16:37 7 նոյեմբերի, 2026Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի՝ Մարոկկո կատարած ուղևորության ընթացքում Գաղտնի ծառայության աշխատակիցների հյուրանոցային կեցության համար ԱՄՆ պետբյուջեից 93 հազար դոլար է ծախսվել։ Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով դաշնային փաստաթղթերը, ուղևորությունը համընկել է Իվանկայի 45-ամյակի հետ։
Պարբերականի տվյալներով՝ Իվանկայի՝ Մարաքեշ ժամանելուց քիչ առաջ Գաղտնի ծառայության գործակալների համար սենյակներ են ամրագրվել երկու շքեղ հյուրանոցներում։ Հոկտեմբերի 21-ին կնքվել է 59 543 դոլարի պայմանագիր՝ անվտանգության աշխատակիցներին հինգաստղանի Sofitel հյուրանոցում տեղավորելու համար։ Հաջորդ օրը կնքվել է ևս մեկ պայմանագիր՝ 33 457 դոլար արժողությամբ՝ աշխատակիցների կեցությունը հանրահայտ La Mamounia հյուրանոցում ապահովելու նպատակով։
La Mamounia-ն մեծ ճանաչում ունի համաշխարհային աստղերի շրջանում։ Տարբեր տարիներին այնտեղ հյուրընկալվել են Էլթոն Ջոնը, Նիքոլ Քիդմանը, Բիլ և Հիլարի Քլինթոնները։ Համալիրի տարածքում գտնվող որոշ մասնավոր առանձնատներում՝ ռիադներում, մեկ գիշերվա կեցության արժեքը գերազանցում է 8600 դոլարը։
Ընդ որում, փաստաթղթերում Իվանկայի անունը նշված չէ։ Սակայն, Daily Mail-ի տվյալներով, նա Գաղտնի ծառայության պահպանության տակ գտնվող միակ հայտնի անձն է եղել, որն այդ ժամանակահատվածում այցելել է Մարոկկո։
93 հազար դոլարը ներառում է միայն թիկնապահների կեցության ծախսերը։ Այդ գումարի մեջ ներառված չեն Գաղտնի ծառայության աշխատակիցների աշխատավարձերը, ավիատոմսերի, սննդի և ցամաքային տրանսպորտի ծախսերը։
Տեղական լրատվամիջոցները նախագահի դստերը Մարաքեշում նկատել են հոկտեմբերի 29-ին՝ ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններից մի քանի օր առաջ։ Ըստ Le360 պորտալի՝ Իվանկան զբոսնել է քաղաքի պատմական թաղամասերով, այդ թվում՝ Էլ-Կսուր շրջանով, և այցելել հանրահայտ Ջեմաա էլ-Ֆնա հրապարակ։ Հրապարակված լուսանկարներում նա արևային ակնոցով ու գլխարկով է՝ հեռախոսը ձեռքին։
Դաշնային պայմանագրերի շտեմարանում Դոնալդ Թրամփի հարազատները պարբերաբար նշվում են որպես «VVIP»՝ առանձնապես կարևոր անձինք։
Իվանկայի և նրա ամուսնու՝ Ջարեդ Քուշների ներկայացուցիչներն անմիջապես չեն պատասխանել Daily Mail-ի հարցմանը։ Սակայն ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը պարբերականին հայտնել է, որ նախագահի յուրաքանչյուր զավակի և թոռան համար պետական պահպանություն է տրամադրվում։
Աղբյուրը չի բացահայտել Մարոկկո կատարած այցի պատճառները՝ հստակեցնելով միայն, որ Իվանկան ԱՄՆ է վերադարձել միջանկյալ ընտրությունների նախօրեին։ Մարոկկոյի լրատվամիջոցները նրա այցը բնութագրել են որպես մասնավոր հանգիստ։
Գաղտնի ծառայության ներկայացուցիչը Daily Mail-ին հաստատել է, որ գերատեսչության աշխատակիցները մշտապես ուղեկցում են իրենց պահպանության տակ գտնվող անձանց, սակայն հրաժարվել է մեկնաբանել ուղևորության մանրամասները։
Պահպանության ծախսերի մասին նոր տեղեկությունները հրապարակվել են Իվանկայի հասցեին հնչող քննադատության ֆոնին։ Դրա առիթը Վիրջինիա նահանգում ծննդյան մեկ այլ շքեղ տոնակատարության լուսանկարներն էին։ Սոցցանցերի օգտատերերը նրան մեղադրել են ցուցադրական շռայլության և իրականությունից կտրված լինելու մեջ՝ մատնանշելով ԱՄՆ-ում կյանքի թանկացման ճգնաժամը և այն կապելով նաև նրա հոր՝ Իրանի դեմ պատերազմի հետևանքների հետ։
Այդ ժամանակ Իվանկան իջևանել էր հինգաստղանի The Inn at Little Washington հյուրանոցում, որտեղ գործում է միշլենյան երկու աստղի արժանացած The Dining Room ռեստորանը։