15:29 7 նոյեմբերի, 202646-ամյա Ջեսիկա Սիմփսոնն իսկական ռոմանտիկ վերածնունդ է ապրում։ Ամուսնուց՝ Էրիկ Ջոնսոնից ցավոտ բաժանումից հետո երգչուհին նոր երջանկություն է գտել Նեշվիլից 33-ամյա երաժիշտ Թոմաս Այզենհուդի հետ։ Զույգին մոտ կանգնած աղբյուրների խոսքով՝ հարաբերությունները սրընթաց զարգանում են, իսկ ինքը՝ աստղը, ապրում է «իր կյանքի նոր՝ ավելի սեքսուալ փուլը», գրում է Daily Mail-ը։
Սիմփսոնը չի թաքցնում ավելի երիտասարդ տղամարդկանց հանդեպ իր համակրանքը։ Դեռևս 2025 թվականի աշնանը՝ «Ամեն ինչ արդար է» սերիալի պրեմիերայի ժամանակ, նա ժպիտով խոստովանել էր, որ այժմ իրեն գրավում են երիտասարդ տղամարդիկ։ Երգչուհու խոսքով՝ բաժանումից հետո ինքը բացահայտել է, որ երիտասարդ զուգընկերներին հատկապես ձգում է հասուն կանանց ինքնավստահությունը։
Արդեն 2026 թվականի գարնանը Ջեսիկային նկատել են իրենից 13 տարով փոքր Թոմասի ընկերակցությամբ։ Հոկտեմբերին՝ Ալբուկերկեի օդապարիկների փառատոնի ժամանակ, զույգն առաջին անգամ բացահայտ ցուցադրել է իր հարաբերությունները։ Այդուհանդերձ, սիրահարներն առայժմ չեն շտապում սոցցանցերում համատեղ լուսանկարներ հրապարակել։
«Թոմը Նեշվիլից իսկական ջենթլմեն է, որը շատ է հոգ տանում նրա մասին։ Նա մշտապես հնաոճ նրբանկատություն է դրսևորում՝ նրան վերաբերվելով ընդգծված հարգանքով», — Daily Mail-ին պատմել է իրազեկ աղբյուրը։
Նրա խոսքով՝ Թոմասը ոչ միայն գերել է Ջեսիկային իր հարավային հմայքով, այլև նրա համար դարձել է ստեղծագործական ոգեշնչման կարևոր աղբյուր։ Երաժիշտն օգնում է երգչուհուն աշխատել նոր ստեղծագործությունների վրա։ Նրանց միավորում են թե՛ երաժշտության հանդեպ սերը, թե՛ հումորի յուրահատուկ զգացումը։
Ջեսիկան սիրելիին անվանում է «Saxy»․ մականունը բառախաղ է՝ կազմված անգլերեն sexy («սեքսուալ») և sax («սաքսոֆոն») բառերից։ Թոմասն իսկապես պրոֆեսիոնալ սաքսոֆոնահար է։ Նա 11 տարի հանդես է եկել նորօռլեանյան Stoop Kids խմբի կազմում, իսկ խմբի գործունեության անժամկետ դադարեցումից հետո Նեշվիլում աշխատել է որպես հնչյունային ռեժիսոր և հյուրախաղերի մենեջեր։
«Նրանք խոսում են նույն լեզվով, չէ՞ որ երկուսն էլ երաժիշտ են։ Նրանք հումորի նույն զգացումն ունեն՝ սեքսուալ ու մի փոքր էքսցենտրիկ», — պատմել է աղբյուրը։
Աղբյուրի խոսքով՝ երգչուհու նախկին ամուսինը՝ Էրիկ Ջոնսոնը, չէր կիսում նրա երաժշտական նախասիրությունները, մինչդեռ Թոմասը լավ է հասկանում նրա ստեղծագործական ձգտումները։ Նույն աղբյուրը պնդում է, որ նոր հարաբերություններն օգնում են Ջեսիկային կրկին իրեն գրավիչ, եռանդուն ու ոգեշնչված զգալ։
Սինգլների թողարկման 17-ամյա դադարից հետո՝ 2025 թվականին, Սիմփսոնը վերադարձել է երաժշտական ասպարեզ՝ ինքնուրույն թողարկելով Nashville Canyon, Part 1 և Part 2 մինիալբոմները։ 2026-ին նա յոթ համերգից բաղկացած ամառային փոքր շրջագայություն է ունեցել։ Հաջորդ տարի երգչուհին ծրագրում է ընդլայնել հյուրախաղերի ծրագիրը և, աղբյուրի խոսքով, Թոմասին էլ իր հետ տանել։
Այսօր երգչուհին, կարծես, կենտրոնացած է իր կյանքի նոր փուլի վրա։ Վերջերս նա գայթակղիչ ֆոտոշարք է նկարահանել սեփական նորաձևության ապրանքանիշի համար, ապա երկրպագուներին զարմացրել կերպարի կտրուկ փոփոխությամբ՝ իր այցեքարտը դարձած շիկահեր վարսերը ներկելով շոկոլադե երանգով։
Աղբյուրի խոսքով՝ այս կերպարանափոխությունն իր վրա աշխատելու ավելի լայն գործընթացի մի մասն է։ Ջեսիկան հետևում է դետոքս ծրագրի, ամեն օր մարզվում և խնամում է մաշկը՝ ձգտելով պահպանել երիտասարդ տեսքը։
«Նախկինում Ջեսիկայի կարիերայում ամեն ինչ նրա փոխարեն էին որոշում։ Հիմա նա ինքն է ընտրում՝ ինչ է ուզում, և հպարտանում է իր անցած ճանապարհով», — եզրափակել է աղբյուրը։