14:31 5 նոյեմբերի, 2026Բրյուսելում գործող Bozar ռեստորանը, որի ղեկավարը հայազգի շեֆ-խոհարար Կարեն Թորոսյանն է, 42-րդ հորիզոնականն է զբաղեցրել «The World’s 50 Best Restaurants 2026» հեղինակավոր վարկանիշային աղյուսակում:
Այս ցանկն ամեն տարի ի մի է բերում աշխարհի 50 լավագույն ռեստորանները՝ հիմնվելով ոլորտի հարյուրավոր առաջատար փորձագետների՝ շեֆ-խոհարարների, ռեստորանային քննադատների և գաստրոնոմիական լրագրողների մասնագիտական գնահատականների վրա:
Ընդամենը մեկ տարվա ընթացքում ռեստորանն առաջընթաց է գրանցել միանգամից 21 հորիզոնականով (նախորդ տարի այն զբաղեցնում էր 63-րդ տեղը): Սա բացառիկ ձեռքբերում է բելգիական գաստրոնոմիայի պատմության մեջ, քանի որ Bozar-ը երկրի միակ ռեստորանն է, որին հաջողվել է տեղ գտնել համաշխարհային վարկանիշի առաջին հիսունյակում:
View this post on Instagram
Արդյունքները հրապարակվել են նոյեմբերի 4-ին՝ Պերուի մայրաքաղաք Լիմայում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է իսպանական Asador Etxebarri ռեստորանը, երկրորդը՝ Բանգկոկի Gaggan-ը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է կոպենհագենյան Alchemist-ը: Ընդգրկվելով ժամանակակից գաստրոնոմիայի միտումները թելադրող հաստատությունների շարքում՝ Bozar-ն ամրապնդել է Բրյուսելի դիրքերը բարձր խոհանոցի համաշխարհային քարտեզի վրա:
The World’s 50 Best Restaurants ցանկում 42-րդ հորիզոնականը Bozar-ի թիմի հերթական խոշոր նվաճումն է. 2026 թվականին ռեստորանն արդեն հասցրել էր Gault&Millau Belux հեղինակավոր ուղեցույցում 20 հնարավորից վաստակել 17,5 միավոր, իսկ Կարեն Թորոսյանն արժանացել էր «Տարվա շեֆ-խոհարար» կոչմանը: Բացի այդ, ռեստորանը շարունակում է պահպանել դեռևս 2023 թվականին շնորհված միշլենյան երկու աստղերը:
Արդյունքների հրապարակումից հետո Կարեն Թորոսյանն իր ինստագրամյան էջում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով թիմին և առանձնահատուկ ընդգծելով կնոջ ու գործընկերոջ՝ Նանի Լի Թորոսյանի անգնահատելի դերը:
«Իմ ամենամեծ հպարտությունը ոչ թե մրցանակներն են, այլ այն ուղին, որը մենք կառուցել ենք իմ կնոջ և գործընկերոջ՝ Նանի Լի Թորոսյանի հետ միասին: Մենք մշտապես առաջարկել ենք այնպիսի խոհանոց, որն արժևորում է վարպետությունը՝ առաջնորդվելով նվիրվածությամբ, խստապահանջությամբ, գիտելիքով, կատարելության ձգտումով, ճշգրտությամբ և համառությամբ: Եվ մենք շարունակելու ենք նույն ոգով՝ միասին, ամեն օր ձգտելով դառնալ ավելի լավը», – գրել է Թորոսյանը: