Նորապսակները զարմացրել են հյուրերին՝ հարսանիքի օրը ներկայացնելով իրենց «առաջին սուսերամարտը»

16:14   2 նոյեմբերի, 2026

Սիերան և Ջեյմս Կամպիսին իրենց հարսանիքի համար ցանկանում էին մի յուրահատուկ բան մտածել, որը կհամապատասխաներ իրենց զույգի բնավորությանն ու հետաքրքրություններին։ Նյու Յորքում բնակվող զույգը PEOPLE-ին պատմել է, որ երկուսն էլ «Dungeons & Dragons» խաղի մեծ երկրպագուներ են և ցանկացել են իրենց այդ նախասիրությունը ներառել հարսանեկան տոնակատարության մեջ։

«Մենք քննարկում էինք առաջին պարի և հանդիսավոր մուտքի գաղափարները, և որոշեցինք, որ սուսերամարտը շատ զվարճալի կլինի և իսկապես կարտահայտի մեր էությունը, ինչպես նաև այն հեքիաթային ու կախարդական մթնոլորտը, որը ցանկանում էինք ստեղծել հարսանիքի ժամանակ»,- պատմել է 34-ամյա Սիերան։ «Մենք վարձեցինք բեմական մենամարտերի բեմադրիչի, որը մշակեց մեր հարսանեկան ներկայացման և հանդիսավոր մուտքի շարժումները։ Իսկ առաջին պարի խորեոգրաֆիան ինքներս կազմեցինք, քանի որ հենց դա էր մեզ համար առաջնահերթ»։

36-ամյա Ջեյմսն էլ նշել է, որ իրենք ցանկանում էին՝ իրենց հարսանիքը միաժամանակ մի քանի առանձնահատկություն ունենա։

«Մենք ուզում էինք, որ այն փոքր-ինչ ֆանտաստիկ ու կախարդական լիներ, բայց ամենակարևորը՝ իսկապես զվարճալի։ Զվարճալի թե՛ բոլոր ներկաների, թե՛ հենց մեզ համար։ Մենք մի որոշ ժամանակ քննարկում էինք այդ գաղափարը և մտածեցինք՝ ինչ հրաշալի միջոց կլինի ամուսնու և կնոջ կարգավիճակում մեր առաջին համատեղ ներկայացումն այսպես սկսելու համար»,- պատմել է նա։

Հարսանիքից երեք ամիս առաջ զույգն առաջին անգամ մասնակցել է սուսերամարտի դասի։

«Մենք գիտեինք՝ եթե պատրաստվում ենք դա անել, ապա պետք է ամեն ինչ պատշաճ կերպով կազմակերպենք։ Սա այն դեպքը չէ, երբ կարելի է ամեն ինչ թողնել պատահականությանը և հույս ունենալ, որ ամեն ինչ լավ կանցնի»,- ասել է Սիերան։

«Մենք օգտագործում էինք բեմական մենամարտերի համար նախատեսված սրեր, սակայն դրանք մետաղյա էին։ Դրանցով հարված ստանալը ցավոտ կլիներ»,- բացատրել է նա՝ հավելելով, որ այդ պատճառով պետք էր շարժումները կատարել չափազանց հստակ ու ճշգրիտ։ Զույգը երեք անգամ մասնակցել է խորեոգրաֆի հետ հատուկ մարզումների, ապա ժամերով փորձեր արել նաև տանը։

Թեև սկզբում նրանք ծրագրել էին սուսերամարտի ներկայացումն անցկացնել առաջին պարից հետո, հետագայում որոշել են փոխել հերթականությունը։ Նրանք ցանկանում էին, որ առաջին պարը լինի խաղաղ ու ռոմանտիկ, այլ ոչ թե ուղեկցվի առաջիկա մենամարտի մասին անհանգստությամբ։

Սուսերամարտի անակնկալի մասին գիտեին միայն DJ-ը և հարսանեկան արարողության կազմակերպիչները։ Սիերայի խոսքով՝ հյուրերը պարզապես հիացած էին անսպասելի ներկայացմամբ։

Photo։ Rick Odell/Studio 27 DJs

 



© NEWS.am STYLE