14:25 1 նոյեմբերի, 2026Փողը, փառքը, սերը և իշխանությունը, թերևս, մարդկանց ամենատարածված ցանկություններն են, որոնց հասնելու համար նրանք պատրաստ են անգամ հոգին վաճառել Սատանային։ Սակայն առավել հետաքրքիր է հետևել, թե ինչպես են նրանք ստանում իրենց բաղձալիքը և հետագայում ինչ են անում դրա հետ։ Իսկ ե՞րբ, եթե ոչ նոյեմբերին՝ Կարիճի ամսին, խոսել այս թեմաների մասին։ Հենց այդ պատճառով էլ ձեզ համար առանձնացրել ենք լավագույն գրքերը, որոնք պատմում են այն մասին, թե ինչպես է Խավարի Իշխանը մահկանացուներին տալիս իրենց բաղձալիքը։
Գյոթեի «Ֆաուստը», Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» և Բալզակի «Շագրենի կաշին»․իհարկե, չէինք կարող չհիշատակել այս լեգենդար ստեղծագործությունները, սակայն, քանի որ դրանք անմահ դասականներ են, չենք անդրադառնա այն ամենին, ինչն առանց այդ էլ մեկնաբանության կարիք չունի։
Սթիվեն Վինսենթ Բենե․ «Սատանան և Դանիել Ուեբսթերը»

Սա կարճ պատմվածք է անհաջողակ մի տղամարդու մասին, որը հոգին վաճառում է Սատանային, սակայն գործարքի պայմանների կատարումից հետո դժգոհ է մնում՝ շարունակաբար դրանցում թերություններ գտնելով։ Ի վերջո, հերոսը Սատանային դատի է տալիս։
Վիկտորյա Շվաբ․ «Էդի Լարուի անտեսանելի կյանքը»

Սիրո վրա չհիմնված ամուսնությունից խուսափելու ցանկությամբ տարված երիտասարդ աղջիկը հոգին վաճառում է Սատանային՝ ազատության և անմահության դիմաց։ Սակայն շուտով այդ պարգևները վերածվում են անեծքի․ բոլորը մոռանում են նրա գոյության մասին։
Էռնստ Թեոդոր Ամադեուս Հոֆման․ «Սատանայի էլիքսիրները»

Գոթական ռոմանտիզմի ոճով գրված այս գիրքը պատմում է մի երիտասարդ վանականի մասին, որը խորհրդավոր էլիքսիր խմելուց հետո բախվում է սեփական մեղսավոր գայթակղություններին։
Ֆրեդերիկ Սուլիե․ «Սատանայի հուշերը»

Երիտասարդ մի արիստոկրատի, որը դեռևս չի հասկանում, թե ինչ է ուզում կյանքից, այցելում է Սատանան։ Նա օգնում է երիտասարդին բացահայտել սեփական ցանկությունները՝ միաժամանակ պատմելով նաև այլ մարդկանց պատմությունները։ Մթնոլորտն այնպիսին է, ասես կարդում եք մարդկության մասին մի օրագիր, որը Սատանան վարում է իրական ժամանակում։
Թոմաս Ման․ «Դոկտոր Ֆաուստուս»

Նախորդ գրքերի համեմատ՝ բավական բարդ ընթերցվող, բայց ոչ պակաս հետաքրքիր ստեղծագործություն։ Սա երիտասարդ կոմպոզիտորի պատմությունն է, որը հոգին վաճառում է Սատանային՝ առաջիկա 24 տարիների ընթացքում անսպառ ներշնչանք ունենալու դիմաց։ Սակայն այդ գործարքի հետևանքով նա զրկվում է սիրելու ունակությունից։
Մենք միտումնավոր չենք ներառել «Սատանայի վիշտը» վեպը, քանի որ այս առեղծվածային թեմայի շրջանակում նախընտրում ենք առավել նրբաճաշակ գրականություն։
Ռեգինա Մելիքյան