14:05 13 հոկտեմբերի, 2026Հոկտեմբերի 12-ը դուդուկի լեգենդ, ՀՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի ծննդյան օրն էր։ Այս տարի մեծանուն երաժիշտը կդառնար 98 տարեկան։
Ջիվան Գասպարյանը կարողացավ հայկական ժողովրդական մեղեդիները հասցնել համաշխարհային ունկնդրին՝ պահպանելով դրանց հոգին, միևնույն ժամանակ ներկայացնելով նոր ու ժամանակակից շնչո վ։ NEWS.am STYLE-ը զրուցել է Ջիվան Գասպարյանի թոռան՝ Ջիվան Գասպարյան կրտսերի հետ, ով շարունակում է պապիկի ստեղծագործական ուղին։
Ես պապիկին Ջիվան եմ դիմել, ոչ թե մեծամտաբար, այլ որովհետև ինքն էր այդպես ցանկացել։ Նրա բոլոր թոռնիկներն էլ նրան այդպես էին դիմում։ Ջիվանը երկու դուստր, երեք թոռ՝ ես, եղբայրս ու մորաքրոջս աղջիկը, ու հինգ ծոռ ունի։
Տատիկս հանդես է եկել Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլում։ Ամուսնությունից հետո, սակայն, նա թողել է բեմը՝ իրեն ամբողջությամբ նվիրելով ընտանիքին և դառնալով պապիկիս հուսալի հենարանը։ Նաև տատիկիս շնորհիվ էր, որ Ջիվան Գասպարյանը կարողացավ անմնացորդ տրվել իր արվեստին, կայանալ, զարգանալ ու հասնել նման բարձունքի։ Պապիկն իրեն երջանիկ մարդ էր համարում։ Նա ողջ կյանքում զբաղվել էր իր սիրած գործով և վայելել հանդիսատեսի անմնացորդ սերը։ Ջիվան Գասպարյանը վեց տարեկանից դուդուկ է նվագել։ Ինքնուս երաժշտից՝ դարձել պրոֆեսոր, ստացել ամենաբարձր կոչումներ ու մրցանակներ, և հայկական մեղեդին հնչեցրել ողջ աշխարհում։

Ջիվանն առաջին հերթին մարդ էր, հետո երաժիշտ
Ջիվանը մեծ դեր խաղաց, հարազատների, բարեկամների ու ընկերների կյանքում։ Թե՛ ընտանիքում, թե՛ ընկերական շրջապատում նա այնպիսի սեր ու հարգանք էր վայելում, որ անգամ դժվար է պատկերացնել։ Ջիվանն առաջին հերթին մարդ էր, հետո երաժիշտ։ 93 տարի ապրեց մաքուր ու ազնիվ կյանքով՝ նվիրված իր ընտանիքին, ընկերներին ու գործին։ Երբ նրան առաջարկեցին իր արձանը տեղադրել Աբովյան փողոցում, նա համաձայնեց միայն այն պայմանով, որ կողքին լինեն նաև իր ավագ ընկերներն ու վարպետները՝ Լևոն Մադոյանն ու Վաչե Հովսեփյանը։ Այսպես 2015 թվականին ստեղծվեց «Ուշացած լուսանկար» հայտնի արձանախումբը։
Այն որ հայրիկս իր աներոջ պատվին է դրել իմ անունը նույնպես մեծ հարգանքից էր։ Տարիներ անց, պապիկս հայրիկիս դիմեց խնդրանքով, որ իր ազգանունն ինձ տա, քանի որ տղա չունի և ազգանունը շարունակող չի լինի։ Հայրիկս պատասխանում է․ «Դյադ Ջիվան, տղայիս անունը քո պատվին եմ դրել, որդեգրի, թող դառնա Գասպարյան»։ Այսպես ես մինչև տասնհինգ տարեկան ապրեցի որպես Ղարիբյան Ջիվան Գագիկի, հետո՝ Գասպարյան Ջիվան Ջիվանի։ Հիմա երկու ծննդական ունեմ՝ հայկական ու ամերիկյան։ Ի դեպ, պապիկի ծննդյան օրը հոկտեմբերի 12-ն է, իմը՝ հոկտեմբերի 23-ը։
Լայոնել Ռիչիի «Now You're Gone» երգի մեջ նրա դուդուկի նվագակցությունը համարվում է հայկական դուդուկի և արևմտյան փոփ երաժշտության լավագույն ու ամենահուզիչ համադրություններից մեկը
Շատերը կարծում են, թե աշխարհն ուղղակի դուդուկի կարիք ուներ։ Բայց ոչ, աշխարհին պետք էր դուդուկը՝ հենց Ջիվան Գասպարյանի կատարմամբ ու հնչողությամբ։ Հենց իր նվագը ընդունվեց ու տարածվեց։ Հենց նա դուդուկը հասցրեց միջազգային ամենաբարձր հարթակներ և համագործակցեց համաշխարհային աստղերի՝ Փիթեր Գաբրիելի, Սթինգի, Բրայան Մեյի, Լայոնել Ռիչիի հետ, Սերժ Թանկյանի հետ։ Ջիվանը իմպրովիզացիայի մեծ վարպետ էր ու երաժշտական բարձր ճաշակ ուներ։ Նա միանգամից ընկալում էր, թե ինչ է պետք։ Օրինակ, Լայոնել Ռիչիի «Now You're Gone» երգի մեջ նրա դուդուկի նվագակցությունը համարվում է հայկական դուդուկի և արևմտյան փոփ երաժշտության լավագույն ու ամենահուզիչ համադրություններից մեկը։ 1993 թվականին, երբ նրանք հանդիպել էին Լոս Անջելեսի ստուդիայում, երգը լսելուց հետ, Ջիվանն ասել էր, որ ինքը պատրաստ է ձայնագրվել, քանի որ միանգամից հասկացել ու ընկալել էր թե ինչ է պետք արտահայտել այդ երգի մեջ։
Ես տասնհինգ տարեկանից սկսեցի նվագել պապիկի հետ։ Նրա հետ քսանյոթ տարի շրջագայեցի աշխարհով մեկ։ Համերգների հանդիսատեսը միայն հայերը չէին։ Մեր հանդիսատեսը ամենատարբեր ազգություն ունեցող մարդիկ էին, որ գալիս էին լսելու Ջիվանի դուդուկը։
Մի ծրագիր էինք պատրաստել չորս դուդուկի համար։ Մշակումն արել էր լուսահոգի Ստեփան Շաքարյանը։ Այդ ծրագրով աշխարհի մեծ բեմերում ելույթներ ունեցանք։ Որպես մենակատարներ ես ու պապիկս ելույթ ենք ունեցել և աշխարհահռչակ սիմֆոնիկ նվագախմբերի և ռոք խմբերի հետ։ Պապիկս, երբ ինձ ծանոթացնում էր հայտնի երաժիշտների հետ, ասում էր․ «Տղերք, ես ձեզ պատրաստի երաժիշտ եմ տալիս, իմ գործը շարունակողն է»։ Այո, ես պապիկիս գործն եմ շարունակում։ Իմ վարպետը Ջիվանն էր, չնայած մեր մյուս մեծերին էլ սիրում ու լսում եմ, բայց ինձ համար դուդուկի նրա մեկնաբանությունը մի ուրիշ աշխարհ է։ Ոնց մարդն ապրում է, այնպես էլ նվագում է։ Դուդուկն այնքան մաքուր, ազնիվ գործիք է, որ չես կարող ազնիվ չնվագել։ Նվագելուց, դու աչքի պոչով չես հետևում հանդիսատեսի արձագանքին, չես ցանկանում «հաճոյանալ», չես նկատում նրա հիացմունքը կամ ու հիասթափությությունը։ Երբ բեմում ես, դու ես ու քո դուդուկը։ Աչքերը փակ նվագում ես։ Իսկ անգամ, եթե բացում ես, նայում ես «չորրորդ պատին»։ Հանդիսատեսի դեմքի արտահայտությունը, անգամ հիացական, կարող է խանգարել քո նվագին, քո մտքի կենտրոնացմանը։
Դուդուկն ինձ համար հոգևոր գործիք է։ Սրտի, հոգու միջոցով է արտահայտվում նրա մեղեդին։ Դլե յամանն ամեն անգամ նույն ձևով չես կատարի։ Դլե յամանն անգիր սովորելու չէ. հազար անգամ նվագես՝ հազար տարբեր շունչ ու հոգի կստանա։

Պապիկս ասում էր․ «Ջիվան ջան, միշտ հիշի, փառքից անպատվություն՝ մի քայլ է»։
Այսօր, երբ մենք զրուցում ենք, Վաշինգտոնի «Ռեյգան Սենթր»-ում նշվում է Հայաստանի Անկախության տոնը: Միջոցառմանը ներկա են լինելու բարձրաստիճան հյուրեր, և ինձ համար մեծ պատիվ է հայկական դուդուկը հնչեցնել այս հեղինակավոր բեմից։
Հիմա այստեղ եմ ու հիշում եմ, թե ինչպես առաջին անգամ պապիկիս հետ այս բեմը բարձրացա։ Ֆիզիկապես մենակ եմ հիմա բեմ բարձրանում, բայց պապիկս միշտ իմ կողքին է։ Հավատացեք, աներևակայելի մի կապ կա, որ եղել ու շարունակվում է։ Իմ պատասխանատվությունն էլ, որպես Ջիվան Գասպարյանի արվեստի շարունակող, որպես Ջիվան Գասպարյան կրտսեր՝ մեծացել է։ Ինչ որ կարողանում եմ ներկայացնել՝ պապիկիս շնորհիվ է։ Իհարկե, նաև իմ աշխատասիրության, նրա դասերն ու խորհուրդները ընկալելու շնորհիվ։ Անասելի ջերմ հիշողություններ են կապված Ջիվանի հետ։
Նրա խորհուրդները գրքերից վերցրած չէին, այլ իր կյանքի փորձից ստացված, որ տալիս էր հարազատներին ու ընկերներին։ Պապիկն ինձ էլ շատ խորհուրդներ է տվել, բայց դրանցից մեկն իմ կյանքի ուղեկիցն ու ուղեցույցն է դարձել։ Նա ասում էր․ «Ջիվան ջան, փառքից անպատվություն՝ մի քայլ է»։ Այո, ընդամենը մեկ սխալ քայլը կարող է ճակատագրական լինել ու կործանել տարիներով հարթած մաքուր ուղիդ։