Կաննի կինոշուկայում ղարաբաղյան ազատամարտի մասին պատմող ֆիլմ կցուցադրվի

16:29   10 մարտի, 2014

Կաննի կինոփառատոնի շրջանակներում կազմակերպվող կինոշուկայում այս տարի հայկական արտադրության մեկ ֆիլմ կներկայացվի` Ջիվան Ավետիսյանի՝ արցախյան ազատամարտի մասին «Թեւանիկ» ֆիլմը։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամլո խոսնակ Ռուզան Բագրատունյանն ասաց, որ կինոկենտրոնը որոշակի աջակցություն ցուցաբերել է ռեժիսորին, սակայն ֆիլմը Կաննի կոնոշուկայում ներկայացնելը նրա նախաձեռնությունն է։

«Կինոկենտրոնը ապահովում է այնտեղ տաղավար, որտեղ լինում են պրեզենտացիաներ, ցուցադրություններ, երեկոներ, հանդիպումներ եւ այլն»,-ասաց նա։

Ռուզան Բագրատունյանի խոսքով՝ այլ հայտեր դեռ չկան Կաննի կինոփառատոնի կամ կինոշուկայի մասնակցության վերաբերյալ, բայց գուցե լինեն՝  «դեռ շուտ է»:


NEWS.am STYLE-ը կապվեց նաեւ «Թեւանիկի» ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի հետ։ Մեզ հետ զրույցում ռեժիսորն ասաց, որ Կինոկենտրոնը ֆիլմի համարտադրողն է, սակայն Կաննի կինոշուկայում ֆիլմը ներկայացվելու է իր նախաձեռնությամբ։ Դահլիճը, որտեղ ցուցադրվելու է ֆիլմը, Ջիվան Ավետիսյանն ինքն է գնել։

«Թեւանիկը» 80 րոպե տեւողությամբ լիամետրաժ հայկական ֆիլմ է, որը պատմում է Ղարաբաղյան ազատամարտի մասին։

Պատրաստեց՝ Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE