«Ես միշտ երազել եմ Հայաստան այցելել». Պատրիսիա Կաաս

13:56   10 մարտի, 2014

Միշտ երազել եմ Հայաստան այցելել: Այս մասին այսօր՝ մարտի 10-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց ֆրանսիական ճանաչված երգչուհի Պատրիսիա Կաասը, ով նախօրեին երեւանյան ՄՀՀ-ում հանդես եկավ «Կաասը Պիաֆի համար» փայլուն համերգով: Աստղը Հայաստան է եկել մեր երկրի Արտաքին գործերի եւ մշակույթի նախարարությունների, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան եւ «Արարատ» կոնյակների աջակցությամբ: Համերգը կայացել է «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում:

Պատրիսիա Կաասը պատմեց, որ միշտ երազել է համերգով Հայաստան գալ, բայց վստահ չի եղել, որ ճանաչված է հայ հանդիսատեսի շրջանում: Սակայն գերազանց ընդունելությունը ցրել է աստղի բոլոր կասկածները: Երգչուհին ընդգծեց, որ ընդունելությունն այնքան ջերմ էր, որ հիմա մտածում է եւս մեկ համերգով Հայաստան այցելելու մասին:

Կաասը նշեց, որ իր երաժշտական ծրագրի թեման՝ նվիրված Պիաֆին, պատահաբար չի ընտրել. 2013թ. լրացավ մեծ երգչուհու մահվան 50-րդ տարելիցը:

«Ես որոշեցի իմ համերգային ծրագիրը նվիրել Ֆրանսիայի ամենահայտնի երգչուհուն: Ես ինքս պաշտում եմ Պիաֆին եւ չէի կարող անտարբեր անցնել նման կերպարի կողքով: Ինձ հոգեհարազատ են նրա սիրո պատմությունները, նրա տխրությունը, նրա կյանքի պատմությունը: Պիաֆի ողբերգությունն ինձ համար մեծ դպրոց է: Ես ցանկանում էի ինքս այդ ամենը վերապրել բեմում, այն փոխանցել հանդիսատեսին: Հուսով եմ՝ ստացվեց, եւ հայ հանդիսատեսն ընկալեց սեր կոչվող իմ ուղերձը:

Ուրախ եմ, որ ինձ առիթ ընձեռվեց ժամանել Երեւան, ընդունվել նման հիասքանչ հանդեսատեսի կողմից: Հուսով եմ՝ կարողացա արդարացնել համերգի բոլոր մասնակիցների ակնկալիքները:

Սակայն փաստը, որ ես պաշտում եմ Պիաֆին, չի նշանակում, որ չեմ սիրում մյուս կատարողներին: Ես հետեւում եմ ժամանակակից միտումներին: Ինձ շատ են դուր գալիս ներկայում Ֆրանսիայում հայտնի երգիչ Ստրոմաեի տեքստերը»,- նկատեց երգչուհին:

Կաասը, ով երեւանյան բեմում ներկայացավ ոչ միայն որպես երգչուհի, այլեւ պարուհի, ընդգծեց պարերի հանդեպ իր կիրքը, որոնց միջոցով փորձել է հանդիսատեսին փոխանցել իր զգացմունքները:

Երգչուհին նաեւ նշեց, որ անցյալ տարի մեկնարկած շրջագայության ընթացքում հասցրել է 130 համերգ տալ:

Պարույր Սինյավսկի

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE