Հայկական ոճ․ հայկական նորաձևության խառնաշփոթը՝ ֆրանսիական շեշտադրմամբ

15:35   1 նոյեմբերի, 2026

Մետաղական դետալներով կաշվե բաճկոններ, դառը շոկոլադի երանգի թավիշանման զամշ, կարմիրի անսպասելի վառ շեշտադրումներ և ընդգծված բնավորությամբ վերարկուներ։ «Հայկական ոճ» խորագրի այս թողարկմանը ներկայացնում ենք չորս հերոսուհիների, որոնք արդի նորաձևությունն ընկալում և մեկնաբանում են յուրովի։ Այստեղ միախառնվում են գլեմ-ռոքի էսթետիկան, իտալական նրբագեղությունը, գույների համարձակ համադրություններն ու փարիզյան անկաշկանդ ոճը։ Վերլուծում ենք յուրաքանչյուր կերպարի ուշագրավ դետալները, նորաձևության ակնարկներն ու ոճային հնարքները, որոնք դրանցից յուրաքանչյուրն առանձնահատուկ ու հիշարժան են դարձնում։

 Ռոքնռոլյան տրամադրություն

photo_1_2026-11-01_13-33-12.jpg (594 KB)

Matevosyan-ի կերպարն իսկական ձոն է գլեմ-ռոքին և բայքերական էսթետիկային։ Խոշոր, կլոր մետաղական գամերով զարդարված ծավալուն կաշվե բաճկոնը բնավորություն է հաղորդում ամբողջ կերպարին՝ հիշեցնելով 1970-ականների և 1980-ականների ռոք-կուռքերին, ինչպես նաև Alexander McQueen-ի և Hedi Slimane-ի հավաքածուները։

Վերին հագուստի ազատ ու ծավալուն ուրվագիծը հավասարակշռված է լակոնիկ սև տոպով և լայն տաբատով։ Ծավալների հակադրությունը կերպարին հաղորդում է անկաշկանդություն՝ միաժամանակ պահպանելով դրա արտահայտչականությունը։

photo_2_2026-11-01_13-33-12.jpg (685 KB)

Առանձնահատուկ ուշադրության է արժանի երկար ծոպերով զամշե պայուսակը․ այն westerncore ոճի տպավորիչ շեշտադրում է, որն ավելի արտահայտիչ է դարձնում կերպարի շարժումն ու հյուսվածքային բազմազանությունը։

Տեղական TOFF Shoes ապրանքանիշի Diablo մոդելի՝ լայն փողքերով բարձրաճիտ կոշիկները կերպարը դուրս են բերում սովորական առօրյա ոճի սահմաններից։ Իսկ հարթ, կոկիկ հավաքված վարսերն ու օղակաձև ականջօղերը, հակառակը, մեղմում են ռոքնռոլյան տրամադրությունը։ Արդյունքում ստացվում է high-low ոճային հետաքրքիր համադրություն՝ մի փոքր ըմբոստություն, մի փոքր մինիմալիզմ և ինքնավստահության մեծ չափաբաժին։

Dolce vita՝ մեծ քաղաքի ռիթմով

photo_4_2026-11-01_13-33-12.jpg (707 KB)

Նանե Ավետիսյանը կարծես Միլանից իր հետ բերել է անկաշկանդ նրբագեղության մի ամբողջ դաս։ Կերպարի գլխավոր տարրը գոտիով շագանակագույն զամշե բաճկոնն է, որն ընդգծում է իրանը և ձևավորում փափուկ ուրվագիծ։ Շոկոլադե և կարամելային երանգները հիշեցնում են Miu Miu-ի, Gucci-ի և Ralph Lauren-ի հավաքածուները, իսկ ծալքերով կարճ կիսաշրջազգեստը կերպարին հաղորդում է խաղային կանացիություն՝ միաժամանակ ակնարկելով preppy ոճին։ Այստեղ վերնազգեստի առնականությունը համադրվում է մինի կիսաշրջազգեստի կանացիության հետ․ մի հակադրություն, որը միշտ հետաքրքիր արդյունք է տալիս։

photo_3_2026-11-01_13-33-12.jpg (786 KB)

Սակայն կերպարի ամենաուշագրավ աքսեսուարային լուծումը գլխին կապած բաց գույնի շարֆն է՝ համադրված խոշոր արևային ակնոցների հետ։ Այս դետալում հեշտությամբ կարելի է նկատել 1960-ականների իտալական կինոյի տրամադրությունն ու Բրիջիթ Բարդոյի և Սոֆիա Լորենի ոճային ազդեցությունը։ Հակադիր գույնի քթամասով բաց գույնի կազակական ոճի կիսաճտքավոր կոշիկներն ավելացնում են ժամանակակից westerncore շեշտադրում՝ թույլ չտալով, որ կերպարը չափազանց ռոմանտիկ դառնա։

Արդյունքում ստացվում է գրեթե կինեմատոգրաֆիկ dolce vita․ կարծես առջևում Միլանի փողոցներով զբոսանք է, իսկ օրվա միակ ծրագրերը սուրճն են, գեղեցիկ ցուցափեղկերն ու ինքնաբուխ գնումները։

Կարմիրի վառ շեշտադրում

photo_5_2026-11-01_13-33-12.jpg (922 KB)

Մերի Երեմյանն ընտրել է տպավորիչ գունային լուծում՝ pop of red՝ կարմիրի ընդգծված շեշտադրում։ Կերպարի հիմքում Zara-ի դասական, երկշարք կոճակներով թրենչն է։ Սակայն դրա գլխավոր առանձնահատկությունը բացահայտվում է դետալներում՝ թևքերի դարձածալերի վառ կարմիր գույնը։ Այս փոքրիկ հակադրությունը սովորական վերնազգեստը վերածում է ինքնուրույն ոճային հայտարարության։ Այստեղ կարմիրը չի գերիշխում ամբողջ կերպարում, այլ հայտնվում է առանձին շեշտադրումներով, ինչի շնորհիվ էլ առավել արտահայտիչ է դառնում։

photo_6_2026-11-01_13-33-12.jpg (656 KB)

Գունային այս լուծման շարունակությունն են փայլուն, վառ կարմիր ռետինե երկարաճիտ կոշիկները, որոնք կրկնում են թևքերի դարձածալերի երանգը և կերպարին հաղորդում խաղային համարձակություն։ Սպիտակ կարճ տոպը, ազատ մուգ տաբատն ու կարմիր-մոխրագույն գծավոր լոնգսլիվը, որը կապած է գոտկատեղին, ստեղծում են անկաշկանդ բազմաշերտություն՝ մոդելների off-duty ոճին բնորոշ տրամադրությամբ։ Շղթայով սև բագետ-պայուսակն ու ուղղանկյունաձև ակնոցներն ամբողջացնում են քաղաքային նրբագեղությունը։

Սա հիանալի օրինակ է այն բանի, թե ինչպես մեկ գունային գաղափարը կարող է միավորել զգեստապահարանի՝ առաջին հայացքից իրարից բավական տարբեր տարրերը։

Փարիզյան high-low ոճ

photo_7_2026-11-01_13-33-12.jpg (957 KB)

Մարի Ավանեսյանն ընտրել է փարիզյան շքեղության ժամանակակից մեկնաբանությունը, որտեղ նրբագեղությունն ամենևին պարտավոր չէ համադրվել խիստ ձևականության հետ։ Կերպարի գլխավոր տարրը նուրբ վարդագույն երանգի, մանր վանդակավոր նախշով ծավալուն կոկոնաձև վերարկուն է։ Դրա գործվածքը հիշեցնում է դասական թվիդը, իսկ ազատ ուրվագիծն ու ընդգծված ուսագիծը կերպարին հաղորդում են արդիական ծավալ։

Այստեղ փոշոտ վարդագույնը հեռու է մանկական barbiecore էսթետիկայից․ այն զուսպ է և հատկապես հետաքրքիր համադրություն է ստեղծում մոխրագույն ջինսի հետ։

photo_8_2026-11-01_13-33-12.jpg (1.16 MB)

Կերպարի ամենահումորային դետալը Jacquemus-ի փոքրիկ սև պայուսակն է, որը հիշեցնում է ապրանքանիշի հանրահայտ Le Chiquito մոդելը։ Այս աքսեսուարը վաղուց դարձել է բնավորություն ունեցող իրերի նկատմամբ նորաձևության սիրո խորհրդանիշ, նույնիսկ եթե դրանց մեջ հազիվ է տեղավորվում հեռախոսը։

Մետաղական շրջանակով բարակ, օվալաձև ակնոցները հիշեցնում են Y2K դարաշրջանի էսթետիկան, իսկ ազատ ջինսերն ու Golden Goose սպորտային կոշիկները ստեղծում են հենց այն high-low հակադրությունը, որն այս կերպարի գլխավոր առանձնահատկությունն է։ Երբ շքեղ տրամադրություն հաղորդող վերարկուն համադրվում է միտումնավոր առօրյա կոշիկների հետ, ծնվում է թվացյալ անփութություն, որի հետևում, իրականում, թաքնված է նորաձևության հստակ հաշվարկ։



© NEWS.am STYLE