Նիդեռլանդները կրկին հրաժարվում է «Եվրատեսիլից»՝ Իսրայելի մասնակցության պատճառով

19:05   27 հոկտեմբերի, 2026

Նիդեռլանդները հրաժարվել է մասնակցել հաջորդ տարի կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթին։ Հանրային հեռարձակող NPO-ն որոշման պատճառ է նշել Իսրայելի մասնակցության շուրջ ստեղծված «զգայուն իրավիճակը»՝ փոխելով մրցույթին մասնակցելու ավելի վաղ ընդունված որոշումը, հայտնում է BBC-ն։

Նիդեռլանդները և ևս չորս երկիր բոյկոտել էին այս տարվա մրցույթը՝ այն բանից հետո, երբ նիդեռլանդական Avrotros հեռուստաընկերությունը հայտարարեց մասնակցությունից հրաժարվելու մասին։

Avrotros-ը հայտնել էր, որ հաջորդ տարի նույնպես չի մասնակցի մրցույթին։ Սակայն երկրի հանրային հեռարձակման համակարգը վերահսկող NPO-ն միջամտել էր՝ անցյալ ամիս խոստանալով, որ Նիդեռլանդները 2027 թվականին կվերադառնա մրցույթ։

Այնուամենայնիվ, երեքշաբթի NPO-ի լրատվամիջոցների գծով տնօրեն Յյուրե Բոսմանը հայտարարել է, որ «Իսրայելի մասնակցությունը հասարակության տարբեր շրջանակներում տարաբնույթ արձագանքներ է առաջացնում, քննարկումների և պառակտման պատճառ դառնում»։ Նա նշել է, որ NPO-ն «որոշել է հրաժարվել 2027 թվականին մրցույթին մասնակցելուց»։

NPO-ի նախագահ Ջեթ դե Ռանիցը հայտնել է, որ կազմակերպությունը քննարկումներ է անցկացրել հեռարձակողների հետ՝ հաջորդ տարի մրցույթին մասնակցելու հարցով։

«Այդ քննարկումների սկզբնական փուլում մեզ թվում էր, թե վերադարձի համար բավարար աջակցություն կա։ Ցավոք, մեզ չհաջողվեց գտնել դրա համար համապատասխան ձևաչափ։

Արդյունքում ստիպված ենք եզրակացնել, որ այս պահին դեռ վաղ է 2027 թվականին մասնակցել «Եվրատեսիլ» երգի մրցույթին։

Ներկայումս քննարկվող թեմաների շուրջ ստեղծված զգայուն իրավիճակի պատճառով որոշել ենք առայժմ մեկ քայլ հետ գնալ»։

NPO-ն ընդունել է, որ Նիդեռլանդների որոշ երկրպագուներ կարող են հիասթափվել այս որոշումից, սակայն նշել է, որ մրցույթը, այնուամենայնիվ, կհեռարձակվի երկրում։



© NEWS.am STYLE