«Սպիտակ տան Բարբին»՝ ծաղրի կենտրոնում․ Թրամփի նոր մամուլի քարտուղարը ձախողել է իր առաջին ճեպազրույցը  

11:30   14 հոկտեմբերի, 2026

Շիկահեր մազեր, բրոնզափայլ արևայրուք և լրագրողների առջև թույլ տրված անհարմար վրիպակներ․ Դոնալդ Թրամփի նոր մամուլի քարտուղար Քեթի Զախարիան Սպիտակ տանը իր առաջին ճեպազրույցից հետո հայտնվել է ծաղրի կենտրոնում։ Ինչպես գրում է Daily Mail-ը, այժմ շատերն արդեն հարց են տալիս, թե որքան երկար նա կդիմանա այդ պաշտոնում։

Fox News-ի 41-ամյա մեկնաբան Զախարիան, ում նախկինում անվանել էին «ICE-ի Բարբի» (ներգաղթի ծառայության աշխատակիցների հետ լուսանկարների պատճառով), լրագրողների հետ իր առաջին հանդիպումն անցկացրել է երեքշաբթի՝ հոկտեմբերի 13-ին։ Նա ելույթը սկսել է ԱՄՆ նախագահին աջակցող ծավալուն խոսքով՝ նշելով, որ վաղուց էր երազում աշխատել նրա թիմում։

Սակայն դրանից հետո ելույթը չի ընթացել ըստ նախատեսվածի։ Խոսելով Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի «պատմական մեկօրյա պատերազմի» մասին՝ Զախարիան կակազել է ու շփոթվել․ «Հիմա մենք… մենք ունենք բուռն զարգացող տնտեսություն»։

Էլ ավելի անհարմար պահ է ստեղծվել, երբ մամուլի քարտուղարը պատմել է իր ամուսնու՝ Թայլերի և չորս երեխաների մասին, որոնք իր հետ եկել են Վաշինգտոն։ Բացատրելով, թե ինչու չի ցանկանում երեկոներն անցկացնել ընտանիքից հեռու՝ նա պատահաբար ամուսնուն անվանել է «իմ նախագահը»․

«Երեկոները երեխաներիս հետ չանցկացնելու միտքն ինձ համար ամբողջովին անընդունելի է։ Այդ պատճառով իմ նախագահը… ներեցեք, իմ ամուսինը։ Լավ ստացվեց։ Ամուսինս մեկ շաբաթով եկել է այստեղ»,- արդարացել է Զախարիան։

Նա չկարողացավ անմիջապես պատասխանել նաև օրվա գլխավոր թեմաներից մեկին վերաբերող հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ը դադարեցրել է հետախուզական տվյալների փոխանակումը Ուկրաինայի հետ։ «Ես պետք է ճշտեմ դա»,- հայտարարեց մամուլի քարտուղարը։

Ճեպազրույցը տևեց ընդամենը 14 րոպե։ Զախարիան պատասխանեց ընդամենը երեք լրատվամիջոցի, այդ թվում՝ Daily Mail-ի լրագրողների հարցերին, որից հետո անսպասելիորեն ավարտեց հանդիպումը։

Նա այդ պաշտոնին նշանակվել էր այս շաբաթ՝ փոխարինելով Քարոլին Լիվիթին, ով հեռացել էր oգոստոսին։ Ավելի վաղ Զախարիան աշխատել է որպես ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության ներկայացուցիչ, սակայն այնտեղ դիմացել է ընդամենը վեց շաբաթ՝ մինչև մարտ ամիսը։

Ինքը՝ Թրամփը, դրական գնահատեց նրա նորամուտը՝ լրագրողներին ասելով, որ նա «շատ լավն էր»։ Սակայն Սպիտակ տան հաղորդակցությունների հարցերով նախկին տնօրեն Էնթոնի Սկարամուչին, ով Թրամփի առաջին նախագահության ընթացքում այդ պաշտոնը զբաղեցրել էր ընդամենը 11 օր, արձագանքեց շատ ավելի պակաս լավատեսորեն։

«Հետհաշվարկը սկսված է»,- հայտարարեց նա՝ ակնարկելով, որ Զախարիայի պաշտոնավարումը կարող է կարճատև լինել։



© NEWS.am STYLE