17:33 7 նոյեմբերի, 2026Նոր Ջեյմս Բոնդի դերի համար մղվող պայքարին են միացել առաջին մեծության հոլիվուդյան ևս երկու դերասան՝ Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը։ Ինչպես հայտնի է դարձել Variety-ին, երկու բրիտանացիներն էլ կինոփորձեր են անցել լեգենդար գործակալ 007-ին մարմնավորելու համար։
Երկու դերասաններն էլ խոշոր կինոֆրանշիզներում նկարահանվելու տպավորիչ փորձ ունեն, ինչպես նաև Բոնդի կերպարին համապատասխան դերասանական պատրաստվածություն։ Փաթինսոնը հայտնի է DC կինոտիեզերքում Բեթմենի դերով, ինչպես նաև նկարահանվել է «Մթնշաղ» սագայում և Հարի Փոթերի մասին պատմող ֆիլմերում։ Հոլթն իր հերթին մարմնավորել է Լեքս Լյութորին Սուպերմենի մասին պատմող կինոնկարներում և գլխավոր դերերից մեկն է կատարել «Իքս մարդիկ» փրիքվել-եռագրությունում։
Բացի այդ, Փաթինսոնը ևս մեկ առավելություն ունի. նա նկարահանվել է ռեժիսոր Դենի Վիլնյովի «Դյունա» ֆիլմի սպասվող երրորդ մասում, իսկ Amazon MGM Studios-ը հենց Վիլնյովին է վստահել Բոնդի մասին հաջորդ ֆիլմի բեմադրությունը։ Ֆրանշիզի 26-րդ կինոնկարի սցենարը գրում է «Սուր հովարներ» սերիալի հեղինակ Սթիվեն Նայթը։
Մինչդեռ բրիտանական և ամերիկյան մամուլն արդեն քանի տարի է՝ քննարկում է կուլտային դերի հնարավոր հավակնորդներին։ Գլխավոր ֆավորիտների թվում նշվում են Քալում Թըրների, Ջոշ Օ’Քոնորի և Ջեք Լոուդենի անունները։ Variety-ի տեղեկություններով՝ դերի շուրջ ֆիլմի ստեղծողների հետ բանակցություններ է վարել նաև Հարի Սթայլզը։ Չի բացառվում նաև 41-ամյա Թեո Ջեյմսի թեկնածությունը։
Իրենց ֆավորիտների անուններն արդեն նշել են նաև ֆիլմաշարի նախկին աստղերը։ 1990-ականներին գործակալ 007-ին մարմնավորած Փիրս Բրոսնանն աջակցել է Քալում Թըրների թեկնածությանը, իսկ Գերի Օլդմանն արտահայտվել է հօգուտ Ջեք Լոուդենի՝ «Դանդաղաշարժ ձիեր» սերիալի իր խաղընկերոջ։