12:21 7 նոյեմբերի, 2026Netflix-ի «Բրիջերթոնները» սերիալից հայտնի 35-ամյա բրիտանացի դերասանուհի Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է իր սիրելիի՝ գործարար Լաչի Ստյուարտի հետ։ Հարսանեկան արարողությունը կայացել է Իտալիայի գեղատեսիլ Տոսկանա մարզում՝ ռոմանտիկ ֆիլմ հիշեցնող մթնոլորտում։

Դերասանուհին, որը սերիալում մարմնավորել է վիկոնտ Էնթոնի Բրիջերթոնի սիրելիին՝ օպերային երգչուհի Սիենա Ռուսոյին, և Լաչին արդեն երեք տարի միասին են։

Ուրբաթ օրը Սաբրինան Instagram-ում հրապարակել է հարսանեկան առաջին լուսանկարները՝ հայտնելով, որ զույգն ամուսնացել է օգոստոսի 29-ին։ Հարսանեկան խնջույքն անցկացվել է Մարեմմա շրջանում գտնվող La Pescaia Resort հանգստյան համալիրում։ Օրվա հիշարժան պահերը լուսանկարել և տեսագրել է Kreativ Wedding թիմը։

Հարսանիքի համար Բարթլեթն ընտրել էր փղոսկրի գույնի նրբագեղ զգեստ՝ առանց ուսակապերի։ Կորսետային վերնամասը, փարթամ փեշն ու երկար քղանցքն ընդգծել են դերասանուհու նրբիրան կազմվածքը։ Նրա ընտրյալը կրել է դասական սև սմոքինգ։ Կադրերից մեկում Լաչին չի թաքցնում հուզմունքը՝ տեսնելով իրեն ընդառաջ քայլող հարսնացուին։

Նորապսակները լուսանկարվել են նաև ամուսնական մատանիներով՝ քնքշորեն նայելով միմյանց աչքերի մեջ։ Հրապարակված լուսանկարներում նրանք նաև մտերիմների հետ են։ Մյուս կադրերում պատկերված են Սաբրինայի՝ դեպի խորան քայլելու պահն ու պսակադրության առթիվ կազմակերպված տոնական ընդունելությունը։

