Ռաֆայել Երանոսյանը խոստանում է «թեթևացնել» կյանքի ծանրությունները. նոր մոնոներկայացման պրեմիերան՝ հոկտեմբերի 19-ին

17:03   7 հոկտեմբերի, 2026

Ռաֆայել Երանոսյանը կրկին բեմ է բարձրանալու մոնոներկայացմամբ, այս անգամ՝ «Ծանր ու թեթև» խորագրով։ Նոր ներկայացման պրեմիերան նախատեսված է հոկտեմբերի 19-ին՝ «Բոհեմ» թատրոնում։ Այս օրերին դերասանն ու ստեղծագործական թիմը ակտիվ փորձերի փուլում են, դրանցից մեկին ներկա գտնվելու հնարավորություն ունեցան նաև լրագրողները։

Ներկայացման մասին պաշտոնական հայտարարությունից առաջ Ռաֆայել Երանոսյանը ինտրիգային տեսանյութ էր հրապարակել Instagram-ում, որտեղ ամեն ինչ կարծես սեփական հարսանիքի բեմադրություն լիներ։ Թե ինչ էր իրականում նշանակում այդ հոլովակը, ինչպես նաև՝ երբ է պատրաստվում ամուսնանալ, դերասանը խոստացել է պատասխանել հոկտեմբերի 19-ին։

Մինչ այդ, սակայն, արդեն պարզ է՝ այդ օրը Ռաֆայելն ու իր թիմը պատրաստվում են հանդիսատեսին «թեթևություն» պարգևել։ «Ծանր ու թեթև»-ի գաղափարն այն է, որ առօրյայի ծանր խնդիրներին հնարավոր է նայել նաև մեկ այլ՝ ավելի թեթև, հումորային ու երբեմն էլ՝ ինքնահեգնական տեսանկյունից։

Ներկայացման սցենարի հեղինակներն են Արմեն Վարդանյանը, Թելման Առաքելյանը, Գարիկ Գևորգյանը և Գևորգ Սահակյանը։ Բեմադրող ռեժիսորը Դավիթ Աբրահամյանն է, պրոդյուսերը՝ Վահան Թովմասյանը։ Պաստառի լուսանկարի հեղինակը Արվին Քոչարյանն է, իսկ երաժշտական ձևավորումն իրականացրել է Վահե Գրիգորյանը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

«Ռաֆոյի մտքերը, գաղափարներն ու հումորային մոտեցումները շատ կարևոր են»

Սցենարիստ Գարիկ Գևորգյանի խոսքով՝ «Ծանր ու թեթև»-ը Ռաֆայել Երանոսյանի հետ իրենց արդեն երրորդ համագործակցությունն է մոնոներկայացման ձևաչափում։ Ստեղծագործական թիմի անդամների ու դերասանի երկար տարիների ընկերությունն էլ, ըստ նրա, օգնում է ճիշտ փոխանցել Ռաֆոյի մտածողությունն ու հումորը։

«Մոնոներկայացման դեպքում շատ կարևոր է, որ իր մտքերը, գաղափարները և հումորային մոտեցումները լինեն, իսկ ընկերությունը շատ օգնում է այս հարցում։ Մենք այս թիմով շատ երկար ենք աշխատում, արդեն ունենք հստակ աշխատանքային բաժանում, թե որ մեկս որ թեմայի շուրջ պետք է աշխատենք, բայց տարաձայնություններ լինում են»,- պատմեց Գարիկ Գևորգյանը։

Նրա խոսքով՝ նոր ներկայացման համար ընտրվել են ամենատարբեր թեմաներ։ Դրանցից շատերը հանդիսատեսին կարող են ծանոթ թվալ, սակայն նոր է դրանց մատուցման ձևը։

«Ռաֆայելն իրեն բնորոշ հումորով է մոտենալու շատ հարցերի, բայց կլինեն նաև տողատակեր և թաքնված ասելիքներ»,- նշեց սցենարիստը։

«Ծանր ու թեթև»-ը նաև «Փահլևանի» տրամաբանական շարունակությունն է
Ռաֆայել Երանոսյանի հետ երկար տարիներ համագործակցող սցենարիստ Արմեն Վարդանյանի համար այս ներկայացումն արդեն չորրորդն է, որը ստեղծագործական թիմը հանձնելու է հանդիսատեսի դատին։

«Ես ուրախ եմ, որ արդեն չորրորդ ներկայացումն ենք հանձնում հանդիսատեսի դատին։ Այդ չորս ներկայացումները, ինչպես մեր չորս իշխանությունները, ունեն իրենց դրական ու բացասական կողմերը, բայց գնում ենք այն ուղղությամբ, որ ժողովրդի համար լինի լավ»,- կատակով նշեց Վարդանյանը։

Նրա խոսքով՝ «Ծանր ու թեթև»-ը որոշակի առումով «Փահլևան» ներկայացման տրամաբանական շարունակությունն է։ Եթե այնտեղ բարձրացվում էր այն հարցը, թե որ ճանապարհով պետք է շարժվել, ապա նոր ներկայացման մեջ այդ գաղափարը տեղափոխվում է առօրյա կյանքի տարբեր իրավիճակներ։

«Այստեղ էլ կենցաղային հարցերին, մինչև լուրջ որոշումներ քննարկելը, մտածում ենք՝ որն է ճիշտ, որ գծով գնանք։ Միանգամից որոշում կայացնելն է ճիշտ, թե չափից դուրս ծանր ու թեթև անելը»,- նշեց սցենարիստը։

Կենցաղային պատմություններից մինչև քաղաքական ենթատեքստեր

Թեև առաջին հայացքից կարող է թվալ, թե ներկայացման հիմքում հիմնականում կենցաղային թեմաներն են, ստեղծագործական թիմը խոստանում է, որ դրանց միջոցով կանդրադառնա նաև հասարակությանն ու երկրում տեղի ունեցող գործընթացներին։

Ներկայացման մեջ կլինեն նաև քաղաքական ենթատեքստեր, սակայն, ինչպես հեղինակներն են ընդգծում, այնքան, որքանով դրանք հետաքրքրում են այսօր Հայաստանում ապրող մարդուն։ Կենցաղային թվացող խնդիրներն իրականում տարբեր իրավիճակների ամբողջական պատկերն են ստեղծելու։

Այսպիսով, հանդիսատեսին սպասվում է ոչ միայն ծիծաղ, այլև ծանոթ իրավիճակների վերաիմաստավորում՝ Ռաֆայել Երանոսյանին բնորոշ հումորով, ինքնահեգնանքով ու, ինչպես խոստանում են հեղինակները, նաև թաքնված ասելիքով։

«Ռաֆայելի հետ աշխատելը շատ ահավոր է»

Մոնոներկայացման սցենարիստի կարգավիճակում Ռաֆայել Երանոսյանի հետ առաջին անգամ համագործակցող Թելման Առաքելյանը, սակայն, հումորով խոստովանում է՝ դերասանի հետ աշխատելն ամենևին էլ հեշտ չէ։

«Դուք աշխատե՞լ եք իր հետ, շատ ահավոր է, քանի որ նա այնքան լավ պատմություններ ունի, այնքան հումորով, որ գալիս է, պատմում, ներկայացնում, և մենք շեղվում ենք սցենարից»,- կատակեց նա։

Նրա խոսքով՝ «Ծանր ու թեթև»-ը, առաջին հերթին, մեր առօրյայի մասին է՝ իր բոլոր շերտերով։

Հայաստանից՝ ԱՄՆ և Եվրոպա

Նոր ներկայացման պատմությունը, ամենայն հավանականությամբ, չի ավարտվելու միայն Երևանի բեմում։ Պրոդյուսեր Վահան Թովմասյանը հայտնեց, որ Հայաստանից հետո ստեղծագործական թիմը նախատեսում է մեկնել Միացյալ Նահանգներ, իսկ այնուհետև ներկայացումը հասցնել նաև եվրոպական մի քանի երկրներ։

Իսկ մինչ այդ՝ հոկտեմբերի 19-ին, «Բոհեմ» թատրոնի բեմում Ռաֆայել Երանոսյանը հանդիսատեսին առաջարկում է մեկ երեկո թողնել առօրյա ծանրությունը դրսում և փորձել ամեն ինչին նայել մի փոքր ավելի թեթև։

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE