Երեք հարս, մեկ սկեսուր ու մեկ մեծ գաղտնիք․ «Հարսների հավաքականը»՝ բեմում

16:04   8 հոկտեմբերի, 2026

Երեք հարս, մեկ սկեսուր ու շատ ինտրիգներ. հոկտեմբերի 5-ին և 7-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ բարձրացավ ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանի «Հարսների հավաքական» զավեշտալի ներկայացումը՝ Իրինա Դանիելյանի, Մարջան Ավետիսյանի, Զառա Սահակյանի ու Լիանա Վանոյանի մասնակցությամբ: Պիեսի հեղինակը Արմեն Վարդանյանն է, որը Սեդրակի հետ միասին հանդիսանում է նաև ներկայացման պրոդյուսերը:

Իսկ ինչի՞ մասին է այս ամբողջ պատմությունը:

Պատկերացրեք՝ 3 միմյանցից տարբեր հարսներ, որոնք ապրում են տարբեր երկրներում՝ ԱՄՆ-ում, Գերմանիայում և Ռուսաստանում, հանկարծակի որոշում են հյուր գալ իրենց սկեսրոջը, որը բնակվում է Հայաստանի գյուղերից մեկում: Նրանք դա անում են միմյանցից անկախ, և պատճառաբանում են, թե եկել են, պարզապես, իրենց սիրելի սկեսրոջ տարեդարձը շնորհավորելու: Իրականում յուրաքանչյուրն ունի իր պատճառը, և նրանք չեն էլ կարող պատկերացնել, թե որքան ընդհանուր է այն:

Սկեսուրի դերում Իրինա Դանիելյանն է, Ռուսաստանում բնակվող հարսին մարմնավորում է Զառա Սահակյանը, որի կերպարի հումորային արտահայտությունները անվերջ ծիծաղի մեջ են պահում հանդիսատեսին:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Գերմանիայից ժամանած հարսին մարմնավորում է Մարջան Ավետիսյանը. դերասանուհուն կտեսնեք բոլորովին նոր կերպարով ու էներգետիկայով:

Երրորդ հարսին, որը բնակվում է ԱՄՆ-ում, մարմնավորում է Լիանա Վանոյանը: Սա դերասանուհու առաջին դերն է թատրոնում, որը նա պատվով կատարեց:

Կերպարներից յուրաքանչյուրը հագեցած է հումորային ու զավեշտալի գծերով, սակայն հեղինակների նպատակը միայն ծիծաղեցնելը չէ:

Այստեղ շոշոփվում են նաև համախմբման, վերադարձի ու տունը միասին շենացնելու գաղափարները. այս դեպքում դա ներկայացվում էր այգին արժևորելու միջոցով:

«Հարսների հավաքական»-ի հաջորդ ներկայացումը կլինի հոկտեմբերի 25-ին՝ նույն վայրում՝ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE