19:17 19 հոկտեմբերի, 2026Դրա բաղադրատոմսը պահպանվել է միջնադարյան հայկական ձեռագրերում: Բաղադրիչները ներառում են թորած հայկական ալոճի հատապտուղներ, 54 բուժիչ և անուշաբույր բույսեր, լեռնային մեղր և որդան կարմիր, իսկ դրա պատմությունն առաջացել է, գրեթե, 800 տարի առաջ:
Մատենադարանը վերականգնել է «Մատենիցը»՝ թագավորական բալասանը, որը, ըստ միջնադարյան բժշկական տեքստերի, «ուժ է տալիս և ուրախացնում սիրտը»: Այսօր այս եզակի ըմպելիքը դարձել է Հայաստանի հին ձեռագրերի գլխավոր պահոցի գիտական ժառանգությունից ստեղծված ամենաանսովոր արտադրանքներից մեկը:
NEWS.am STYLE-ը զրուցել է հաստատության տնօրեն Արա Խզմալյանի հետ այն մասին, թե ինչպես են միջնադարյան բաղադրատոմսերը վերածվում ժամանակակից արտադրանքի, թե ինչու է Մատենադարանին անհրաժեշտ սեփական արտադրական կենտրոնը և ինչպես է այն ստեղծում ձեռագրերի վերականգնման համար հատուկ թուղթ:
Այսօր ունենք հազար ու մի չլուծված խնդիր, և նստել «գանձարանի» վրա ու չկարողանալ սեփական եկամուտներ ապահովել՝ կնշանակի ուղղակի ապաշնորհ կառավարում
Մենք ապրում ենք սրված մրցակցության և տեղեկատվական հսկայական հոսքերի դարաշրջանում, որտեղ կարևորագույն խնդիր է այդ ալիքի տակ չճնշվելն ու սեփական ինքնությունը պահպանելը: Մյուս կողմից՝ ստիպված ենք գործել ֆինանսական միջոցների սղության պայմաններում․ այսօր գրեթե բոլոր կառույցները ակնկալում են պետական աջակցություն և սեփական խնդիրները լուծելու համար բյուջետային դեֆիցիտ ունեն: Չնայած Կառավարության լիակատար աջակցությանը՝ մենք չենք կարող ամեն հարցով ծանրաբեռնել պետությանը։

Այսօր ունենք հազար ու մի չլուծված խնդիր, և նստել «գանձարանի» վրա ու չկարողանալ սեփական եկամուտներ ապահովել՝ կնշանակի ուղղակի ապաշնորհ կառավարում:
Մենք հաճախ ենք հպարտանում, որ ունենք աշխարհի լավագույն ձեռագրագիր-վերականգնողները և շուրջ ութ տասնամյակի փորձառություն։ Սակայն, երբ ստանձնեցի տնօրենի պաշտոնը, պարզվեց, որ անգամ տարրական պարագաների պակաս կա։ Թեև 2010-2017 թվականներին աշխատել էի Մատենադարանում և ծանոթ էի ներքին խնդիրներին, բայց չէի պատկերացնում դրանց իրական խորությունը։
Կարճ ժամանակում մեզ հաջողվեց ոչ միայն արդիականացնել վերականգնման բաժինը նոր սարքավորումներով ու տեխնոլոգիաներով, այլև հովանավորի աջակցությամբ հիմնել ձեռագրերի կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիա։ Այն հնարավորություն է տալիս իրականացնել լրջագույն գիտական ուսումնասիրություններ՝ սնկային ախտահարումները կանխելու և բուժելու, հատուկ քսուկներ պատրաստելու, ինչպես նաև նոր գյուտեր անելու համար։ Ամենակարևորն այն է, որ այս քայլով մենք հարթակ ստեղծեցինք միջազգային խոշոր լաբորատոր ենթակառուցվածքների հետ համագործակցության համար։ Այս համատեքստում առանձնակի արժեք ունի նաև Երևանի պետական համալսարանի Կենսաբանության ինստիտուտի մեր գործընկերների հետ ակտիվ փոխգործակցությունը։

Գրեթե բոլոր հուշանվերը, որոնք ներկայացված են սրահում, ստեղծվում են հատուկ Մատենադարանի համար
Մատենադարանում մոտ երկու ամիս առաջ բացեցինք հուշանվերների սրահ, որը սեփական եկամուտների ևս մեկ հնարավորություն է։ Այնուամենայնիվ, սա սոսկ եկամտի աղբյուր կամ վաճառքի հարթակ չէ, այլ հավելյալ արժեք ձևավորելու հնարավորություն։ Ստացված եկամուտն ուղղվում է ձեռագրերի ձեռքբերմանը, վերականգնմանը, գիտաշխատողների գործուղումներին, հրատարակչական գործունեությանը, այսինքն գիտության, մշակութային արժեքների պահպանության և հանրահռչակման ծրագրին։
Հուշանվերների սրահում ներկայացված են Մատենադարանի հրատարակչության գրքերը, մանրանկարչության պատկերագրքերը և մեր գիտաշխատողների աշխատանքները։ Գրեթե բոլոր հուշանվերը, որոնք այստեղ ներկայացված են, ստեղծվում են հատուկ Մատենադարանի համար։ Համագործակցում ենք տարբեր հեղինակավոր ու բարձր վարկանիշ ունեցող կազմակերպությունների հետ։ Մեզ համար կարևոր է, որ յուրաքանչյուր գործընկեր իր ոլորտում լավագույններից մեկը լինի, կիսի Մատենադարանի արժեքներն ու հասկանա, թե ինչ գաղափարներ ենք ուզում ներկայացնել։

Մատենադարանում յուրաքանչյուր առևտրային գործընթաց և գործունեություն պետք է համահունչ լինի մեր գանձարանի բովանդակությանը։ Մենք չենք կարող պարզապես խանութ բացել․ դա ոչ թե սովորական առևտրի կետ է, այլ ցուցասրահներում ներկայացված արժեքների օրգանական շարունակությունը, որտեղ մարդիկ կարող են ձեռք բերել այդ մշակույթի ժամանակակից ընկալումներն ու իմաստավորումները։ Սա մեզ համար սկզբունքային է։ Կարծում եմ՝ մեր ձեռագրերն են մեզ՝ որպես կառավարիչների, մղում բոլոր ոլորտներն ու ուղղությունները բարձրացնելու այն նույն բարձր մակարդակին, որին պատկանում են այդ արժեքները։ Մենք չենք կարող ամեն ոլորտում ինքնուրույն արտադրություն ունենալ և այդ կազմակերպությունների հետ համագործակցությամբ ստեղծել ենք հեղինակային հավաքածուներ՝ զարդեր, կերամիկական և տեքստիլ նմուշներ։
Սրահում ներկայացված են նաև անուշաբույր յուղեր, թեյեր, մոմեր, որոնց բաղադրատոմսերը վերծանվել են միջնադարյան բժշկագիտական ձեռագրերից։
Ընդամենը մոտ երկու ամիս է, ինչ գործում է սրահը, բայց արդեն երեք անգամ ավելացրել ենք վաճառվող ապրանքների քանակը, քան նախկինում էր։ Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ տարածաշրջանում, նաև շատ ու շատ եվրոպական ճանաչված թանգարաններում, չկան նման բարձրաճաշակ ու նման որակի բարձրակարգ հուշանվերների խանութներ։ Նրանք, ովքեր եղել են տարբեր թանգարաններում, կարող են գալ ու համոզվել։ Որակը բերում է եկամուտներ, որակը բերում է նաև նոր գործընկերներ։

«Մատենից»՝ առողջությունն ամրապնդող և միտքն արթուն պահող հնագույն հայկական բալասան, որը ժամանակին ըմպել են միայն արքաները
Մեր առանձնակի հպարտությունն է Մատենադարանի բացառիկ արտադրանքը՝ «Մատենից․ արքայական բալասանը», որը շուրջ 30 տարվա աշխատանքի արդյունք է։ «Մատենից»-ը վերականգնվել է Մատենադարանի գիտաշխատողների, մասնավորապես՝ Արմեն սարկավագ Սահակյանի ջանքերով՝ հայկական միջնադարյան բժշկագիտական ձեռագրերի գաղտնազերծված բաղադրատոմսերով։

Ըմպելիքն ունի ունի 38 տոկոս ալկոհոլանություն, պատրաստվում է հայկական ալոճենու պտուղների թորվածքից և 54 բուժիչ ու անուշաբույր բույսից, այդ թվում՝ մեռոնիկ եղեսպակ, խնկածաղիկ, ճգնավորի խոտ, ջուսպ, գլխենի, վարդապետի խոտ, անմեռուկ, խնկեղեգ, նարդոս հնդկական, մշկընկույզ, հնդկապղպեղ, հայխունկ, զաֆրան, հիրիկ գերմանական, մրտենի։ Բալասանը պարունակում է նաև որդան կարմիր և լեռնային բնական մեղր։ Բաղադրատոմսի առաջին հիշատակումը ձեռագրերում հանդիպում է 1232 թվականին։ Այդ պատճառով այն դիրքավորում ենք որպես հայկական ամենահին բրենդ։ Լեռնային հազվագյուտ բույսերը հավաքվել ու մշակվել են յուրահատուկ ծիսակարգով՝ լուսնային որոշակի օրերին։ Միջնադարյան բժիշկների բնորոշմամբ՝ այն «կազդուրում և ուրախացնում է սիրտը»։
Առանձնահատուկ է նաև «Մատենիցի» ձևավորումը, որն իրականացրել է «Backbone» բրենդավորման ընկերությունը։ Փաթեթավորման մեջ ներդրված բալասանի պատմությունը ներկայացնող թերթիկը Մատենադարանի արտադրամասում պատրաստված թղթից է, որն օգտագործվում է ձեռագրերի վերականգնման համար։
Մինչ այժմ ձեռագրերի վերականգնման համար հիմնականում օգտագործում էինք ճապոնական թուղթ։ Սակայն այժմ, մեր գործընկեր «Armenia Tree Project» նախագծի աջակցությամբ, հիմնել ենք թղթի սեփական արտադրամաս։ Այստեղ հայկական ծագման թթազգի ծառատեսակների կեղևից և հումքից պատրաստում ենք հատուկ վերականգնողական թուղթ, որն անվանել ենք «Հայկական թուղթ»։

Այս նախաձեռնության շնորհիվ մենք ոչ միայն անկախություն ենք ձեռք բերել միջազգային շուկայից, այլև արդեն իսկ «Հայկական թուղթ» ենք մատակարարում մեր հոգևոր ձեռագրական կենտրոններին ու մշակութային այլ հաստատություններին։
Այն դեպքում, երբ մեր որոշ հարևաններ մեզ մեղադրում են իսլամական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու մեջ, մենք գործով ցույց ենք տալիս հակառակը
Մշակութային ժառանգության պահպանության միջազգային դաշինքի (ALIPH) ֆինանսավորմամբ բացել ենք արաբատառ ձեռագրերի վերականգնման և հետազոտման լաբորատորիա։ Այն դեպքում, երբ մեր որոշ հարևաններ մեզ մեղադրում են իսլամական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու մեջ, մենք գործով ցույց ենք տալիս հակառակը։ Դարեր շարունակ, մեր սեփական Սուրբ գրքերին հավասար, նույն պատասխանատվությամբ պահպանել ենք նաև այլ մշակույթների ու քաղաքակրթությունների կոթողները։

Սրանք սոսկ խոսքեր չեն. այդ արժեքները ցուցադրվում են մեր սրահներում, հրատարակվում մեր գրքերում, և հենց այդ նպատակով էլ այսօր բացում ենք հատուկ լաբորատորիաներ։ Մատենադարանը չի կարող պատասխանատվություն կրել միայն սեփական պահոցների համար: Մենք ընթանում ենք մի ճանապարհով, որտեղ Մատենադարանը դառնալու է գրավոր ժառանգության պահպանության գլոբալ դերակատարներից մեկը:

Այս տարի մենք հռչակել ենք գրավոր ժառանգության պահպանության ոլորտում համագործակցության հռչակագիր, որին արդեն միացել են այնպիսի խոշոր կառույցներ, ինչպիսիք են ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ԻԿՐՕՄ-ը, Ֆրանսիայի և Իսպանիայի ազգային գրադարանները, շուտով կմիանա նաև Շվեյցարիայի ազգային գրադարանը և այլ կազմակերպություններ ևս: Նրանք փաստում են, որ Մատենադարանն իր գանձերով ու մասնագիտական կարողություններով ընդունակ է միջազգային լուրջ դեր ստանձնելու՝ հատկապես Մերձավոր Արևելքի կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային երկրներում հսկայական աշխատանք տանելու գործում: Եվ ո՞վ, եթե ոչ Մատենադարանը, պիտի իրականացնի այս առաքելությունը։
