13:30 2 նոյեմբերի, 2026Մինչ աստղերը երազում են հայտնվել Met Gala-ի հյուրերի շարքում, նկարիչ Դեյվիդ Սեբաստիանը որոշել է միջոցառման պատմության մեջ իր անունը թողնել բոլորովին այլ կերպ։ Նա գաղտնի կերպով սեփական նկարը ներս է տարել Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարան և կախել ցուցասրահներից մեկի պատին, հայտնում են լրատվամիջոցները։ Իսկ որպեսզի անվտանգության աշխատակիցները չնկատեն կատարվածը, նրա հանցակիցը բավական անսովոր միջոց է կիրառել․ մանկական սայլակի մեջ թաքցրած բարձրախոսով միացրել է սեռական բնույթի ձայների ձայնագրություն։
Ակցիան տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ին։ Սեբաստիանն ավելի վաղ պատրաստել էր TheMet 2028(Մեթը՝ 2028) խորագրով նկարը՝ այն ստեղծելով գունավոր կավիճներով։ Դրանում պատկերված է Met Gala-ի հայտնի աստիճանավանդակը, որով բարձրանում են հայտնիները՝ լուսանկարիչների առաջ կեցվածքներ ընդունելով։ Սակայն տոնական շքեղության սահմաններից դուրս բոլորովին այլ պատկեր է․ մարդիկ բախվում են պաշտպանիչ հանդերձանքով ոստիկանների հետ, իսկ պատնեշների հետևում անկարգություններ են տեղի ունենում։
Այս կերպ նկարիչը ցանկացել է ցույց տալ ամենահեղինակավոր աշխարհիկ միջոցառումներից մեկի շքեղության և թանգարանի պատերից դուրս տիրող իրականության հակադրությունը։ Նրա մտահղացմամբ՝ մինչ հայտնիները կեցվածքներ են ընդունում կարմիր գորգի վրա, հասարակ մարդիկ ստիպված են բախվել շատ ավելի լուրջ խնդիրների։
Իր մտահղումն իրականացնելու համար Սեբաստիանը դիմել է հանցակցի օգնությանը։ Վերջինս թանգարան է եկել մանկական սայլակով, որի մեջ Bluetooth բարձրախոս էր տեղադրված։ Երբ անպարկեշտ ձայների ձայնագրությունը գրավել է աշխատակիցների ուշադրությունը, նկարիչն օգտվել է հարմար պահից և իր աշխատանքը կախել պատին՝ դրան կցելով նաև թանգարանային ցուցանակ։
Սեբաստիանը չի թաքցրել իր մասնակցությունն ակցիային և ինքն է հրապարակել նկարը կախելու գործընթացը պատկերող տեսանյութը։ Նա նաև բացատրել է, թե ինչու է որպես նյութ ընտրել հենց կավիճները․ ցանկացել է աշխատանքն ավելի անհեթեթ ու արտառոց դարձնել։ Նկարիչն իրեն համեմատել է Բենքսիի հետ, սակայն հավելել, որ, ի տարբերություն հայտնի փողոցային նկարչի, ինքը մտադիր չէ թաքնվել անանունության հետևում։ «Ես Բեթմենը չեմ։ Ես ուզում եմ, որ դուք ինձ տեսնեք»,- այսպես է նա բնորոշել իր դիրքորոշումը։
Լրագրողների հետ զրույցում Սեբաստիանը նշել է նաև, որ թանգարանը կարող է հարթակ դառնալ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վրա հանրության ուշադրությունը հրավիրելու համար։ Նրա խոսքով՝ ակցիան ուղղված էր Met Gala-ի անհեթեթության և համաշխարհային ճգնաժամերի ֆոնին հայտնիների շքեղ կյանքի նկատմամբ չափազանց մեծ ուշադրության դեմ։
Ակցիայից հետո նկարի ճակատագիրը նույնպես ուշագրավ զարգացում է ունեցել։ Page Six-ի հաղորդմամբ՝ երկուշաբթի առավոտյան աշխատանքը դեռևս կախված էր թանգարանի պատին։ Սակայն թանգարանի ներկայացուցչին հղում անող այլ հրապարակումների համաձայն՝ հնարավոր է՝ այն ավելի վաղ արդեն հանված լիներ։ Մետրոպոլիտեն թանգարանն ինքը հրաժարվել է մեկնաբանել տեղի ունեցածը։