19:33 3 հոկտեմբերի, 2026Հինգ տասնամյակ նույն բեմում, հազարավոր համերգներ, հանդիպումներ ականավոր դիրիժորների և երաժիշտների հետ, և մի գործիք, որը մի ժամանակ վախեցնում էր նրան իր չափսերով։ Հայաստանի վաստակավոր արտիստ և Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր Ժաննա Հովհաննիսյանը իր կյանքի կես դարը նվիրել է նվագախմբին։ NEWS.am STYLE-ի հետ հարցազրույցում Ժաննան խոսել է Թբիլիսիում անցկացրած իր մանկության, Արամ Խաչատրյանի հետ անսպասելի հանդիպման, Երևան տեղափոխվելու, մենակատարի կարիերայի և բեմում նույնիսկ Շոստակովիչի ելույթների ժամանակ տեղի ունեցող տարօրինակ միջադեպերի մասին։
Երաժշտական կրթությունից բացի ես ֆիզիկոս եմ։ Այո՛, մի զարմացեք
Ծնվել և մեծացել եմ Թբիլիսիում, Հավլաբար թաղամասում։ Հայրիկս՝ Նար-Դոսի գերդաստանից էր։ Նար-Դոսը՝ Միքայել Հովհաննիսյանը պապիկիս եղբայրն էր։ Ծնողներս պրոֆեսիոնալ երաժիշտներ չէին։ Մասնագիտությամբ նրանք ճարտարապետներ էին, սակայն որպես ինքնուս երաժիշտներ հայրս նվագում էր փողային և մեր ժողովրդական գործիքների վրա, նաև դաշնամուր, իսկ մայրս՝ ջութակ էր նվագում։ Երբ բարեկամները, ընկերները հավաքվում էին մեր տանը՝ նվագում, երգում, պարում էին։ Մեր բակի, նաև թաղի հարևաններն էլ էին նվագում ու երգում։ Իմ մանկության տարիներին ամենուր երաժշտություն էր հնչում։ Այնպես որ, ես երաժշտական մթնոլորտում էի մեծանում։ Ասեմ, որ խորհրդային տարիներին շատ ընդունված էր երեխաներին երաժշտական կրթության տալ։ Երբ որոշվեց, որ պետք է ընդունվեմ երաժշտական դպրոց, հայրիկս ասաց․ «Ես գիտեմ, որ դու դաշնամուրն ես ընտրել, բայց գիտե՞ս, որ ուրիշ հետաքրքիր գործիքներ էլ կան։ Ծանոթացիր, հետո կընտրես»։ Ծանոթանալը՝ ծանոթացա, ընտրեցինք տավիղը, բայց դա, ավելի շատ հայրիկիս ընտրությունն էր, քան իմը։ Եթե ավելի անկեղծ, ես փոքր էի և տավիղի չափերը ինձ վախեցնում էին։ Սակայն պարզվեց, որ այդ երաժշտական դպրոցում կա ֆրանսիական փոքր տավիղ, որի վրա էլ սկսեցի սովորել։ Դաշնամուր էլ էի սովորում նվագել, դա պարտադիր էր, սակայն հիմնական գործիքը՝ տավիղն էր։ Հետաքրքիր էր մանկավարժների կազմը։ Շատ էին հրեաները, գերմանացիները։ Այն ժամանակ, կարծում եմ, ուրիշ էր մոտեցումը երաժշտությանն ու ընդհանրապես մշակույթին, և այդ մանկավարժներն իրոք նվիրյալներ էին, որ անմնացորդ ծառայում էին իրենց գործին։ Յոթ տարեկանից բեմում եմ եղել, համերգների եմ մասնակցել։ Երաժշտական դպրոցից հետո ընդունվեցի ուսումնարան, հետո կոնսերվատորիա։ Սկզբում Թբիլիսիի, հետո տեղափոխվեցի Մոսկվայի կոնսերվատորիա։
Ի դեպ, երաժշտական կրթությունից բացի ես ֆիզիկոս եմ։ Այո՛, մի զարմացեք։ Ծնողներս համարում էին որ երաժշտությունը՝ հոգու համար է, իսկ ավելի «կոնկրետ» մասնագիտություն ստանալը պարտադիր է։
Արամ Խաչատրյանի հորդորն էր պատճառը, որ ես տեղափոխվեցի Երևան
Երբ Արամ Խաչատրյանը գալիս էր իր հարազատ Թբիլիսի, որտեղ ծնվել էր, չեք պատկերացնում, թե մարդիկ ինչպեսի խանդավառությամբ ու մեծարանքով էին նրան ընդունում։ Համերգներ էին կազմակերպվում, որտեղ կատարվում էին նրա ստեղծագործությունները։ Եվ ահա, հերթական այցի ժամանակ պետք է հնչեր «Ուրախության ներբող» («Ода радости») կանտատ-բալլադը` մեներգչի, երգչախմբի, ջութակահարների ու տավղահարների անսամբլների և սիմֆոնիկ նվագախմբի համար։ Պատկերացնում եք տասնվեց տավղահար էր ընդգրկված, որոնցից մեկն էլ, բախտի բերումով, ես էի։ Ասեմ, որ Արամ Իլյիչը շատ էր սիրում տավիղը և իր սիմֆոնիկ կտավներում միշտ ընգրկում էր։ Երբ փորձն ավարտվեց, Արամ Իլյիչը մոտեցավ ինձ ու հարցրեց․ «Ձեր ազգանունը»։ Ես պատասխանեցի, ասաց․ «Երբ ավարտեք կոնսերվատորիան, անպայման տեղափոխվեք Հայաստան։ Մայրս, որ եկել էր փորձին, և արդեն իսկ մտքում ուներ տեղափոխվել, քանի որ նաև մորաքույրս էր Երևանում ապրում, լսելով Արամ Իլյիչի խոսքերը, վերջնական որոշում կայացրեց և մենք տեղափոխվեցինք պատմական հայրենիք։
Ուսուցիչներս ինձ տեսնում էին որպես մենակատար երաժիշտ, սակայն իմ ապագան որոշեցի կապել նվագախմբի հետ
Երևան տեղափոխվեցինք 1975 թվականին։ Հայաստանի ազգային ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբին այդ ժամանակ պետք էր տավղահար։ Դիմեցի, և նվագախմբի գլխավոր դիրիժոր Ռաֆայել Մանգասարյանը լսելով իմ կատարումը առաջարկեց զբաղեցնել թափուր տեղը։ Այդ տարի ես և՛ համույթների կազմում և՛ որպես մենակատար, նվագում էի տարբեր դահլիճներում։ Համերգներից մեկի ժամանակ ներկա էր այն ժամանակ դեռ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Դավիթ Խանջյանը։ Նա ինձ հրավիրեց նվագախումբ, և ահա ուղիղ կես դար ես ծառայում եմ այսօր արդեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում։
Իհարկե, ուսուցիչներս ինձ տեսնում էին որպես մենակատար երաժիշտ։ Սակայն ես որոշեցի իմ հիմնական գործունեությունը, իմ ապագան կապել նվագախմբի հետ, և դա ճիշտ որոշում էր։ Հիանալի դիրիժորներ են ղեկավարել մեր նվագախումբն ու յուրաքանչյուրն իր հետքն է թողել։ Բայց առանձնակի պետք է հիշատակեմ նրանց, ովքեր ուրույն, մեծ դերակատարում են ունեցել՝ Դավիթ Խանջյանին, Վալերի Գերգիևին, Լորիս Ճգնավորյանին և Էդուարդ Թոփչյանին, ով ղեկավարում է նվագախումբն արդեն քառորդ դարից ավելի։
Ես շոկի մեջ եմ։ Դահլիճն ինձ է նայում, իսկ Թոփչյանն, անտեղյակ կատարվածից թափահարում է փայտիկն ու նվագախումբը սկսում է նվագել
Տավիղը շատ բարդ գործիք է և միգուցե դա է պատճառը, որ քչերն են ընտրում։ Նախ ծանր է, հետո գործիքի ամբողջ ծանրությունը տավղահարը պահում է աջ ուսով և ոտքերով, ու միաժամանակ աշխատում ոտնակների հետ։ Այսինքն, նվագում ենք չունենալով որևէ հենարան։
Համերգների ժամանակ պատահում են զավեշտալի պատմություններ։ Ահա դրանցից մեկը պատմեմ։ Հյուրախաղերի էինք մեկնել Բեռլին։ Բեմում, մի փոքր առանձնացած, ավելի բարձր հարթության վրա դրված էր տավիղը, և ես տեսանելի էի հանդիսատեսին։ Նվագելու էինք Շոստակովիչի հինգերորդ սիմֆոնիան, որտեղ տավիղի հատվածները բավականին շատ են։ Էդուարդ Թոփչյանն արդեն դուրս է գալիս բեմ, ու այդ պահին տավիղի միջին լարը, որն ուղղակի անհրաժեշտ է այդ ստեղծագործությունում՝ պոկվեց։ Ես շոկի մեջ եմ։ Դահլիճն ինձ է նայում, իսկ Թոփչյանն, անտեղյակ կատարվածից թափահարում է փայտիկն ու նվագախումբը սկսում է նվագել։ Ես գիտեի, որ եվրոպական բեմերում պարտադիր է մի արկղի մեջ թողնել լրացուցիչ լարեր։
Ամերիկայում, օրինակ չեն թողնում։ Տեսնում եմ, որ ռոյալի մոտ է արկղը։ Նվագում եմ, իսկ իմ պարտիայի ընդմիջումներում ոտքով մոտեցնում եմ արկղը, բացում և մեծ դժվարությամբ փոխում լարը։ Ինչևէ, սիմֆոնիայի չորրորդ մասում, երբ առանց այդ լարի մեղեդին հնարավոր չէր կատարել, լարն արդեն հասցրել էի ամրացրել։ Այդ ողջ ընթացքում հանդիսատեսն ու նվագախմբի երաժիշտներն աչքերով հետևում էին իմ գործողություններին։ Եվ, միայն Թոփչյանը չիմացավ կատարվածի մասին։