UFC-ի մարտիկ Մելսիկ Բաղդասարյանը կնկարահանվի Ժան-Կլոդ Վան Դամի նոր մարտաֆիլմում

18:49   5 նոյեմբերի, 2026

Խառը մենամարտերի (MMA) հայ մարտիկ Մելսիկ Բաղդասարյանը համալրել է «KATANA» նոր մարտաֆիլմի դերասանական կազմը։ Ֆիլմի գլխավոր դերում հանդես է գալու Ժան-Կլոդ Վան Դամը, հայտնում է Armenian Film Society-ն։

Կինոնկարի ռեժիսորն ու սցենարիստը Ջերեմի Զագն է։ Սյուժեի առանցքում մարտարվեստի աշխարհի նախկին չեմպիոնն է, որը ստիպված է վերադառնալ ռինգ այն բանից հետո, երբ ճապոնական «յակուձա» մաֆիան առևանգում է նրա դստերը։

«KATANA»-ն Վան Դամի համար յուրօրինակ վերադարձ կլինի դեպի մարտարվեստի ոլորտում իր կարիերայի ակունքները։ Հիշեցնենք, որ դերասանին համաշխարհային ճանաչում են բերել «Արյունոտ սպորտ», «Քիքբոքսոր» և «Կրկնակի հարված» պաշտամունքային ֆիլմերը։

UFC-ում հանդես եկող Բաղդասարյանը կնկարահանվի մարտարվեստի աստղերի ամբողջական թիմի հետ։ Նախագծին մասնակցում է նաև քիքբոքսինգի աշխարհի ֆրանսիացի չեմպիոն Սիրիլ Բենզակենը։

Ֆիլմի նկարահանումները նախատեսված են 2027 թվականի ապրիլին։ Դրանք կանցկացվեն Ճապոնիայում, Ֆրանսիայում և Լոս Անջելեսում։



© NEWS.am STYLE