«Աղքատների և անօթևանների համար». Վիկտորյա Բոնյան քննադատել է Louis Vuitton-ն ու Chanel-ը՝ Ֆիլիպ Կիրկորովի սիրելի ապրանքանիշերը

22:32   28 հոկտեմբերի, 2026

Վիկտորյա Բոնյան քննադատության է ենթարկել շքեղության դասի ապրանքանիշերը՝ հայտարարելով, որ Louis Vuitton-ն ու Chanel-ը բնավ չեն երաշխավորում, որ մարդը պատկանում է իսկական շքեղության աշխարհին։ Բլոգերի կարծիքով՝ բարձր կարգավիճակի մասին վկայում է բոլորովին այլ ապրանքանիշ՝ Hermès-ը։ Սակայն անսպասելիորեն քննադատության թիրախում է հայտնվել նաև Ֆիլիպ Կիրկորովը, որը վաղուց չի թաքցնում իր սերը Louis Vuitton-ի նկատմամբ։

Սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում Բոնյան առանց ավելորդ դիվանագիտության արտահայտվել է ֆրանսիական նորաձևության տան երկրպագուների մասին։

«Louis Vuitton-ը աղքատների և անօթևանների համար նախատեսված ապրանքանիշ է։ Երբ մարդը մի փոքր փող է ունենում, գնում է Louis Vuitton՝ ընդ որում՝ իր վերջին գումարով»,-հայտարարել է նա։

Քննադատությունից չի խուսափել նաև Chanel-ը։ Բլոգերը այդ ապրանքանիշի իրերի որակը զզվելի է անվանել։ Արդյունքում, երեք շքեղ ապրանքանիշերից Վիկտորյայի և նրա 14-ամյա դստեր՝ Անջելինայի հավանությանն է արժանացել միայն Hermès-ը՝ այն ապրանքանիշը, որը նրանք կապում են իսկական շքեղության և բարձր կարգավիճակի հետ։

Սակայն Բոնյայի այս հայտարարությունը վերաբերում է ոչ միայն նորաձևության նախասիրություններին։ Նրա կտրուկ գնահատականի տակ է հայտնվում նաև Ֆիլիպ Կիրկորովի զգեստապահարանը, քանի որ երգիչը բազմիցս հանրության առաջ է հայտնվել Louis Vuitton-ի հագուստով։ Նա այնքան է սիրում այս ապրանքանիշը, որ նույնիսկ իր զգեստապահարանում դրա համար առանձին բաժին է հատկացրել։

«ՄՈՒԶ-ՏՎ-ի ծննդյան օրը․ 30 տարի» համերգին Կիրկորովը ներկայացել է Louis Vuitton-ի՝ ծաղկային ասեղնագործությամբ զարդարված կոստյումով՝ 2023 թվականի գարուն-ամառ հավաքածուից։ Հագուստի այդ հավաքածուն ստեղծվել էր անհատական պատվերով, իսկ դրա արժեքը, մանուշակագույն պայուսակի հետ միասին, կարող էր գերազանցել 50 հազար դոլարը՝ շուրջ հինգ միլիոն ռուբլին։

Արտիստը նախկինում ևս բացահայտ խոսել է ֆրանսիական նորաձևության տան նկատմամբ իր կապվածության մասին։ Երբ նրան հարցրել են իր հագուստի մասին, նա նույնիսկ բառախաղ է արել ապրանքանիշի անվան հետ՝ հիշատակելով իր «Լուիզա» երգը. «Ես քեզ սիրում եմ, Լուի»։ Կիրկորովի խոսքով՝ երգում թաքնված ակնարկ կա նաև Louis Vuitton-ի նկատմամբ իր սիրո մասին։

Փաստորեն, Բոնյայի բնորոշման տակ է հայտնվում նաև ռուսական շոու-բիզնեսի՝ այդ ապրանքանիշի ամենահայտնի երկրպագուներից մեկը։ Այնուամենայնիվ, Կիրկորովը դեռևս չի մեկնաբանել նրա հայտարարությունները։ Իսկ դատելով նրա նախկին խոսքերից՝ նա մտադիր չէ հրաժարվել իր սիրելի ապրանքանիշից։



© NEWS.am STYLE