Հյու Հեֆների այրին դիմել է Ջեսիկա Բիլին՝ հուսահատ խնդրանքով հրաժարվել Playboy-ի մասին ֆիլմում նկարահանվելուց  

11:18   9 հոկտեմբերի, 2026

Playboy-ի հիմնադիր Հյու Հեֆների այրին՝ Քրիստալ Հարիսը, հրապարակավ կոչ է արել Ջեսիկա Բիլին վերանայել իր որոշումը՝ նկարահանվելու Playboy առանձնատան աշխարհը ներկայացնող «Խաղընկերներ» ֆիլմում։ Հարիսը պնդում է, որ ֆիլմը կարող է ռոմանտիկացնել Հյու Հեֆների ժառանգությունը, որին նա մեղադրում է սեռական, հուզական, ֆինանսական և ֆիզիկական բռնության մեջ։

Ջեսիկա Բիլը կմարմնավորի Հեֆների կնոջը, սակայն նրա կերպարը կլինի հորինված և հիմնված չէ մեդիա մագնատի երեք իրական կանանցից որևէ մեկի վրա։ Բիլ Փուլմանը կմարմնավորի Հեֆներին, իսկ Լիլի-Ռոուզ Դեփը՝ Playboy-ի մոդելին, որը երազում է դառնալ ամսագրի ամսվա աղջիկը։

Նկարահանումների մասին հայտարարությունից հետո 40-ամյա Հարիսը անձնական հաղորդագրություն է ուղարկել Բիլին Instagram-ում՝ կոչ անելով դերասանուհուն հրաժարվել դերից։ Այնուհետև Հարիսը հրապարակել է զրույցը իր երեք միլիոն հետևորդների համար։ «Խնդրում եմ վերանայել Հյու Հեֆների «կնոջ» դերը խաղալու միտքը, եթե այս ֆիլմը նպատակ ունի ռոմանտիկացնել նրան կամ Playboy աշխարհը», - գրել է նա դերասանուհուն։

«Ես նրա կինն էի և այդ հարաբերություններում ենթարկվել եմ սեռական, հուզական, ֆինանսական և ֆիզիկական բռնության։ Շատ այլ կանայք նույնպես մեղադրանքներ են ներկայացրել բռնաբարության, հարկադրանքի, թմրանյութերի օգտագործման և շահագործման վերաբերյալ», - հավելել է Հարիսը։

Playboy-ի նախկին մոդել և լրագրող Լիզա Գերերոն նույնպես աջակցել է նրա դիրքորոշմանը։

«Այս տղամարդուն գեղեցկացնելու կամ նրան ավելի մարդկային լույսի ներքո պատկերելու ցանկացած փորձ չափազանց շատ է», - գրել է նա։

Daily Mail-ին տված մեկնաբանության մեջ Հարիսն ավելի հեռու է գնացել՝ Հեֆներին անվանելով «նարցիսիստ և կնատյաց պոռնոգրաֆ», որը, նրա խոսքով, համակարգված կերպով վատ է վերաբերվել և շահագործել է կանանց։

Նա նաև խոսել է իր փորձի մասին՝ պնդելով, որ մեդիա մագնատի հետ ամուսնությունը իրեն վերածել է «մարդկային դատարկ կճեպի»։ «Ես նրա համար մարդ չէի։ Նա ինձ չէր «տեսնում»։ Կանայք նրա համար առարկաներ էին», - ասել է Հարիսը։

Այնուամենայնիվ, այրին խոստովանել է, որ դեռ չի կարդացել Playmates-ի սցենարը։ Նա կոչ արեց ֆիլմարտադրողներին և ստուդիային ներկայացնել Հեֆների կյանքի և կանանց վրա նրա ազդեցության անկեղծ պատկերը, այլ ոչ թե ստեղծել ևս մեկ հմայիչ պատմություն մի տղամարդու մասին, ով տարիներ շարունակ մանրակրկիտ կերպով ստեղծել է իր սեփական առասպելը։

Ֆիլմի ռեժիսորն է Լորեյն Նիկոլսոնը։ Deadline-ի տվյալներով՝ նախագիծը ոգեշնչված է Հոլիվուդում մեծանալու և մանկության տարիներին Playboy Mansion այցելելու իր սեփական փորձից։

Playmates–ի պատմությունը կենտրոնանում է 13-ամյա Էլլի՝ ինքնավստահ աղջկա վրա, ով Playboy Mansion-ը համարում է իր երկրորդ տունը։ Այնտեղ նա հանդիպում է Աննային, որի դերը մարմնավորում է Լիլի-Ռոուզ Դեփը՝ «Ամսվա աղջիկ» մրցանակի համար պայքարող յոթ աղջիկներից մեկը։ Նրանց միջև անսպասելի բարեկամություն է զարգանում, քանի որ նրանք օգնում են միմյանց հասնել իրենց նպատակներին՝ ամսագրի շապիկին և երիտասարդ տղամարդու սրտին։ Քրիստալ Հարիսն ամուսնացել է Հյու Հեֆների հետ 2012 թվականի Նոր տարվա նախօրեին։ Այդ ժամանակ նա 26 տարեկան էր, իսկ Playboy-ի հիմնադիրը՝ 86։ Նա դարձավ նրա երրորդ և վերջին կինը։ Զույգը միասին մնաց մինչև Հեֆների մահը 2017 թվականին՝ 91 տարեկան հասակում։ Երկու տարի անց Հարիսը հրապարակեց անկեղծ հուշագրություն, որում պատմում էր Playboy առանձնատանը իր կյանքի և մեդիա մագնատի հետ ամուսնության մասին։

 



© NEWS.am STYLE