Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը  

16:34   8 նոյեմբերի, 2026

Բաժանումը կարող է ոչ միայն ամրապնդել զգացմունքները, այլև բորբոքել սեռական ցանկությունը։ Այս եզրահանգմանն են եկել նոր հետազոտության հեղինակները՝ պարզելով, որ ամենաուժեղ ձգողությունը զգում են այն զույգերը, որոնք լուրջ հարաբերությունների մեջ են, բայց առանձին են ապրում, գրում է NYP-ն։

Սեռական առողջության պարագաների արտադրությամբ մասնագիտացած Lovehoney ընկերությունը 2500 ամերիկացիների շրջանում հարցում է անցկացրել՝ պարզելու նրանց լիբիդոյի մակարդակը, ինտիմ հարաբերությունների հաճախականությունը և հարաբերություններից ունեցած բավարարվածությունը։

Արդյունքները ցույց են տվել, որ շատ ամերիկացիների սեռական կյանքը հեռու է կատարյալ լինելուց. հարցվածների 55%-ը խոստովանել է, որ սեքսով զբաղվում է ավելի հազվադեպ, քան կցանկանար, և միայն 30%-ն է լիովին գոհ իր ինտիմ կյանքից։

Ընդ որում, սեռական ձգողության ամենաբարձր մակարդակը գրանցվել է նրանց շրջանում, ովքեր հարաբերությունների մեջ են, սակայն զուգընկերոջ հետ նույն հարկի տակ չեն ապրում։ Նրանք իրենց լիբիդոն գնահատել են միջինը 6,58 միավոր՝ 10-ից։ Համեմատության համար նշենք, որ համատեղ ապրող զույգերի շրջանում այդ ցուցանիշը կազմել է 5,90, ամուսինների մոտ՝ 5,76, իսկ միայնակ մարդկանց մոտ՝ 5,68։

Հանդիպող, բայց առանձին ապրող հարցվածների գրեթե 73%-ը նշել է, որ օրական մի քանի անգամ մտածում է սեքսի մասին։ Այնուամենայնիվ, ինտիմ հարաբերությունների հաճախականությամբ առաջատար են նույն տանիքի տակ ապրող զույգերը՝ հավանաբար այն պատճառով, որ ավելի հաճախ են միմյանց կողքի լինում։

Եթե կենցաղային խոչընդոտները չխանգարեին մտերմությանը, հարցվածների 36%-ը կնախընտրեր սեքսով զբաղվել շաբաթական մի քանի անգամ, իսկ 21%-ը՝ ամեն օր։

Հարաբերությունների այս մոդելը հայտնի է որպես Living Apart Together (LAT)՝ «միասին, բայց առանձին»։ Դրա կողմնակիցները կարծում են, որ առանձին ապրելն օգնում է պահպանել զգացմունքների թարմությունը, ուժեղացնում է հանդիպման սպասումը և թույլ չի տալիս, որ հարաբերությունները վերածվեն առօրեականության։

Սոցիալական հոգեբան, դոկտոր Սամանթա Ջոելի խոսքով՝ այս ձևաչափն ընտրած զույգերը փաստում են, որ ավելի վառ հույզեր են ապրում և ավելի քիչ են հոգնում միմյանցից։

Այս միտումը մեծ տարածում է գտնում նաև TikTok-ում։ Բլոգեր Լորան Էլիզը հետևորդներին պատմել է, որ ամուսնուց առանձին է ապրում, թեև իրենց հարաբերությունները մնում են ամուր և մոնոգամ։ Նրա խոսքով՝ անձնական տարածքն օգնում է երկուսին էլ ինքնուրույն զարգանալ և միևնույն ժամանակ ամրապնդում է իրենց միությունը։

«Զուգընկերոջը կարոտելու հնարավորությունը հարաբերություններին սրություն է հաղորդում։ Մենք չենք հոգնում իրարից ամենօրյա միապաղաղ հանդիպումների պատճառով»,— պարզաբանել է Էլիզը, որն այս թեմային անգամ հրապարակումների մի ամբողջ շարք է նվիրել։

Հայտնիների շրջանում նույնպես կան նման կենսակերպի կողմնակիցներ։ Դերասան Բրայան Քոքսը և նրա կինը՝ Նիկոլ Անսարի-Քոքսը, առանձին տներ ունեն Լոնդոնի Փրիմրոուզ Հիլ թաղամասում՝ միմյանցից ընդամենը ինը րոպե քայլելու հեռավորության վրա։ Բրուքլինի և Նյու Յորք նահանգի հյուսիսային հատվածում գտնվող իրենց տներում ևս ամուսինները քնում են առանձին ննջասենյակներում։

 

«Ինձ թվում է՝ եթե մենք անընդհատ միասին լինենք, մեզ կզգանք իրար հետ փակված։ Իսկ ստեղծագործական հարաբերությունների համար դա այնքան էլ լավ չէ»,— The Times-ին տված հարցազրույցում ասել է Քոքսը։

 

Հեռուստահաղորդավարուհի Ռոբին Ռոբերթսը և նրա կինը՝ Էմբեր Լեյնը, մինչև ամուսնությունը նույնպես գրեթե տասը տարի առանձին են ապրել։ Ըստ E! News-ի՝ նրանք անձնական տարածքը համարում են իրենց ամուր ամուսնության գաղտնիքներից մեկը։



© NEWS.am STYLE