17:08 28 հոկտեմբերի, 2026«Վարդանյան եղբայրներ» կրկեսը, որը սիրված է ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում, առաջին անգամ հյուրախաղերով շրջագայում է Հայաստանի մարզերում՝ հանդիսատեսին ներկայացնելով իր գործունեության երեք տարիների ընթացքում ձևավորված լավագույն ծրագիրը։

Հյուրախաղերի մեկնարկը տրվել է Գյումրիում, այնուհետև կրկեսը հանդես է եկել Վանաձորում և Հրազդանում։ Հաջորդ քաղաքը Էջմիածինն է։ Ներկայացումները մեծ հետաքրքրություն են առաջացրել, և բազմաթիվ սեանսների տոմսերը սպառվել են կարճ ժամանակում։
Կրկեսի հիմնադիր Անդրանիկ Վարդանյանի խոսքով՝ ներկայացումներում կենդանիներ չեն օգտագործվում։ Ոգեշնչվելով աշխարհահռչակ Cirque du Soleil-ի փորձից՝ ստեղծվել է ժամանակակից պրոֆեսիոնալ կրկեսային շոու, որը միավորում է օդային և ուժային ակրոբատիկան, ձեռնածությունը, ծաղրածուների ելույթներն ու բազմաժանր տպավորիչ համարները։

Ծրագիրն ինտերակտիվ է․ երեխաները հնարավորություն ունեն մասնակցելու որոշ համարների, իսկ ներկայացումից հետո՝ լուսանկարվելու արտիստների հետ։
«Վարդանյան եղբայրներ» կրկեսի հիմնադիրները՝ Անդրանիկ և Գևորգ Վարդանյանները, համաշխարհային ճանաչում ունեցող արտիստներ են։ Նրանք Guinness World Records-ի ռեկորդակիրներ են, «Минута славы» հեռուստանախագծի հաղթողներ, Բուդապեշտի միջազգային կրկեսային փառատոնի արծաթե մեդալակիրներ, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրների հայտնի տաղանդների հեռուստաշոուների մասնակիցներ և եզրափակիչ փուլերի անցած արտիստներ։

Հյուրախաղերը շարունակվում են․ նոյեմբերի 6-ից 22-ը կրկեսը հանդես կգա Էջմիածնում, որից հետո նախատեսվում են ներկայացումներ Կապանում։
Յուրաքանչյուր քաղաքում հանդիսատեսին սպասվում են առանձնահատուկ համարներ և նոր տպավորություններ՝ կրկեսային արվեստի բազմազանությունն ու հմայքը բացահայտելու համար։