10:30 3 նոյեմբերի, 2026Theatre Location թատերական հարթակը շարունակում է թատրոնը ներկայացնել նաև ոչ ավանդական տարածքներում՝ հանդիսատեսին առաջարկելով նոր ձևաչափեր և թատերական փորձառություններ։ Հարթակի նոր լոկացիայում՝ ToneLab Studio-ում, հոկտեմբերի 29-ին ներկայացվեց «Հուդա» մոնո-ռոք բեմադրությունը։ Փաբային միջավայրում թատրոնն ու կենդանի ռոք երաժշտությունը միավորվեցին՝ հանդիսատեսին հրավիրելով նորովի դիտելու աստվածաշնչյան պատմության ամենահակասական կերպարներից մեկին։
Հուդան համաշխարհային գրականության և արվեստի ամենահակասական կերպարներից է։ Դարեր շարունակ նա ներկայացվել է որպես դավաճանության խորհրդանիշ, սակայն ռուս գրող Լեոնիդ Անդրեևի «Հուդա Իսկարիովտացի» ստեղծագործությունը հնարավորություն է տալիս ավելի խորությամբ դիտելու այս պատմությունը՝ փորձելով հասկանալ ոչ միայն նրա արարքը, այլև այդ արարքի հետևում կանգնած մարդուն։
Հենց այս գրական հիմքի վրա է ստեղծվել «Հուդա» մոնո-ռոք ներկայացումը, որը հանդիսատեսին առաջարկում է առերեսվել դավաճանության, հավատարմության, ճշմարտության և մարդկային ներքին հակասությունների հետ։ Ներկայացման գաղափարական առանցքում ոչ թե պարզապես Հուդային դատելն է, այլ մոլորված մարդուն ներկայացնելը՝ խորանալով նրա ընտրությունների և հոգեվիճակի մեջ։
Անդրեևի 1907 թվականին գրված համանուն վիպակում Հուդան միանշանակ չարի մարմնացում չէ։ Հեղինակը նրան ներկայացնում է որպես հակասություններով լի մարդու։ Նա ստում է, խորամանկում, երբեմն նույնիսկ ծաղրում առաքյալներին, սակայն միաժամանակ առանձնահատուկ կապվածություն է զգում Հիսուսի հանդեպ։ Անդրեևի մեկնաբանության մեջ Հուդայի արարքի շարժառիթները շատ ավելի բարդ են, քան պարզապես երեսուն արծաթը։ Գրողը հարցեր է առաջադրում նրա սիրո, նախանձի, միայնության և հավատարմության մասին՝ ընթերցողին թողնելով սեփական դատողության հնարավորությունը։
Աստվածաշնչյան ավանդության համաձայն՝ Հուդան Հիսուսին մատնում է երեսուն արծաթով՝ համբույրով ցույց տալով նրան զինված մարդկանց։ Սակայն Անդրեևի ստեղծագործության մեջ այդ համբույրը ստանում է նաև հոգեբանական ու խորհրդանշական նշանակություն։ Հուդայի կերպարը դառնում է մարդկային երկակիության, ներքին պայքարի և բարու ու չարի միջև սահմանների անորոշության արտահայտություն։
Բեմադրության առանձնահատկություններից է նաև ձևաչափը։ Մոնոներկայացման մեջ մեկ դերասանի կատարումը համադրվում է կենդանի ռոք երաժշտության հետ՝ ստեղծելով թատրոնի և համերգային միջավայրի յուրօրինակ միաձուլում։ Հուդայի կերպարը մարմնավորում է Գոռ Սարգսյանը, բեմադրության ռեժիսորն Արտյոմ Ավետիսյանն է, իսկ երաժշտական ուղեկցությունն ապահովում է The Void Band-ը։
Բեմադրության մեջ կարևոր տեղ ունեն նաև Տաթևիկ Մելքոնյանն ու Արման Մաթևոսյանը։ Տաթևիկ Մելքոնյանի ձայնով ներկայացվում է քահանայապետ Աննայի կերպարը, իսկ Արման Մաթևոսյանը բեմում է՝ մարմնավորելով Կայիափային ընթերցման միջոցով: Նրանց ձայները լրացնում են գլխավոր հերոսի պատմությունը՝ ընդլայնելով բեմական գործողության շրջանակը։
«Փորձել ենք ներկայացնել մարդու, որը մոլորված է»,– այս միտքը կարծես ամբողջացնում է ներկայացման գլխավոր ասելիքը։ Չէ՞ որ երբեմն մարդու արարքը դատելը շատ ավելի հեշտ է, քան հասկանալը, թե ինչ է կատարվում նրա ներսում։ Հուդան պատմության մեջ մնացել է որպես դավաճան, բայց արդյո՞ք նրա պատմությունը միայն դավաճանության մասին է։
«Հուդա» մոնո-ռոքը չի պարտադրում կերպարի արդարացում կամ դատապարտում։ Այն առաջարկում է մեկ այլ հնարավորություն՝ մի պահ կանգ առնել և փորձել հասկանալ այն մարդուն, որին դարեր շարունակ սովորել ենք մեղադրել։