Հոր հետքերով. Առնոլդ Շվարցենեգերի ապօրինի որդին իր պրոֆեսիոնալ բոդիբիլդինգի դեբյուտն է կատարել  

11:18   9 նոյեմբերի, 2026

Առնոլդ Շվարցենեգերի որդին՝ Ջոզեֆ Բաենան, պաշտոնապես իր պրոֆեսիոնալ բոդիբիլդինգի դեբյուտն է կատարել՝ մասնակցելով Professional Natural Bodybuilding Association (PNBA) մրցույթին։

29-ամյա Բաենան, ով զարմացրել է երկրպագուներին իր տպավորիչ մարմնակազմությամբ, ուրբաթ օրը Էլ Սեգունդոյում (Կալիֆոռնիա) կայացած մրցաշարում զբաղեցրել է հինգերորդ տեղը Classic Physique Open անվանակարգում։

Իր ելույթից հետո մարզիկը Instagram-ում տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով իր մարզված մկանները և կատարելով տարբեր դիրքեր հանդիսատեսի ծափահարությունների ներքո։

«Առաջին անգամ PNBA World Cup–ում ցուցադրում եմ իմ դիրքերի ծրագիրը», - գրել է Բաենան։

Երկրպագուները ոգևորությամբ աջակցել են մարզիկին մեկնաբանություններում։ «Դու այսքան երկար ես աշխատել դրա վրա։ Դու կարող ես լինել այն հազվագյուտ հայտնի որդիներից մեկը, որոնք կգերազանցեն իրենց հայտնի հայրերին», - գրել է օգտատերերից մեկը։ «Դու գողացար շոուն։ Հիանալի աշխատանք, եղբայր։ Շնորհավորում եմ», - հավելել է մեկ ուրիշը։

Մեկ այլ մեկնաբան գովաբանել է Ջոզեֆին իր նպատակասլացության և անթերի ելույթի համար՝ նշելով, որ սա նրա մարզական ճանապարհորդության միայն սկիզբն է։

Չնայած այս մրցաշարը Բաենայի պրոֆեսիոնալ դեբյուտն է, նա արդեն ունի երեք մրցույթ։ Նա առաջին անգամ մրցութային ասպարեզում հայտնվել է մարտի 28-ին՝ մասնակցելով Դենվերում կայացած NPC Natural Colorado State մրցաշարին, որտեղ զբաղեցրել է մի քանի առաջին տեղեր։

Ապրիլի 4-ին մարզիկը մասնակցել է Կալիֆոռնիա նահանգի Կորոնա քաղաքում անցկացվող INBA Iron Gladiator մրցույթին։ Այնտեղ նա հաղթել է Classic Physique կատեգորիայում և ստացել է պրոֆեսիոնալ մարզիկի կոչումը։

Սկսնակ մարմնակազմիկին աջակցում է իր հայտնի հայրը՝ 79-ամյա Առնոլդ Շվարցենեգերը, որը 1970-1980 թվականներին յոթ անգամ նվաճել է «Պարոն Օլիմպիա» տիտղոսը։ Ջոզեֆը նախկինում ասել էր, որ հայրը ակտիվորեն աջակցում է իրեն մարզումների ժամանակ և կարևոր դեր է խաղում նրա մարզական զարգացման գործում։

Հիշեցնենք, որ Ջոզեֆ Բաենան «Տերմինատոր» ֆիլմի աստղի և ընտանիքի նախկին տնային տնտեսուհի Միլդրեդ Պատրիսիա Բաենայի ապօրինի որդին է։



© NEWS.am STYLE