Մայքլ Ջեքսոնի որդիները՝ Փրինսն ու Բիգին, ցանկանում են վերականգնել Neverland կալվածքի բարեգործական առաքելությունը՝ այն կրկին դարձնելով հիվանդ և անապահով երեխաների ուրախության աղբյուր

21:06   2 նոյեմբերի, 2026

Մայքլ Ջեքսոնի որդիները՝ Փրինսն ու Բիգին, կողջունեն իրենց հանգուցյալ հոր սիրելի Neverland կալվածքի՝ հիվանդ և սոցիալապես անապահով երեխաներին կրկին ուրախություն պարգևելու հնարավորությունը, գրում է Page Six-ը։

«Նրանք շատ կցանկանային, որ կալվածքը պահպանվեր և օգտագործվեր այնպես, որ արտացոլեր Մայքլի նախնական մտահղացումը»,- Page Six-ին բացառիկ հարցազրույցում հայտնել է Ջեքսոնների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը։

Աղբյուրը նշել է, որ Կալիֆոռնիայում գտնվող ընդարձակ կալվածքը եղբայրների համար առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այնտեղ են անցել նրանց մանկության հիշարժան տարիներից շատերը։

«Փրինսը մեծապես գնահատում է Neverland-ի պատմությունը և շատ կցանկանար, որ այն կրկին բարեգործական նպատակների ծառայեր, հատկապես՝ հիվանդ և սոցիալապես անապահով երեխաներին օգնելու համար»,- նշել է աղբյուրը։

«Հաշվի առնելով, թե որքան ակտիվ է նա անձամբ ներգրավված բարեգործական աշխատանքներում, այդ գաղափարը նրա համար առանձնահատուկ նշանակություն ունի»։

29-ամյա Փրինսը 2016 թվականին՝ Լոյոլա Մերիմաունթի համալսարանում սովորելու տարիներին, համահիմնադրել է Heal Los Angeles հիմնադրամը։ Կազմակերպության պաշտոնական կայքի համաձայն՝ հիմնադրամն աջակցում է Լոս Անջելեսի սոցիալապես անապահով համայնքներում բնակվող երեխաներին, երիտասարդներին և ընտանիքներին՝ կենտրոնանալով կրթական հնարավորությունների, առողջ ապրելակերպի և աջակցության ծրագրերի վրա։

Հիմնադրամի նախաձեռնությունների թվում են համագործակցությունը Լոս Անջելեսի հյուսիսարևելյան հատվածում գտնվող Loreto տարրական դպրոցի հետ, ինչպես նաև սննդամթերքի և խաղալիքների հավաքագրման ակցիաները՝ կարիքավոր ընտանիքներին օգնելու նպատակով։ Հիմնադրամի փոխանցմամբ՝ իր գործունեության ոգեշնչման աղբյուրը Մայքլ Ջեքսոնի մարդասիրական ժառանգությունն է և այն համոզմունքը, որ յուրաքանչյուր երեխա պետք է հնարավորություն ունենա լիարժեք զարգանալու և հաջողության հասնելու։

Բիգին, ով նախկինում հայտնի էր Բլանկետ անունով, «շատ ավելի փակ մարդ է և կնախընտրեր, որ Neverland-ը չվերածվեր զբոսաշրջային մեծ տեսարժան վայրի։ Սակայն դա չի նշանակում, որ նա դեմ կլիներ գտնել մի միջոց՝ այդ կախարդական մթնոլորտը կրկին վերադարձնելու այն երեխաների կյանք, որոնք իսկապես դրա կարիքն ունեն»,- պարզաբանել է աղբյուրը։

Աղբյուրի խոսքով՝ եղբայրների ցանկությունն առաջին հերթին կապված է փոփի արքայի ժառանգությունը պահպանելու և կալվածքի վերաբերյալ նրա ունեցած սկզբնական տեսլականը կյանքի կոչելու հետ։

Լուսանկարը՝ Dave Benett/Getty Images

 



© NEWS.am STYLE