Աղաս Մանուկյանը՝ «Բարի Գալուստի» մասին․ առաջին պրոդյուսերական փորձը, Հունաստանում նկարահանումներն ու չնկարահանվելու որոշումը

17:06   6 հոկտեմբերի, 2026

Հոկտեմբերի 20-ից Shant TV-ի եթերում կմեկնարկի «Բարի Գալուստ» նոր սիթքոմը, որը հեռուստադիտողին կներկայանա ոչ միայն նոր պատմությամբ ու դերասանական կազմով, այլև հետաքրքիր առանձնահատկությամբ․ նախագիծն ամբողջությամբ նկարահանվել է Հունաստանում։

Սիթքոմում նկարահանվել են Իրինա Հարությունյանը, Արման Նավասարդյանը, Մարինկա Խաչատրյանը, Դելոն, Էվա Խաչատրյանը, Նորայր Եղյանը, Արման Գևորգյանը, Սերգեյ Գրիգորյանը, Վահե Պետրոսյանը և այլ դերասաններ։

«Բարի Գալուստը» սիրված դերասան Աղաս Մանուկյանի համար առաջին պրոդյուսերական փորձն է։ Նա նախագծում նաև սցենարի համահեղինակն է։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Աղասը պատմել է՝ ինչպես ծնվեց նախագիծը, ինչպես ձևավորվեց դերասանական կազմը, ինչու որոշեց առաջին անգամ հանդես գալ որպես պրոդյուսեր, ինչու ինքը չնկարահանվեց սիթքոմում և ինչ է սպասվում «Բարի Գալուստի» առաջին եթերաշրջանում։

IMG_5891.jpeg (7.02 MB)

«Ժամանակն էր անել մի բան, որ ամեն ինչ քո սրտով լինի»

Աղաս Մանուկյանի խոսքով՝ պրոդյուսերական գործունեության անցնելու որոշումը պատահական չի եղել։ Նա ցանկացել է ստեղծել մի նախագիծ, որտեղ կարող էր սեփական պատկերացմամբ ձևավորել թե՛ սցենարը, թե՛ ստեղծագործական թիմը, թե՛ դերասանական կազմը։

«Ես հասկացա, որ ժամանակն է անել մի բան, որ ամեն ինչ քո սրտով կլինի՝ թե՛ սցենարը, թե՛ նկարահանող խումբը, թե՛ դերասանները։ Հենց այսպես էլ այս որոշումը կայացրի»,- պատմել է նա։

Նախագծի ստեղծման առաջարկը, ինչպես նշում է Աղասը, եղել է Կառլեն Առաքելյանի կողմից, ով Հունաստանում Akva Buildings ընկերության համասեփականատերն է։

Սցենարի վրա Աղասն աշխատել է Հայկ Սարգսյանի և Արտակ Վասիլյանի հետ։ Երեք հեղինակների համատեղ աշխատանքի արդյունքում էլ ձևավորվել է սիթքոմի պատմությունը։

IMG_5892.jpeg (245 KB)

Ինչու Աղասը չի նկարահանվել սիթքոմում

Թեև Աղաս Մանուկյանը նախագծի գաղափարի, սցենարի և պրոդյուսերական աշխատանքի անմիջական մասնակիցն է, այս անգամ որոշել է չհայտնվել նաև դերասանական կազմում։

«Չնկարահանվելու որոշումը կայացրի, որպեսզի կարողանամ ամբողջությամբ կենտրոնանալ պրոդյուսերական աշխատանքի վրա, որպեսզի այն իդեալական իրականացնեմ՝ առանց վրիպումների։ Կարծում եմ՝ թիմը կփաստի, որ դա ինձ հաջողվեց»,- ասում է Աղասը։

Ինչի՞ մասին է «Բարի Գալուստը»

Սիթքոմի գործողությունները հիմնականում զարգանում են հյուրանոցային միջավայրում։ Գաղափարը ծնվել է այն ժամանակ, երբ ստեղծագործական թիմը ծանոթացել է Հունաստանում Akva Buildings-ի գործունեությանը։ Այդ միջավայրն էլ հեղինակներին հուշել է ստեղծել հյուրանոցի աշխատակիցների մասին պատմություն, որտեղ տարբեր կերպարների՝ տնօրենի, մաքրուհու, բարմենի, հյուրընկալի և մյուս աշխատակիցների հարաբերությունները բազմաթիվ զվարճալի իրավիճակների առիթ են դառնում։

«Պատկերացրինք, որ այդտեղ կարող են ներգրավված լինել հյուրանոցի տարբեր կերպարներ։ Տարբեր ծիծաղելի իրավիճակներ պատկերացրինք, որոնք, կարծում ենք, մեր հեռուստադիտողներին կհետաքրքրեն»,- նշել է Աղասը։

Սակայն «Բարի Գալուստը» միայն հումորային իրավիճակների շարք չէ։ Ըստ Աղասի՝ պատմության հիմքում նաև բարու և չարի հակադրությունն է։

«Ցանկանում ենք, որ շատ ծիծաղեն։ «Բարի Գալուստի» յուրահատկությունը հենց դա է լինելու։ Միևնույն ժամանակ, այն ցույց է տալու, որ բարին հաղթում է չարին։ Մեր պարագայում խոսքն աշխատակազմի մթնոլորտը փչացնողի մասին է։ Ի վերջո, մեր սիթքոմում բոլորը, անկախ վեճերից, դառնում են մեկ ընտանիք»,- ասել է նա։

IMG_5893.jpeg (6.03 MB)

Դերասանների ընտրությունը

Սիթքոմի դերասանական կազմի ընտրությունն Աղաս Մանուկյանն իրականացրել է ռեժիսոր Արման Մելիքյանի հետ։ Նրա խոսքով՝ որոշ դերասանների կերպարներն արդեն պատկերացնում էր դեռ սցենարի ստեղծման փուլում։

«Սցենարը գրելիս արդեն մտովի գիտեի՝ ով է լինելու։ Հենց դրանով էլ սիթքոմը շատ օրգանական կլինի»,- նշում է Աղասը։

Նախագծի ստեղծագործական թիմի ընտրության հարցում ևս նա նախապես որոշակի պատկերացում ուներ։ Վերջնական որոշումից հետո համագործակցության է հրավիրել Արման Մելիքյանին և նրա թիմին։

Առաջին հայկական հումորային նախագիծը՝ նկարահանված Եվրոպայում

«Բարի Գալուստի» նկարահանումներն ամբողջությամբ իրականացվել են Հունաստանում։ Աղասի խոսքով՝ նկարահանման գործընթացը բավական թեթև և հաճելի է անցել։

«Շատ լավ և թեթև նկարահանումներ ենք ունեցել։ Կարծում եմ՝ սա առաջին հայկական հումորային սիթքոմն է կամ սերիալը, որը նկարահանվում է Եվրոպայում»,- ասում է նա։

Հունաստանում անցկացրած նկարահանման օրերը, բնականաբար, չեն անցել միայն աշխատանքային ռեժիմում։ Թիմի հետ կապված զվարճալի պատմությունները շատ են եղել, թեև Աղասը դժվարանում է առանձնացնել դրանցից որևէ մեկը։

Առանց գովազդային placement-ների

Նախագծի հեղինակները որոշել են նաև հրաժարվել սիթքոմում գովազդային placement-ներից։ Աղասի խոսքով՝ դա իրենց համար կարևոր նախապայման է եղել։

«Սա շատ կարևոր նախապայման է։ Ցանկանում ենք, որ հեռուստադիտողը պարզապես շատ ծիծաղի»,- նշում է նա։

Նրա խոսքով՝ թիմը փորձել է նաև որոշակի փոփոխություն մտցնել սիթքոմի թե՛ սցենարական, թե՛ հումորային մոտեցման մեջ՝ ստեղծելով թեթև, զվարճալի և միաժամանակ մարդկային պատմություն։

«Բարի Գալուստը» շարունակական է լինելու

Նոր սիթքոմը նախատեսված չէ միայն մեկ եթերաշրջանի համար։ Աղաս Մանուկյանի խոսքով՝ նախագիծը լինելու է շարունակական, իսկ ստեղծագործական թիմն արդեն մտածում է երկրորդ եթերաշրջանի մասին։

«Արդեն մտածում ենք երկրորդ եթերաշրջանի մասին։ Նախատեսում ենք այն ներկայացնել 2027 թվականին»,-ասուն է նա։

«Բարի Գալուստ» սիթքոմի առաջին եթերաշրջանը Shant TV-ի եթերում կլինի հոկտեմբերի 20-ից։

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE