Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում

10:30   7 նոյեմբերի, 2026

Ֆլորիդայում երեխաների նկատմամբ սեռական բռնություն պատկերող նյութեր պահելու մեղադրանքով ձերբակալել են Մեգան Մարքլի հորը՝ Թոմաս Մարքլին։ ՀԴԲ գործակալները ոտքի անդամահատումից հետո անվասայլակին գամված տարեց տղամարդուն ծերանոցից դուրս են բերել ձեռնաշղթաներով։ Նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։

81-ամյա Թոմաս Մարքլի ձերբակալման կադրերը հրապարակել է The Sun պարբերականը, որն էլ առաջինն էր գրել, թե Ֆիլիպիններում գտնվող նրա տանը մեծ քանակությամբ մանկական պոռնոգրաֆիկ նյութեր են հայտնաբերվել։

Լուսանկարներում երևում է, որ տղամարդը փնթի, կեղտոտ շապիկով է, որի վրա արևային ակնոցով ու սառը սուրճ խմող կատու է պատկերված։ ՀԴԲ աշխատակիցները նրան անվասայլակով դուրս են բերել Ֆլորիդա նահանգի Լեյքլենդ քաղաքի Maravida Senior Living ծերանոցից։

Ուրբաթ օրը ԱՄՆ արդարադատության նախարարությունը Մարքլին մեղադրանք է առաջադրել մեկ հոդվածով՝ երեխաների նկատմամբ սեռական բռնության տեսարաններով նյութեր պահելու համար։ Ըստ քրեական գործի՝ հայտնաբերված կադրերի թվում կան լուսանկարներ, որոնցում, ենթադրաբար, հենց ինքը՝ Թոմաս Մարքլն է՝ սեռական հասունության դեռ չհասած անչափահաս աղջիկների հետ ինտիմ տեսարաններում։

Ենթադրյալ իրեղեն ապացույցները հայտնաբերվել են նրա արտասահմանյան առանձնատանը, ինչպես նաև Լոս Անջելեսի երկու պահեստներում, որոնք նա վարձակալել էր շուրջ 18 տարի։

2025 թվականի դեկտեմբերին Թոմաս Մարքլի ոտքն անդամահատել էին։ Ձերբակալման պահին նա սև տաբատով էր, իսկ մյուս ոտքին ընդամենը մեկ կոշիկ կար։

Դատախազության տվյալներով՝ խուզարկությունների ընթացքում ամերիկացի քննիչներն առգրավել են 78 իր, այդ թվում՝ սլայդներ, լուսանկարչական ժապավեններ և գրքեր, որոնք, ենթադրաբար, մանկական պոռնոգրաֆիա են պարունակում։ Լոս Անջելեսի շրջանում գտնվող երկու պահեստները Մարքլը վարձակալել էր դեռ 2008 թվականից։

Դատական փաստաթղթերում նշվում է, որ երկու լուսանկարում սեռական հասունության չհասած մերկ աղջկա կողքին պատկերված է մի տղամարդ, որի մեջ վկաներից մեկը ճանաչել է Թոմաս Մարքլին։ Մեղադրանքի համաձայն՝ մյուս կադրերում Մարքլը պատկերված է կիսամերկ կամ մերկ երեխաների կողքին։

«Թոմաս Մարքլը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնություն պատկերող նյութեր պահելու մեջ, այդ թվում՝ լուսանկարներ, որոնցում նա, ենթադրաբար, անչափահաս աղջիկների հետ է։ Սրանք չափազանց լուրջ մեղադրանքներ են, և մենք մտադիր ենք պարոն Մարքլին պատասխանատվության ենթարկել դաշնային օրենսդրության ողջ խստությամբ», — հայտարարել է ԱՄՆ դաշնային դատախազի առաջին տեղակալ Բիլ Էսայլին։

Ձերբակալությունից մի քանի ժամ անց Մարքլը գրավի դիմաց ազատ է արձակվել։ Դատարանը նրան արգելել է շփվել անչափահասների հետ, պարտավորեցրել է կրել էլեկտրոնային թևնոց և զգուշացրել, որ վկաներին վախեցնելու կամ նրանցից վրեժ լուծելու ցանկացած փորձ անթույլատրելի է։

Դեմենցիայով տառապող և վերջերս ոտքի մասնակի անդամահատման ենթարկված Թոմաս Մարքլը Տամպայի կենտրոնում գտնվող դաշնային դատարան է ներկայացել անվասայլակով։ Դատավոր Լինդսի Գրիֆինը հանձնարարել է անցկացնել հոգեբուժական փորձաքննություն և գնահատել նրա հոգեկան վիճակը՝ պարզելու համար, թե արդյոք մեղադրյալն իր տարիքի և առողջական խնդիրների պայմաններում ի վիճակի է գիտակցել առաջադրված մեղադրանքների լրջությունն ու դատավարության հետևանքները։

«Հաշվի առնելով պարոն Մարքլի տարիքն ու առողջական վիճակը՝ անհրաժեշտ է հետազոտություն անցկացնել՝ հասկանալու համար, թե արդյոք նա գիտակցում է դատական գործընթացի էությունն ու հետևանքները», — պարզաբանել է դատավորը։

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը հայտարարել է, որ հորը ներկայացված մեղադրանքներն իրեն «խորապես ցնցել են»։

Թոմաս Մարքլն ու նրա դուստր Մեգանը վաղուց մտերիմ հարաբերություններ չունեն։



© NEWS.am STYLE