19:37 8 նոյեմբերի, 2026Petrossian-ի սև խավիարից ու միլանյան Serapian պայուսակներից մինչև ժնևյան Boghossian ադամանդներ, նավթային ժառանգորդի անձնական քմահաճույքով ստեղծված Rolls-Royce-եր և հոլիվուդյան աստղերի նախընտրած զարդեր։ Հայկական ազգանունները վաղուց արմատավորվել են շքեղության արդյունաբերության մեջ։ Ոմանց թիկունքում ընտանեկան կայսրություններ են, իսկ մյուսների հետևում՝ նորաձևության և ավտոմոբիլային դիզայնի պատմության մեջ մտած իրեր։
Լյուքսի աշխարհը սովոր է խոսել ֆրանսիական տների, իտալական վարպետության և շվեյցարական ճշգրտության լեզվով։ Սակայն դրա բազմաթիվ պատմությունների հետևում կանգնած են անուններ, որոնք միջազգային գործարար և բարձրաշխարհիկ շրջանակներում ավելի հաճախ են հնչում, քան բուն Հայաստանում։
Փարիզյան լեգենդ դարձած խավիարը. Petrossian

Այն մատուցում են լավագույն ռեստորաններում և վաճառում ամենահեղինակավոր գաստրոբուտիկներում. խոսքը Petrossian տան սև խավիարի մասին է։ Այս պատմությունը սկսվել է 1920 թվականին, երբ եղբայրներ Մելքում և Մուշեղ Պետրոսյանները՝ սերված Կովկասի հայկական միջավայրից, որտեղ խավիարին քաջածանոթ էին, փոքրիկ խանութ բացեցին Լա Տուր-Մոբուր բուլվարում։ Այն տարիներին փարիզցիներն այդ մթերքը դեռ չէին ընկալում որպես գաստրոնոմիական մշակույթի մաս։ Սակայն դիվանագետները, գրողները, նկարիչներն ու բարձրաշխարհիկ հանրությունը կրպակն արագ վերածեցին քաղաքի տեսարժան վայրերից մեկի։ 1970-ականներին բրենդը մուտք գործեց ամերիկյան շուկա, իսկ 1984-ին ռեստորան բացեց Նյու Յորքում։

Նոր էջ բացվեց 1994 թվականին, երբ ընկերության ղեկավարումն ստանձնեց Մուշեղի որդին՝ Արմեն Պետրոսյանը։ Վայրի թառափազգիների գլխաքանակի կրճատման պատճառով խավիարի շուկան ճգնաժամ էր ապրում, և Արմենը խաղադրույք կատարեց ջրակուլտուրայի ու վերահսկվող բուծման վրա։ Ընկերությունը ներդրեց նաև մատուցման նոր ձևաչափեր, այդ թվում՝ Fleur de Caviar-ը և Caviarcube-ը։ Այսօր ընտանեկան գործը շարունակում են Արմենի որդիները՝ Ալեքսանդրը և Միքայելը։
Միլանյան շքեղություն՝ հայկական ազգանունով. Serapian

Hermès, Bottega Veneta, Delvaux. այս անունները ծանոթ են բոլորին։ Մինչդեռ Serapian-ը բրենդ է նրանց համար, ովքեր լոգոտիպից վեր են դասում կաշվի բարձր որակն ու ձեռքի աշխատանքը։

Հիմնադիրը՝ Ստեֆանո Սերոպյանը, ծնվել է հայկական ընտանիքում և 1920-ականների սկզբին տեղափոխվել Միլան։ 1928 թվականից նա սկսեց սեփական անվան ներքո կաշվե իրեր թողարկել, իսկ 1945-ին կնոջ՝ Ջինա Ֆլորիի հետ քաղաքի կենտրոնում բացեց անհատական պատվերներով աշխատող ատելյե։

Նորաձևության տան այցեքարտը դարձավ 1947 թվականին ստեղծված Mosaico տեխնիկան. փափուկ «նապպա» կաշվի բարակ շերտերը ձեռքով հյուսվում են իրար՝ ստեղծելով խճանկար հիշեցնող մակերես։ Դա դրոշմվածք չէ. իրի մակերեսը բառացիորեն հյուսվում է։ 2017 թվականին Serapian-ը համալրեց Richemont-ի պորտֆելը՝ հայտնվելով Cartier-ի և Van Cleef & Arpels-ի կողքին։ Հակադրությունը տպավորիչ է. միլանյան փոքրիկ արհեստանոցից սկսած ներգաղթյալը հայտնվեց ոլորտի ամենահնչեղ անունների շարքում։
Ոսկերիչների վեց սերունդ. Boghossian

Ժնևում զարդի արժեքը որոշվում է ոչ միայն կարատներով, այլև քարի ծագմամբ, ամրացման բարդությամբ ու ոսկերչական տան անունով։ Հենց այստեղ է գործում Boghossian-ը՝ բարձր ոսկերչության ընտանեկան բրենդը, որն ավելի քան մեկուկես դարի պատմություն ունի։
1868 թվականին Հովհաննես Պողոսյանը պատմական Մետաքսի ճանապարհին սկսեց զբաղվել թանկարժեք քարերի առևտրով։ Ընտանեկան գործն անցավ Մարդինով, Հալեպով, Բեյրութով ու Անտվերպենով և, ի վերջո, հանգրվանեց Ժնևում։ Այսօր տունը զարդեր է ստեղծում հազվագյուտ գունավոր քարերով և ամրացման հեղինակային տեխնիկաներով. Art of Inlay-ի միջոցով մեկ քարը տեղադրվում է մյուսի մեջ, իսկ Kissing տեխնիկան միավորում է հակադիր քարերն առանց մետաղական շրջանակի։

Այսօր տունը ղեկավարում է հինգերորդ սերնդի ներկայացուցիչ Ալբերտ Պողոսյանը, ում կողքին աշխատում են եղբորորդիները՝ Ռոբերտոն ու Ռալֆը, ինչպես նաև գերդաստանի արդեն վեցերորդ սերունդը։ Այստեղ կրկնվող զարդեր չեն ստեղծվում. յուրաքանչյուր նմուշ նախագծվում է հատուկ կոնկրետ քարերի համար։
Շվեյցարական ճշգրտություն՝ հայկական բնավորությամբ. Վարդան Սիրմաքես և Franck Muller

Franck Muller-ը վաճառում է ոչ միայն մեխանիզմի ճշգրտություն, այլև բնավորություն՝ կորավուն իրաններ, խոշոր թվեր, համարձակ գույներ և բարդ մեխանիզմներ։ Բրենդի հաջողության հիմքում ժամագործ Ֆրանկ Մյուլլերի և գործարար Վարդան Սիրմաքեսի համագործակցությունն է։

Սիրմաքեսը ծնվել է Կոստանդնուպոլսում՝ հայ ոսկերիչների ընտանիքում։ 18 տարեկանում տեղափոխվել է Ժնև, յուրացրել քարերի ամրացման արվեստն ու սեփական արհեստանոցը բացել, որի պատվիրատուների թվում էին Ebel-ը և Cartier-ն։ Ոսկերչական իրերի հետ աշխատանքը նրան բերեց ժամացույցների իրանների ու թևնոցների արտադրության ոլորտ, ինչն էլ հիմք դարձավ Մյուլլերի հետ ծանոթության համար։ 1991 թվականին նրանք հիմնադրեցին մի ընկերություն, որը վերածվեց Franck Muller Group-ի։ Այցեքարտային մոդելը դարձավ Cintrée Curvex-ը՝ դաստակի կորությունը կրկնող իրանով։ Սիրմաքեսը դարձավ խմբի առանցքային ղեկավարներից մեկը՝ ժնևյան փոքրիկ արհեստանոցից հասնելով միջազգային ժամագործական բիզնեսի կառավարման բարձունքին։
Rolls-Royce՝ սեփական կանոններով. Նուբար Գյուլբենկյան

Ունևոր մարդկանց մեծ մասն ավտոմեքենա էր ընտրում կատալոգով, մինչդեռ Նուբար Գյուլբենկյանն սկսում էր սեփական էսքիզից։ Նավթային մագնատ, «Միստր Հինգ տոկոս» Գալուստ Գյուլբենկյանի որդին ծնվել է 1896 թվականին Կոստանդնուպոլսում, ժառանգել հսկայական կարողություն և հռչակվել իր էքստրավագանտությամբ, սրամտությամբ ու հարմարավետության հանդեպ յուրահատուկ պահանջկոտությամբ։ Ստանդարտ լուծումները նրան չէին հետաքրքրում։

Իր ավտոմեքենաների թափքերը նա պատվիրում էր բրիտանական Hooper և FLM Panelcraft ատելյեներում։ Առաջին աղմկահարույց նախագծերից մեկը դարձավ 1947 թվականի Rolls-Royce Silver Wraith-ը, որն ստացավ Pantechnicon մականունը. զանգվածեղ ձևերը, փակ անվակամարները և արտասովոր դիմային հատվածն այն նմանեցնում էին գիտաֆանտաստիկ ֆիլմի մեքենայի։ 1956 թվականին Ֆրանսիայի հարավ ուղևորվելու համար նա պատվիրեց ևս մեկ Silver Wraith՝ օրգանական ապակուց պատրաստված թափանցիկ տանիքով, օդորակիչով, էլեկտրական ապակեբարձիչներով, ստերեոհամակարգով և սրահի հետնամասում ներկառուցված հեռուստացույցով։

Ամենահայտնի դրվագը, սակայն, Rolls-Royce-ի հետ կապված չէ։ Գյուլբենկյանը լոնդոնյան Austin FX4 տաքսին վերափոխեց Brougham Sedanca-ի՝ մինիատյուրային լիմուզին-կառքի, որն ուներ դռների վերևում տեղադրված լապտերներ, թափքի հյուսածո տարրեր և շարժիչի ծածկոցին ամրացված Lalique արձանիկ։ Ուղևորի սրահը փակ էր ու շքեղ, իսկ վարորդի տեղը մնացել էր բաց։ Նուբարին դուր էր գալիս այն միտքը, որ վարորդը թրջվում է անձրևի տակ, մինչ ինքը վայելում է հարմարավետությունը։ Նրան են վերագրում հետևյալ խոսքերը. «Ես երբեք ինձ լիովին չոր չեմ զգում, քանի դեռ չեմ տեսնում, որ մեկ ուրիշը թրջվել է»։ Նրա Rolls-Royce-երից մեկի ուղևորային սրահում անգամ լրացուցիչ արագաչափ էին տեղադրել, որպեսզի տերը կարողանա անձամբ հետևել վարորդի արագությանը։

1965 թվականին լույս տեսավ նրա Pantaraxia ինքնակենսագրականը։ Նուբարը մահացավ 1972-ին, սակայն նրա մեքենաները մինչ օրս հայտնվում են աճուրդներում և մեծ հետաքրքրություն առաջացնում կոլեկցիոներների շրջանում։ Նա ավտոմոբիլային ընկերություն չհիմնեց և չմրցակցեց Rolls-Royce-ի հետ։ Նա պարզապես ցույց տվեց հարստության մյուս կողմը՝ նույնիսկ սերիական մոդելն իր տեսակի մեջ եզակի նմուշի վերածելու հնարավորությունը։ Այսօր դա անվանում են bespoke luxury, իսկ Գյուլբենկյանի համար դա սովորական առօրյա էր դեռ այդ եզրույթի ի հայտ գալուց շատ առաջ։
Schiaparelli-ի առաջին հաղթանակը կերտած ձեռքերը. Արուսյակ Միքայելյան
Բարձր նորաձևության պատմությունը սովորաբար ներկայացվում է դիզայներների և հավաքածուների միջոցով, սակայն խորհրդանշական իրերի հետևում հաճախ կանգնած են վարպետներ, որոնք չեն հայտնվում ամսագրերի շապիկներին։ Schiaparelli-ի պատմության մեջ այդպիսի վարպետ էր հայուհի Արուսյակ Միքայելյանը, որը Փարիզում հայտնի էր Mike անունով։

1927 թվականին Էլզա Սկիապարելլիի ուշադրությունը գրավեց սպիտակ ժապավենակապով սև սվիտերը, որի նախշն այնքան բնական էր թվում, ասես ժապավենը կապված լիներ հագուստի վրայից։ Այդ տեսողական պատրանքն ստեղծվում էր երկու գունավոր թելով գործելու տեխնիկայի շնորհիվ։ Սվիտերի հեղինակը հայ փախստական Արուսյակ Միքայելյանն էր։ Սկիապարելլին խնդրեց նրան իր էսքիզով պատրաստել սվիտերի նոր տարբերակը։ Տեխնիկան կոչվում էր Armenian stitch. հակադիր նախշը գործվում էր հենց գործվածքի մեջ, այլ ոչ թե ամրացվում պատրաստի կտորի վրա։ Ցանկալի արդյունքի հաջողվեց հասնել միայն երրորդ փորձից։
Երբ Սկիապարելլին այդ սվիտերով ներկայացավ բարձրաշխարհիկ մի ճաշկերույթի, արձագանքն ակնթարթային եղավ. ամերիկյան Strauss խանութի գնորդը միանգամից 40 սվիտեր պատվիրեց՝ կիսաշրջազգեստների հետ միասին։ Շրջանառու կապիտալ գրեթե չունեցող երիտասարդ նորաձևության տան համար դա գոյատևելու բացառիկ հնարավորություն էր։ Եվ այստեղ վճռորոշ եղավ հենց Միքայելյանի դերը. նա համախմբեց Փարիզի հայ գործող կանանց, որոնք համաձայնեցին աշխատել հետաձգված վճարման պայմանով, միայն թե իրենց թել տրամադրեն։ Կիսաշրջազգեստները կարեցին Galeries Lafayette-ի զեղչերից ձեռք բերված կտորից։ Պատվերը կատարեցին, ուղարկեցին Նյու Յորք և ընդամենը երեք շաբաթում ստացան գումարը։ Ավելի ուշ Սկիապարելլին խոստովանում էր, որ ինքը գործել չգիտեր, իսկ ձեղնահարկում թելերով նստած դիզայների կերպարը հեռու էր իրականությունից։ 1927 թվականի դեկտեմբերին սվիտերը հայտնվեց ամերիկյան Vogue-ի էջերին, որն այն անվանեց արվեստի գործ։ Բնօրինակը պահվում է Լոնդոնի Victoria and Albert Museum-ում, և թանգարանն այդ իրի պատմության մեջ ուղղակիորեն առանցքային է համարում Արուսյակ Միքայելյանի անունն ու գործելու հայկական տեխնիկան։ Սկիապարելլիի անունը մտավ haute couture-ի պատմության մեջ, իսկ վարպետը, որը կյանքի կոչեց նրա գաղափարը և համախմբեց հայրենակցուհիների թիմը, մնաց նորաձևության զանգվածային հիշողության սահմաններից դուրս։
Ճարմանդների արքան Լոնդոնից. Ռոբերտ Թաթեոսյանը և տղամարդկանց ոսկերչական շքեղությունը
Ճարմանդները տասնամյակներ շարունակ մնում էին տղամարդու զգեստապահարանի ամենաանփոփոխ տարրերից մեկը՝ կրկնակի թևքածալի ամրակ, որը սովորաբար լրացնում էր խիստ գործնական կոստյումը։ Ռոբերտ Թաթեոսյանը կոտրեց այդ կարծրատիպը, և այժմ նրան անվանում են King of Cufflinks՝ «ճարմանդների արքա»։ Նրա հիմնադրած լոնդոնյան Tateossian բրենդը հայտնի է ամբողջ աշխարհում։

Թաթեոսյանը ծնվել է Քուվեյթում՝ լիբանանա-պաղեստինա-հայկական ընտանիքում։ Հոր նախնիները սերում էին Ադանայից և Ցեղասպանությունից հետո հաստատվել էին Լիբանանում։ Նրա մանկությունն անցել է տարբեր երկրներում. սովորել է Հռոմի ֆրանսիական դպրոցներում, ապա՝ Wharton School of Business-ում և կարիերան սկսել ֆինանսական ոլորտում՝ աշխատելով Նյու Յորքի ու Լոնդոնի Merrill Lynch-ում։
1990 թվականին նա Լոնդոնում հիմնադրեց սեփական ընկերությունը։ Այն տարիներին ճարմանդների շուկան խիստ պահպանողական էր՝ ավանդական ձևեր և միացագրեր, գրեթե զուրկ դիզայներական լուծումներից։ Թաթեոսյանն այդ նիշայում մեծ ներուժ տեսավ։ Նրա ստեղծած ճարմանդներում հայտնվեցին աշխատող մեխանիզմով մինիատյուրային ժամացույցներ, կողմնացույցներ, պտտվող գլոբուսներ, իսկ առանձին հավաքածուներում՝ երկնաքարեր, դինոզավրերի քարացած մնացորդներ, կարբոն և թանկարժեք քարեր։ Սովորական ամրակը վերածվեց փոքրիկ մեխանիկական արվեստի գործի, որը կարելի է դիտարկել որպես կոլեկցիոն նմուշ։

Հետագայում տեսականին ընդլայնվեց՝ ներառելով ժամացույցներ, թևնոցներ, մատանիներ և վզնոցներ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց համար։ Բրենդը ներկայացված է հեղինակավոր հանրախանութներում, այդ թվում՝ լոնդոնյան Harrods-ում, իսկ աքսեսուարների անվանակարգում արտահանման ծավալների համար երեք անգամ արժանացել է British Export Award մրցանակի։
Հայկական թեման յուրովի է հնչում Armenian Heritage հավաքածուում, որտեղ ներկայացված են Տիգրան Մեծի ու Մեսրոպ Մաշտոցի դիմապատկերներով և հայկական եկեղեցական ճարտարապետության մոտիվներով ճարմանդներ։ Այսպիսով, նախկին ֆինանսիստը տղամարդկանց շքեղության շուկայում գտավ գրեթե ազատ մի տիրույթ և փոքրիկ աքսեսուարը վերածեց դիզայներական բիզնեսի ինքնուրույն ուղղության։