Yerevan Fashion Week. ինչպես է մայրաքաղաքում անցնելու աշնան գլխավոր նորաձևային իրադարձությունը

19:04   1 հոկտեմբերի, 2026

Մեկ շաբաթից՝ հոկտեմբերի 8-ին, Երևանում կմեկնարկի Երևանի նորաձևության չորրորդ շաբաթը։ Այս իրադարձությունն արդեն տևական ժամանակ իր շուրջն է համախմբում դիզայներների, լրագրողների, բայերների, ոճաբանների և նորաձևության միջազգային ոլորտի ներկայացուցիչներին։ Այս տարի միջոցառումն անցկացվում է «Էրեբունի-Երևան» հոբելյանի և «Վարդագույն քաղաք Երևան» հայեցակարգի ներքո։ Նորաձևությունը դուրս է գալիս ավանդական պոդիումի սահմաններից և ուղիղ առերեսվում քաղաքի պատմությանը։

Պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում և ամրոցում։ Այստեղ կներկայացվի «Հին աստվածներ. Էրեբունիից մինչև ժամանակակից Երևան» հատուկ ինստալյացիան։

YFW 2026-ի ծրագրում նախատեսված է հայ և արտասահմանյան դիզայներների ավելի քան 20 ցուցադրություն ու շնորհանդես։ Ցերեկային ժամերին միջոցառումը կգործի որպես մասնագիտական հարթակ. կանցկացվեն Fashion Talks քննարկումներ, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ և հանդիպումներ։ Իսկ երեկոյան՝ մոտավորապես 20:00-ից, կսկսվեն բուն ցուցադրությունները։ Կազմակերպիչները նշում են, որ հարթակը պահպանել է իր բնույթը, սակայն այս տարի զգալիորեն ավելի մասշտաբային է դարձել։

Ծրագրի առանձնահատուկ մասն է YFW Showroom-ը (ցուցասրահը), որը կգործի հոկտեմբերի 9-ից 11-ը։ Այցելուները կարող են ծանոթանալ հագուստի, աքսեսուարների և զարդերի ավելի քան 40 հայկական բրենդների հետ։ Այսպիսով, հանդիսատեսը չի սահմանափակվում միայն պոդիումային ցուցադրություններով, այլ հնարավորություն է ստանում ոլորտն ավելի լայն տեսանկյունից բացահայտելու՝ տեսնելով թե՛ շուկայում արդեն կայացած բրենդներին, թե՛ նոր-նոր ճանաչում ձեռք բերող դիզայներներին։

Նորաձևության շաբաթի առանցքային նախագծերից է Fashion Scout Armenia-ն։ Այս տարի կազմակերպիչները երիտասարդ մասնագետներից ստացել են մոտ 65 հայտ։ Կրթական փուլից և ընտրական մի քանի տուրերից հետո եզրափակիչ են անցել ութ դիզայներ։ Այժմ նրանց հետ աշխատանքները շարունակվում են. մասնակիցները պատրաստում են իրենց հավաքածուները, ստանում մասնագիտական խորհրդատվություն և հնարավորություն՝ իրենց աշխատանքները ներկայացնելու միջազգային փորձագետներին։

Եզրափակիչ անցած մասնակիցներից մեկը հնարավորություն կստանա իր հավաքածուն ցուցադրել արտերկրում։ Ծրագրի գործընկերների թվում են միջազգային կազմակերպություններ և իտալական ընկերություններ։ Նախագծին աջակցում է նախարարությունը, իսկ Երևանի քաղաքապետարանը մեկ միլիոն դրամ է հատկացրել՝ դիզայներներին սատարելու և միջոցառումն իրականացնելու համար։

Այս տարի Երևան կրկին կժամանեն արտասահմանյան նորաձևության մեդիայի և ոլորտի ներկայացուցիչներ՝ լրագրողներ, խմբագիրներ, ոճաբաններ, բայերներ, PR-մասնագետներ և կրեատիվ խորհրդատուներ։ Ներկայացված պարբերականների թվում են Vogue, Harper's BAZAAR, ELLE, FashionUnited, Metal Magazine և Fucking Young ամսագրերը։

Մամուլի ասուլիսի ժամանակ կազմակերպիչներն առանձնահատուկ ընդգծել են միջազգային մամուլի դերը։ Արտասահմանյան հյուրերը ոչ միայն պարզապես ներկա են գտնվում ցուցադրություններին, այլև ծանոթանում են հայ դիզայներների հետ, գրում նրանց մասին և իրենց հետ տանում տեղական նորաձևության միջավայրի մասին սեփական տպավորությունները։

Ծրագրի ևս մեկ բաղադրիչ է Fashion Talks-ը։ Քննարկումների կենտրոնում կլինեն հայկական բրենդների՝ միջազգային շուկաներ դուրս գալու հեռանկարները, ձեռներեցությունը, կայուն զարգացումը, տեխնոլոգիաները, հաղորդակցությունը և նորաձևության ապագան։ Զուգահեռաբար կանցկացվեն ցուցահանդեսներ և միջոլորտային նախագծեր, որոնք նորաձևությունը կապում են արվեստի, արհեստների, մշակութային ժառանգության, տեխնոլոգիաների և վիզուալ մշակույթի հետ։

Ընդ որում, կազմակերպիչները խոսում են ոչ միայն դիզայներների, այլև նրանց շուրջ ձևավորված ողջ ենթակառուցվածքի մասին։ Արտադրամասերը, ֆաբրիկաները, թիմերը, մասնագետները, հարթակներն ու կազմակերպիչները՝ այս ամենը նորաձևության արդյունաբերությունը ձևավորում է որպես առանձին մասնագիտական միջավայր։



© NEWS.am STYLE