19:11 3 նոյեմբերի, 2026Ուիլ Սմիթի՝ երջանկության որոնումները նրան Շերի Զամպինոյի հետ տարել են Ավստրալիա, գրում է E! News-ը։
«Օսկար»-ի դափնեկիրը բավականին հեռու էր Արևմտյան Ֆիլադելֆիայից, երբ Ավստրալիա կատարած ուղևորության ավարտին մի քանի ուրախ պահեր է կիսել նախկին կնոջ հետ, որը նրանց 33-ամյա որդու՝ Թրեյ Սմիթի մայրն է։
Նախկին ամուսինները, որոնք ամուսնացած են եղել 1992-ից 1995 թվականներին, ժպիտները դեմքներին ներկայացել են Սիդնեյի օդանավակայանում հոկտեմբերի 28-ին։ Սմիթի՝ «Զմրուխտե քաղաքի» (Սիդնեյի) այցն ավարտվել է նրա առաջիկա մարտաֆիլմի՝ Supermax-ի նկարահանումներից հետո։ Ֆիլմը սպանության առեղծվածային պատմություն է, որի գործողությունները ծավալվում են աշխարհի ամենաանվտանգ բանտում։
Ուստի զարմանալի չէ, որ I Am Legend ֆիլմի աստղը ճանապարհորդության օրը նախընտրել էր հարմարավետ հագուստ․ նա կրել է փափուկ կապույտ հուդի և հարմարավետ սպորտային տաբատ։ Իսկ նրա նախկին կինը՝ The Real Housewives of Beverly Hills ռեալիթի շոուի նախկին մասնակիցը, համադրել էր առօրյա և շքեղ ոճերը՝ ամբողջովին սև հագուստի և նույն գույնի սանդալների հետ կրելով Maison Goyard-ի պայուսակ։

Մինչ Ուիլը, որը Ջեյդենի (28) և Ուիլոուի (25) հայրն է նաև ներկայիս կնոջ՝ Ջադա Փինքեթ Սմիթի հետ, և Շերին տարիների ընթացքում պահպանել են մտերիմ հարաբերությունները՝ համատեղ մեծացնելով որդուն, գեղեցկության ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվող Շերին նաև մտերմացել է Set It Off ֆիլմի դերասանուհու հետ։
«Երբ ես մտա այս ամենի մեջ և սկսեցինք ձևավորել միասնական ընտանիք, իմ միակ պայմանն այն էր, որ դու լավ վերաբերվես որդուս»,- 2022 թվականին Ջադայի Red Table Talk հաղորդման ժամանակ ասել է 58-ամյա Շերին։ «Դու այդպես էլ վարվեցիր։ Եվ նրա հանդեպ քո վերաբերմունքը միշտ անկեղծ ու բարի էր․ դու ցանկանում էիր նրա համար ամենալավը»։
Սակայն դա չի նշանակում, որ նրանց հարաբերություններում ամեն ինչ միշտ հարթ է ընթացել։ Ինչպես նշել է Ջադան, իրեն որոշ ժամանակ է պահանջվել՝ Շերիի և Ուիլի՝ երեխայի համատեղ դաստիարակության հարաբերությունները հասկանալու համար։
«Ինձ համար դա իսկապես հասունության հարց էր»,- ասել է 55-ամյա Ջադան։ «Ես չէի հասկանում ամուսնական հարաբերությունների դինամիկան։ Մտածում էի՝ «Լավ, եթե ամուսնալուծության փաստաթղթերն արդեն ուղարկվել են, և մարդիկ այլևս ոչինչ չեն ցանկանում միմյանցից, ուրեմն ամեն ինչ ավարտված է»։ Բայց գիտե՞ք ինչ։ Դա երբեք ամբողջությամբ չի ավարտվում»։
Նա հավելել է. «Ահա թե որն էր իմ ամենամեծ թյուրիմացությունը»։
Ջադան, որը թեև իրավաբանորեն դեռ ամուսնացած է Ուիլի հետ, սակայն 2023 թվականին հայտնել է, որ նրանք արդեն տարիներ շարունակ առանձին են ապրում, խոստովանել է նաև, որ եղել է մի ժամանակ, երբ խորթ որդու՝ Թրեյի հետ հարաբերություններում չափազանց միջամտելով՝ ավելի է բարդացրել իրավիճակը։
«Հիշում եմ դեպքեր, երբ իսկապես անցել եմ թույլատրելի սահմանները»,- 2022 թվականին խոստովանել է նա։ «Մեր հարաբերությունները չափազանց փոխկապակցված էին դարձել, և ամեն ինչ ինչ-որ պահի բավականին խճճվել էր»։
Սակայն ժամանակի ընթացքում միմյանց սահմանները հարգել սովորելով՝ նախկինում լարված հարաբերությունների հիմքի վրա ձևավորվել է ամուր ընտանեկան կապ։ Ինչպես նշել է The Matrix ֆիլմի դերասանուհին. «Մենք կարողացանք դժվար խոսակցություններ ունենալ և ընդունել մեր սխալները»։
Իսկ միասին անցկացրած տասնամյակների ընթացքում Ուիլն ու Ջադան շարունակել են անկեղծորեն խոսել իրենց սիրային հարաբերությունների մասին։
Լուսանկարները՝ Sheree Zampino/Instagram, Media-Mode / SplashNews.com