է տեսնել մարդկանց կողմից ստեղծված պատմություններ և ականատես լինել իսկական մարդկային արվեստին: «Մարդիկ ցանկանում են այդ փորձը: Նրանք գնում են կինոթատրոններ», - ասել է դերասանը:

«Ես միշտ հավատում եմ մարդկությանը», - ավելացրել է նա:

Չնայած Քրուզի մտքերից շատերը արտահայտվել էին նախորդ ելույթներում, դերասանը խոսել է այնպիսի կրքով, որ BAFTA-ի սովորաբար զուսպ հանդիսատեսը մի քանի անգամ ծափահարել է նրան:

Քրուզը ընդգծել է, որ չի ցանկանում, որ կինոարդյունաբերությունը կորցնի այն մասնագետներին, որոնք իրենց ամբողջ կարիերան նվիրել են կինոարտադրությանը: Նա նաև նշել է, որ հանդիսատեսը ցանկանում է էկրանին տեսնել իրական բան:

«Մարդիկ ցանկանում են տեսնել իրական բաներ», - նշել է Քրուզը:

Եզրափակելով իր ելույթը՝ դերասանն ասել է, որ արհեստական ինտելեկտի զարգացումը անխուսափելի է, և որ կինոարդյունաբերությունը ստիպված կլինի հաշվի նստել դրա հետ: Այնուամենայնիվ, նրա կարծիքով, դա չպետք է կանգնեցնի ստեղծագործողներին: «Արհեստական բանականության դեմ մենք պետք է շարունակենք ստեղծագործել», - ընդգծել է Քրուզը։

«Գիտեք, դա գալիս է, և դա տեղի է ունենալու։ Բայց մարդիկ ուզում են տեսնել իրական բաներ», - եզրափակել է դերասանը։

Թոմ Քրուզը բազմիցս խոսել է արհեստական բանականության մասին։ 2023 թվականին, SAG-AFTRA արհմիության բանակցությունների ժամանակ, դերասանը հանդես է եկել արդյունաբերության աշխատողների պաշտպանությամբ՝ տեխնոլոգիայի զարգացման լույսի ներքո։ Այդ ժամանակվանից ի վեր նա բազմիցս ընդգծել է մարդկային ներդրման կարևորությունը կինոարտադրության մեջ։



© NEWS.am STYLE