360 միլիոն դոլար` վեց ամսվա ընթացքում. Amouage օծանելիքի տունը աննախադեպ աճ է գրանցել

22:32   29 սեպտեմբերի, 2026

Օմանի Amouage օծանելիքի տունը արագ աճ է գրանցում. 2026 թվականի առաջին կեսին համաշխարհային մանրածախ վաճառքը աճել է 74%-ով՝ հասնելով մոտավորապես 360 միլիոն դոլարի։

Amouage-ի գործադիր տնօրեն Մարկո Պարսիեգլայի խոսքով՝ սա պայմանավորված է ապրանքանիշի աճող միջազգային ժողովրդականությամբ, դրա պորտֆելի շարունակական զարգացմամբ և այն փաստով, որ ամբողջ աշխարհում սպառողները ավելի ու ավելի են ընտրում օծանելիքների ավելի բարձր կոնցենտրացիաներ և ավելի ու ավելի են ուշադրություն դարձնում գնի և արժեքի հարաբերակցությանը։

Աճը զգալի էր գրեթե բոլոր ապրանքային գծերում։ Exceptional Extraits շարքի վաճառքը աճել է ավելի քան 80%-ով՝ կազմելով ապրանքանիշի ընդհանուր վաճառքի ավելի քան 25%-ը։ Կրկնակի ներարկման գործընթացով ստեղծված Essence հավաքածուն ցույց տվեց ավելի տպավորիչ աճ. վաճառքը աճել է ավելի քան 260%-ով։

Տարածաշրջանային աճը նույնպես զգալի էր. վաճառքը Եվրոպայում, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Ամերիկայում աճել է առնվազն 90%-ով։

Պարսիեգլան Amouage-ի ղեկավարում է 2019 թվականից և ապրանքանիշի արագ աճը պայմանավորում է կրքով, ապա ուժեղ թիմով։ Հինգ տարվա ընթացքում ընկերությունը հնգապատկել է իր բիզնեսը։

«Մենք մեծ երազողներ ենք։ Մենք ունենք շատ հստակ նպատակ՝ դառնալ բարձր նորաձևության աշխարհի առաջատար օծանելիքի տունը», - ասել է  WWD-ին տված հարցազրույցում։

Amouage-ի ապագա զարգացման հիմնական ոլորտներից մեկը կլինեն սեփական բուտիկները Եվրոպայի և Ասիայի հեղինակավոր վայրերում։ Ապրանքանիշն արդեն պատրաստվում է խանութներ բացել Լոնդոնում և Սինգապուրում։



© NEWS.am STYLE