«Կարծեցի՝ կատակ է». ո՞վ է ճանաչվել 2026 թվականի ամենասեքսուալ տղամարդը

20:38   28 հոկտեմբերի, 2026

People ամսագիրը 55-ամյա Նոա Ուայլին ճանաչել է 2026 թվականի ամենասեքսուալ տղամարդը։ «Շտապ օգնություն» և «Փիթի հիվանդանոցը» սերիալների աստղը խոստովանել է, որ սկզբում չի հավատացել այդ լուրին և կարծել է, թե իր հետ կատակ են անում։ Իսկ ահա դերասանի կինը՝ Սառա Ուելսը, անմիջապես հավանություն է տվել խմբագրության որոշմանը և, ըստ ամենայնի, հենց նրան է հաջողվել համոզել ամուսնուն ընդունել իր նոր կարգավիճակը։

«Կարծեցի՝ դա կատակ է։ Երբեք չէի կարող պատկերացնել, որ մի օր ինձ նման պատվի կարժանացնեն»,-People-ին տված հարցազրույցում պատմել է Ուայլին։

Դերասանն ավելացրել է, որ հույս ունի՝ իր կյանքում որոշակի փոփոխություններ կլինեն, թեև հասկանում է, որ այսուհետ ընկերներն ու հարազատները մշտապես կատակելու են իր նոր տիտղոսի շուրջ։ Նրա կինը, ընդհակառակը, լուրն ընդունել է մեծ ոգևորությամբ։ Ուայլիի խոսքով՝ Սառան կարծում է, որ որպես ամուսին և հայր՝ նա արժանի է նման ճանաչման։ Ի վերջո, դերասանը միայն պատասխանել է. «Դե, եթե դու ես այդպես ասում…»։

NOAHWYLEPEOPLE.jpg (1.46 MB)

Դերասանի երեխաներն այս լուրին յուրովի են արձագանքել։ Ուայլիի որդին անմիջապես ենթադրել է, որ հոր նոր տիտղոսը կարող է բարդացնել նրա կյանքը, քանի որ ավելի մեծ ուշադրություն կգրավի և քննադատության առիթ կդառնա։ Իսկ ավագ դուստրը, դերասանի խոսքով, այնքան է զարմացել, որ, հավանաբար, դեռ երկար տարիներ կծաղրի նրան այդ առիթով։

Ուայլիի երկրպագուների համար այս ճանաչումը ևս մեկ առիթ է հիշելու նրա բազմամյա կարիերան։ 1990-ականներին դերասանը հայտնի դարձավ «Շտապ օգնություն» բժշկական դրամայում բժիշկ Ջոն Քարթերի դերով։ Սերիալը նրան դարձրեց ամերիկյան հեռուստատեսության ամենաճանաչելի դեմքերից մեկը։ Նկարահանման հրապարակում նա աշխատել է Ջորջ Քլունիի հետ, որը հետագայում երկու անգամ արժանացել է People-ի՝ ամենասեքսուալ տղամարդու տիտղոսին։

Տարիներ անց Ուայլին կրկին հայտնվեց ուշադրության կենտրոնում՝ HBO-ի «Փիթի հիվանդանոցը» սերիալի շնորհիվ, որտեղ մարմնավորում է բժիշկ Մայքլ «Ռոբի» Ռոբինավիչին։ Դրաման պատմում է Փիթսբուրգի հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքի բուժանձնակազմի աշխատանքի մասին՝ ներկայացնելով բժիշկների լարված առօրյան։

Այս դերը դերասանին նոր ճանաչում բերեց։ 2025 և 2026 թվականներին նա արժանացավ «Էմմի» մրցանակների՝ դրամատիկ սերիալում լավագույն տղամարդու դերի համար, ինչպես նաև ստացավ երկու մրցանակ՝ որպես պրոդյուսեր, դրամատիկ սերիալի ստեղծման աշխատանքների համար։ Այսպիսով, ընթացիկ տարին նրա համար առանձնապես հաջողակ է դարձել։

People-ի ուշադրությունը գրավել է ոչ միայն Ուայլիի արտաքին տեսքը, այլև նրա առօրյա սովորությունները։ Մասնավորապես, դերասանը պատմել է, որ սիրում է սպասք լվանալ։ Ամսագրի համար կազմակերպված ֆոտոշարքի ընթացքում նա նախաճաշ է պատրաստել դստեր համար, մաքրել խոհանոցը և ծալել լվացքը։ Սառան հաստատել է, որ ամուսինն իսկապես մասնակցում է տնային գործերին։

NOAHWYLEPEOPLE2.jpg (1.34 MB)

Ինքը՝ Ուայլին, խոստովանել է, որ երբեք իրեն այս տիտղոսի ակնհայտ թեկնածու չի համարել։ Այդուհանդերձ, այս տարի նրա անունը ուշադրության կենտրոնում հայտնվել է ոչ միայն արտաքին տեսքի շնորհիվ. «Փիթի հիվանդանոցը» սերիալի հաջողությունը դերասանին կրկին վերադարձրել է հեռուստատեսության առաջատար աստղերի շարքը։

People ամսագիրը «Աշխարհի ամենասեքսուալ տղամարդու» (Sexiest Man Alive) տիտղոսը շնորհում է ամեն տարի՝ 1985 թվականից սկսած։ Նախկինում այդ տիտղոսին արժանացել են Մել Գիբսոնը, Բրեդ Փիթը, Ջորջ Քլունին, Իդրիս Էլբան, Քրիս Էվանսը և Փոլ Ռադը։ 2025 թվականին հաղթող էր ճանաչվել Ջոնաթան Բեյլին, որը հայտնի է «Բրիջերթոններ» սերիալից և «Չարը» ֆիլմից։



© NEWS.am STYLE