12:16 9 հոկտեմբերի, 2026Սելին Դիոնը կրկին ստիպել է երկրպագուներին անհանգստանալ իր առողջության համար։ Փարիզում իր վերջին համերգի ժամանակ երգչուհին ոչ միայն մոռացել է իր սեփական երգի բառերը, այլև կորցրել է հավասարակշռությունը բեմում՝ մտահոգություններ առաջացնելով իր համերգաշարի ապագայի վերաբերյալ։ 58-ամյա արտիստը անցյալ ամիս հաղթական վերադարձ է կատարել բեմ՝ Ֆրանսիայի մայրաքաղաքում մի շարք համերգներ տալով։
Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նա ստիպված է եղել չեղարկել իր նախորդ շրջագայությունը՝ կաշկանդված անձի համախտանիշի դեմ պայքարի պատճառով։
Չորեքշաբթի օրը Փարիզի «Լա Դեֆենս» արենայում կայացած իր 11-րդ ելույթի ժամանակ Դիոնը չի կարողացել զսպել զգացմունքները՝ «Pour Que Tu M'aimes Encore» երգը կատարելիս։
Ինստագրամում տեղադրված տեսանյութում երգչուհին դիմում է հանդիսատեսին. «Ես հասկացա բոլոր բառերը, ես ամեն ինչ հիանալի հասկացա, շնորհակալություն»։
Այնուամենայնիվ, մի քանի րոպե անց արտիստը դադար է տվել և խոստովանել. «Ես մոռանում եմ բառերը», ասել է նա ու դեմքը ձեռքերով ծածկել։
Հանդիսատեսը միացել է և օգնել Դիոնին շարունակել ելույթը։ Շուտով երգչուհին վերականգնել է իր հանդարտությունը և շնորհակալություն հայտնել հանդիսատեսին. «Ինչպիսի երջնկություն է, որ դուք այստեղ եք։ Ներեք ինձ»։
Ըստ ֆրանսիական «Le Parisien» թերթի՝ մեկ այլ երգի՝ «Un Autre Monde»-ի կատարման ժամանակ երգչուհին կորցրել է հավասարակշռությունը։ Այնուամենայնիվ, նա արագ ոտքի է կանգնել և հանդիսատեսին ցույց տվել բութ մատը վերև, որ ամեն ինչ լավ է։
2022 թվականի դեկտեմբերին երգչուհին հայտարարել է, որ իր մոտ ախտորոշվել է կաշկանդված անձի համախտանիշ՝ հազվագյուտ նյարդաբանական խանգարում, որն առաջացնում է մկանային կաշկանդվածություն և ցավոտ սպազմեր։
Ամենածանր փուլերում հիվանդությունն այնքան թուլացնող էր, որ նա դժվարանում էր նորմալ քայլել կամ օգտագործել ձայնը, ինչպես նախկինում։ Հենց այս վիճակի պատճառով էլ նա ստիպված եղավ չեղարկել շրջագայությունը։