Միխայիլ Բոյարսկին կրկին վերադարձել է «Երեք հրացանակիրների» աշխարհ

14:05   28 հոկտեմբերի, 2026

Խորհրդային կինոէկրանավորման շնորհիվ լայն ճանաչում ձեռք բերած դերասան և երգիչ Միխայիլ Բոյարսկին կրկին անդրադարձել է Ալեքսանդր Դյումայի հանրահայտ ստեղծագործությանը՝ այս անգամ թատերական բեմում։ Այս մասին հայտնում է «Газета.Ru»-ն՝ հղում անելով մշակութային հաստատության մամուլի ծառայությանը։

Սանկտ Պետերբուրգի Կոմիսարժևսկայայի անվան թատրոնում կայացել է «Երեք հրացանակիրները, կամ թագուհու կախազարդերը» ներկայացման պրեմիերան։ Ռեժիսոր Ռոման Գաբրիայի բեմադրության մեջ ընդգրկված է նաև Բոյարսկին, որը մարմնավորել է ոչ թե դ’Արտանյանի գլխավոր դերը, այլ հնչյունավորել է նրա հորը։

Դերասանը խոստովանել է, որ Դյումայի ստեղծագործության հիման վրա ներկայացված պատմությունն իր համար ավելին է, քան պարզապես արկածային սյուժե։

«Սա մարդկային հարաբերությունների մի ամբողջ դպրոց է, որտեղ տեղ ունեն պատիվը, հավատարմությունը, ընկերությունը, սերը և պարտքի զգացումը։ Ինձ համար այս պատմության մեջ առանձնահատուկ նշանակություն ունի դ’Արտանյանի հոր կերպարը։ Նա որդուն է փոխանցում ազնվականության և արժանապատվության մասին իր պատկերացումները»,-նշել է արտիստը։



© NEWS.am STYLE