Հոտը չեզոքացնող գուլպաներ եւ վարտիքներ

17:25   20 նոյեմբերի, 2012

Seiren ճապոնական տեքստիլ ընկերության աշխատակիցները արտասովոր ներքնազգեստ են մշակել, որը չեզոքացնում է մարմնի տհաճ հոտը։ Ընկերության տեսականին կազմված է 22 իրից, այդ թվում նաեւ քրտինքի տհաճ հոտը կլանող գուլպաներն եւ շապիկներ։

The Daily Mail - ը հայտնում է, որ նման սպիտակեղեն ստեղծելու գաղափարը մի բժշկինն է, ով ցանկացել է օգնել «գրգռված աղիների համախտանիշով» տառապողներին։ Ի սկզբանե այն նախատեսված է եղել հիվանդների համար, սակայն որոշ ժամանակ անց նորույթը պահանջարկ է ստացել նաեւ հասարակ մարդկանց մոտ, ովքեր ցանկացել են խուսափել գործընկերների, ընկերների եւ մտերիմների մոտ անհարմար իրավիճակում հայտնվելուց։

«Տհաճ հոտն արդյունավետ չեզոքացնող եւ առօրյա կյանքում հարմարավետ սպիտակեղեն ստեղծելու համար մի քանի տարի պահանջվեց։ Սկզբում ենթադրում էինք, որ դրանից կօգտվեն միայն ծերերը կամ հիվանդանոցների ստացիոնար բաժինների հաճախորդները։ Սակայն, ի զարմանս մեզ, այն գնում են սովորական մարդիկ», - նշում է Seiren ընկերության ներկայացուցիչ Նամի Յոշիդան։



© NEWS.am STYLE