Արքայազն Հարրին 100,000 դոլար է ստացել դեպրեսիայի և արքայադուստր Դիանայի մահվան մասին բացահայտումների համար

13:33   10 հոկտեմբերի, 2026

Ըստ լուրերի՝ արքայազն Հարրին 100,000 դոլար է վաստակել MasterClass կրթական նախագծին մասնակցելու համար, որի շրջանակներում նա անկեղծորեն խոսել է վշտի, դեպրեսիայի և մոր՝ արքայադուստր Դիանայի կորստի մասին: Daily Mail-ի փոխանցմամբ՝ Սասեքսի դքսի ներկայացուցիչը հաստատել է, որ նա վարձատրություն է ստացել իր մասնակցության համար։

Հրապարակման աղբյուրը կոչ է արել զգույշ լինել արքայազնին քննադատելիս՝ նշելով, որ նախ արժե դիտել նրա ելույթն ամբողջությամբ։

«Ես խորհուրդ kտայի բոլորին դիտել այն, նախքան եզրակացություններ անելը», - ասել է Daily Mail-ի աղբյուրը՝ հավելելով, որ Հարրին չպետք է չափազանց քննադատվի «անկեղծ խոսելու» համար։

«Վշտի վերաիմաստավորում. կորստի միջոցով դիմադրողականության կառուցում» խորագրով MasterClass-ի շրջանակներում Հարրին դասընթացը համատեղ դասավանդել է ամերիկացի նյարդաբան, դոկտոր Մերի-Ֆրենսիս Օ'Քոնորի հետ միասին: Դասընթացի նպատակն է օգնել դիտողներին գտնել կորստի հետ հաղթահարելու և հուզական հավասարակշռությունը վերականգնելու նոր եղանակներ։

Ըստ The Hollywood Reporter-ի, MasterClass-ի դասախոսները կարող են ակնկալել առնվազն 100,000 դոլար նախապես արված վճար, ինչպես նաև իրենց դասընթացներից ստացված բաժանորդագրության եկամտի 30%-ը։

Դասի ընթացքում Սասեքսի դուքսը մանրամասն խոսել է այն վշտի մասին, որը կրել է մոր մահից հետո՝ 1997 թվականի օգոստոսին։ Արքայազնն այդ ժամանակ ընդամենը 12 տարեկան էր, իսկ արքայադուստր Դիանան՝ 36։

Հարրին խոստովանել է, որ դեռևս հատուկ կապ է զգում մոր հետ և երբեմն խոսում է նրա դիմանկարի հետ։

Նա ասել է, որ Դիանայի մահից հետո երկար տարիներ իրեն անզգայացած է զգացել։ Սակայն ժամանակի ընթացքում նա սկսել է հավատալ, որ Դիանան կցանկանար, որ ինքը երջանիկ լիներ։ «Դա ինձ համար ներքին հսկայական շրջադարձային պահ էր։ Ես ինձ ազատագրված զգացի, և կյանքի նկատմամբ իմ հայացքները լիովին փոխվեցին»,-խոստովանել է դուքսը։



© NEWS.am STYLE