Պլասիդո Դոմինգոն Երևանում է. ի՞նչն է օպերային լեգենդին բերել Հայաստան

18:33   14 հոկտեմբերի, 2026

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ հայ մեծանուն տենոր, համաշխարհային օպերային արվեստի նշանավոր ներկայացուցիչ Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին նվիրված գալա-համերգի մամուլի ասուլիսը, նշված է թատրոնի ֆեյսբուքյան էջի հաղորդագրության մեջ:

Մամուլի ասուլիսին մասնակցեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը, աշխարհահռչակ օպերային արտիստ Պլասիդո Դոմինգոն, միջազգային ճանաչում ունեցող սոպրանո Հասմիկ Գրիգորյանը և գալա-համերգի երաժշտական ղեկավար, դիրիժոր Վարդան Գրիգորյանը։

IMG_6442.jpeg (143 KB)

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Գեղամ Գրիգորյանի բացառիկ ստեղծագործական ուղուն, համաշխարհային օպերային արվեստում նրա թողած անգնահատելի ժառանգությանը, ինչպես նաև հոբելյանական գալա-համերգի նշանակությանն ու երաժշտական ծրագրին։

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը Պլասիդո Դոմինգոյին եւ Հասմիկ Գրիգորյանին է նվիրել թատրոնի անվանական հուշամեդալներ:

IMG_6443.jpeg (159 KB)

Հոկտեմբերի 16-ին Օպերային թատրոնի բեմում կկայանա բացառիկ երաժշտական երեկո, որը կհամախմբի Գեղամ Գրիգորյանի ընտանիքի անդամներին, արվեստակիցներին և միջազգային օպերային բեմի անվանի արտիստներին։

Երեկոյի հատուկ հյուրը կլինի համաշխարհային օպերային արվեստի լեգենդ Պլասիդո Դոմինգոն։

Գալա-համերգը հարգանքի տուրք է մեծանուն հայ տենորի հիշատակին և նրա արվեստին, որը շարունակում է իր ուրույն տեղը զբաղեցնել համաշխարհային օպերային մշակույթի պատմության մեջ։



© NEWS.am STYLE