«Հիշում եմ, թե ինչպես եմ ծնվել». Փոլ Մաքքարթնին պատմել է իր ամենավաղ հիշողության մասին  

12:15   14 հոկտեմբերի, 2026

84-ամյա Փոլ Մաքքարթնին խոստովանել է, որ կարող է հիշել իր ծննդյան պահը։ Լեգենդար երաժիշտը սա բացահայտել է Էմի Փոլերի Good Hang փոդքասթի նոր թողարկման ժամանակ՝ պատասխանելով իր դստեր՝ Ստելլա Մաքքարթնիի հարցին իր ամենավաղ հիշողության մասին։

«Այս բաների հետ երբեք չգիտես, թե արդյոք հորինում ես։ Բայց ես զգում եմ, որ կարծես թե հիշում եմ ծնվելս», - ասել է Մաքքարթնին։

Երաժիշտը ծնվել է Լիվերպուլի Ուոլթոն հիվանդանոցում։ Նա շենքը նկարագրել է որպես հին վիկտորիանական կառույց, որը, նրա կարծիքով, նախկինում օգտագործվել է ոչ թե հիվանդանոցի, այլ այլ նպատակներով։

«Կարծես թե հիշում եմ սպիտակ սալիկները՝ շատ ստերիլ, քրոմապատ գործիքները և մետաղի ճռռոցը։ Ես ծնվել եմ աքցանով. նրանք ստիպված էին ինձ դուրս քաշել», - ասել է Մաքքարթնին։ Սա լսելով՝ Փոլերը նշել է, որ ինքն էլ ծնվել է աքցանով։ Սակայն երգչուհին չի պնդում իր հիշողությունների ճշմարտացիության վրա։ «Ես չգիտեմ՝ դա ճիշտ է, թե ոչ», - հավելել է նա։

Մաքքարթնին նաև խոսել է իր ընտանիքի մասին։ Նա հայր է դարձել 1969 թվականին՝ լուսանկարիչ Լինդա Մաքքարթնիի հետ ամուսնանալուց հետո, որդեգրելով նրա դստերը՝ Հեզերին, նախորդ ամուսնությունից։ Հետագայում զույգն ունեցել է ևս երեք երեխա՝ Մերի, Ստելլա և Ջեյմս։

Լինդան մահացել է կրծքագեղձի քաղցկեղից 1998 թվականի ապրիլի 17-ին։ 2002 թվականին Փոլն ամուսնացել է Հեզեր Միլսի հետ, և ծնվել է նրանց կրտսեր դուստրը՝ Բեատրիսը։ Զույգը բաժանվել է 2006 թվականին, երբ Բեատրիսը ընդամենը երեք տարեկան էր։

2023 թվականի փետրվարին երաժիշտը մտորել է այն մասին, թե ինչպես են տարիների ընթացքում փոխվել իր և երեխաների հարաբերությունները։ Նա նշել է, որ երբ նրանք փոքր էին, ինքը փորձում էր ուղղորդել և խորհուրդներ տալ, երբ նրանք օգնության կարիք ունեին։ Այժմ, Մաքքարթնին խոստովանել է, որ իր երեխաները օգնում են իրեն կյանքում կողմնորոշվել։ «Ես միշտ փորձել եմ մի փոքր ուղղորդել իմ երեխաներին, երբ տեսել եմ, որ նրանք դրա կարիքն ունեն, բայց հիմնականում, երբ նրանք ավելի փոքր են եղել։ Հիմա նրանք մեծացել են և ուղղորդում են ինձ», - գրել է նա իր կայքում։

Միևնույն ժամանակ, երաժշտի դուստրը՝ Ստելլա Մաքքարթնին, դարձել է աշխարհի ամենահայտնի դիզայներներից մեկը։ 2023 թվականի օգոստոսին TIME ամսագրին տված հարցազրույցում նա խոսել է այն արտոնությունների մասին, որոնք ստացել է հոր փառքի շնորհիվ։

«Ես հայտնիների առաջին երեխաներից մեկն էի, ում այդպես են անվանել, և ես հնարավորություն ունեի ընտրելու։ Ես լավ գիտակցում եմ, թե որքան բախտավոր եմ», - խոստովանել է Ստելլան։



© NEWS.am STYLE