Գարնանային դիմահարդարում. գույներն ու առանձնահատկությունները

17:15   11 մարտի, 2014

Գարնան սկսվելուն պես՝ ոճաբանները խորհուրդ են տալիս փոխել դիմահարդարումը։ Ճիշտ է, շատ աղջիկներ առանձնապես չեն տարբերակում, թե որն է ձմեռային կամ գարնանային դիմահարդարումը, բայց դրանք, անշուշտ, միմյանցից տարբերվում են։ Եթե ձռմանը ցրտից մաշկը պաշտպանելու համար հատուկ քսուքներ ենք օգտագործում, ապա գարնան համար դրանց անհրաժեշտությունն այնդքան էլ չի զգացվում։ Բացի այդ, շատ կարեւոր են գույները։ Ստորեւ ներկայացնում ենք գարնանային դիմահարդարման մի քանի կանոն։


Երանգաքսուքը գարնան համար պետք է լինի համեմատաբար բաց գույների մեջ։ Այս սեզոնին դեմքի շոկոլադագույն երանգը միանգամայն անտեղի է։ Եթե դիտարկենք նորաձեւության տեսանկյունից, ապա երանգաքսուք ընդհանրապես պետք չէ օգտագործել, քանի որ սեզոնի միտումն է՝ դիմահարդարում առանց դիմահարդարման։

Ինչ վերաբերում է այտափոշուն, ապա նախապատվությունը տվեք վարդագույն եւ դեղձագույն երանգներին։

Ստվերաներկերը նույնպես պետք է լինեն բաց գույների մեջ, հատկապես՝ ամենօրյա դիմահարդարման դեպքում։ Խուսափե'ք միանգամից մի քանի գույնի ստվերաներկ օգտագործելուց։ Կոպերը ներկեք մի գույնով եւ ցանկալի է՝ շատ թեթեւակի։

Սյուրմայի եւ թարթչաներկի դեպքում Ամերիկա չենք բացահայտի. դրանք նորաձեւ են միշտ՝ տարվա ցանկացած եղանակին։ Այնպես որ, գարնանային շպարի մեջ կարող եք նաեւ դրանք օգտագործել։

Շրթներկի հարցում նախապատվությունը տվեք դեղձգույնին, բեժին...Նուդ ոճի դիմահարդարումը, կարծես, գարնան գլխավոր միտումներից է, իսկ վառ շրթներկերը թողեք ամռան համար։

 Պատրաստեց՝ Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE