11:27 3 հոկտեմբերի, 2026Հոնկոնգցի ինֆլուենսեր Էբբի Չոյի նախկին ամուսինը գնել է մսաղաց և սպանված կնոջ մնացորդները եփել գազարի և բողկի հետ միասին՝ փորձելով թաքցնել քայքայման հոտը: Դաժան հանցագործության ցնցող մանրամասները բացահայտվել են Հոնկոնգի դատարանում, որտեղ լսվել է 28-ամյա մոդելի և սոցիալական ցանցերի աստղի սպանության գործը, հաղորդում է Daily Mail-ը։
2023 թվականի փետրվարին ոստիկանությունը Հոնկոնգի արվարձաններից մեկի տանը հայտնաբերել է Չոյի մասնատված մարմնի բեկորներ: Նրա ոտքերը հայտնաբերվել են սառնարանում, իսկ գանգը և մի քանի կողոսկրեր՝ ապուրի կաթսայում: Հանցագործությունը ցնցել է Ասիայի ֆինանսական կենտրոնը։
Էբբի Չոյը, որն Ինստագրամում ավելի քան 140,000 հետևորդ ուներ, մահից կարճ ժամանակ առաջ լուսանկարներ էր հրապարակում Փարիզի նորաձևության շաբաթից: Նրա կյանքը ողբերգականորեն ընդհատվեց 2023 թվականի փետրվարին։
Մեղադրյալների թվում են նրա նախկին ամուսինը՝ 31-ամյա Ալեքս Կվոնգը, նրա 68-ամյա հայրը՝ Կվոնգ Կաուն, և 35-ամյա եղբայրը՝ Էնթոնի Կվոնգը։ Երեքն էլ իրենց մեղավոր չեն ճանաչել սպանության մեջ։ Դատավարությունը սկսվել է չորեքշաբթի օրը, և եթե մեղավոր ճանաչվեն, նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։
Դատախազ Շառլոտ Դրեյքոթի խոսքով՝ Չոյի անհետացման մասին հայտարարվելուց մի քանի օր առաջ մեղադրյալները գնել են սարքավորումներ, որոնք, մեղադրական եզրակացության համաձայն, հետագայում օգտագործել են նրա մարմինը մասնատելու և ոչնչացնելու համար։ Գնված իրերի թվում էր մսաղացը։
Դատարանը նաև լսել է հարևանների ցուցմունքները, որոնք հիշում են, որ 2023 թվականի փետրվարի 21-ին լսել են էլեկտրական շղթայական սղոցի ձայնը։ Ավելի ուշ նրանք հայտնել են առաջին հարկի բնակարանից եկող ուժեղ, տհաճ հոտի մասին։
Մեղադրական եզրակացությունը սղոցի աղմուկը և գարշահոտը վերագրվում է մեղադրյալների՝ Չոյի մարմինը վերացնելու փորձերին։
Դատախազների պնդմամբ՝ կնոջ մնացորդները եփվել են ոչ թե սպառման, այլ անճանաչելի դարձնելու համար։ Գազար և բողկ են միտումնավոր ավելացրել կաթսայի մեջ՝ մնացորդների քայքայման և եփման հետևանքով առաջացած հոտը թաքցնելու համար։
Փետրվարի 25-ին Ալեքս Կվոնգը ձերբակալվել է Հոնկոնգից դուրս գալու փորձի ժամանակ։ Նրա հայրն ու եղբայրը ձերբակալվել են նախորդ օրը։ Ալեքսը և Էբբի Չոյը երկու երեխա ունեին։
Մեղադրող կողմը, որպես ապացույց, ատենակալներին ներկայացրել է մուրճը։ Դատաբժշկական փորձաքննության համաձայն՝ Չոյի գանգի վրա բութ առարկայով հասցված վնասվածքները համապատասխանում էին մուրճի ձևին։
Մեղադրողների պնդմամբ՝ սպանության ենթադրյալ դրդապատճառներից մեկը Չոյի և նրա նախկին ամուսնու ընտանիքի միջև ֆինանսական վեճն էր՝ 60 միլիոն հոնկոնգյան դոլար (մոտավորապես 7.7 միլիոն դոլար կամ 578,000 ֆունտ ստեռլինգ) արժողությամբ շքեղ անշարժ գույքի շուրջ, որի համար ինֆլուենսերն ինքն էր վճարել։
Մեղադրող կողմի պնդմամբ՝ մի քանի տարի առաջ Չոյը որոշել էր անշարժ գույքը փոխանցել իր նախկին աներոջը՝ հարկերի բարձրացումից խուսափելու համար։ Սակայն, 2022 թվականին կնոջ և Կվոնգ ընտանիքի միջև հարաբերությունները սկսեցին վատթարանալ, երբ նա փորձեց վաճառել շքեղ բնակարանը։
Մեղադրողները հայտարարել են, որ ոստիկանության նախկին սերժանտ Կվոնգ Կաուն «չափազանց վրդովված և զայրացած» էր Չոյի՝ գույքը վաճառելու մտադրությունից։ Հետաքննիչները պնդում են, որ նա որոշել է սպանել կնոջը՝ բնակարանը պահելու համար, ապա հանցագործությունը ծրագրել է իր որդիների հետ։
Դատավարությունը, ենթադրաբար, կտևի առնվազն մինչև դեկտեմբեր։